Կառավարության ներկայացրած նախագիծը ուղիղ ապտակ է բուհի փխրուն ինքնավարությանը. պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը

– Տիկի՛ն Կոստանյան, կառավարությունը ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, և այսօր խորհրդարանում բավական բուռն էին քննարկումները: Թվում էր, թե դրական նախաձեռնություն է, բայց կարծես թե դուք դեմ եք այդ նախագծին:

– Այո՛, կան սկզբունքային հարցեր, որոնք այդ հսկայածավալ նախագծում շատ ավելի կարևոր ու անկյունաքարային են: Օրինագծում ներառված այդ խնդիրները բերելու են բուհական համակարգի հեղինակազրկմանը: 

– Ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ իմաստով կարող են հեղինակազրկել բուհերը:

– Օրինակ՝ մեծ խնդիր է, որ լիազոր մարմնի՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից միջամտություն է կատարվում բուհերի կառավարմանը: Բուհի հոգաբարձուների խորհրդի ինը անդամներից հինգին ներկայացնում, նշանակում է լիազոր մարմինը, այսինքն՝ նախարարությունը, իսկ չորսին՝ բուհը: 

Լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից ռեկտորի նշանակման դրույթը փոփոխվեց, և ռեկտորը ԿԳՄՍՆ-ի կողմից ուղիղ նշանակվելու է այն դեպքում, երբ բուհը նոր է ստեղծվել, վերակազմավորվել է կամ միաձուլվել: Իսկ մնացած դեպքերում կայանալու են ռեկտորի ընտրություններ: 

– Դա՞ է պատճառը, որ կարծում եք՝ բուհի ինքնավարությանը հարված է հասցվում:

– Այո՛, սա բուհի ինքնավարությանը հարված է, որովհետև Հայաստանում բուհական ինքնավարություն կոչվածը դեռևս շատ փխրուն է:

Մենք չպետք է մոռանանք, թե ինչ մեխանիզմով են բուհերը նախկինում ազդեցություն ունեցել քաղաքական իշխանությունների կողմից:

Մենք դեռ վերջին երկու և կես տարում քայլ առ քայլ փորձում էինք բուհական ինքնավարություն ունենալ: Եվ նման քայլով վերցնել, ուղիղ ապտակ հասցնել այդ փխրուն ինքնավարությանը վարչական միջամտության միջոցով, կարծում եմ՝ շատ ծայրահեղ է, լուրջ խնդիր է:

Իշխանությունները շահարկում են՝ ասելով, թե ռեկտորը վարչական պաշտոն է, կապ չունի ակադեմիական ազատությունների հետ: Բայց չպետք է մոռանանք, որ ռեկտորը ոչ միայն կառավարիչ է, այլ նաև ակադեմիական գործունեության շրջանակներում ապահովում է երկարաժամկետ գործունեության ռազմավարությունը: Բացի այդ, ռեկտորը հանդիսանում է նաև ակադեմիական խորհրդի նախագահ, հետևաբար ռեկտորը միայն վարչական պաշտոն չէ:

Միայն սա չէ խնդիրը, նաև տարիքային սահմանափակման հարց կա օրինագծում, երբ առաջարկվում է, որ 65 տարեկանից բարձր տարիք ունեցողները չլինեն ֆակուլտետների ամբիոնների վարիչ, սակայն ՀՀ Սահմանադրությամբ որևէ խտրականություն ընդունելի չէ: 

Մյուս խնդիրը, որ ես առանձնացնում եմ այս օրինագծում, ռոտացիոն համակարգի վերացումն է: Հիմա ինչպես է. ուսանողները, ենթադրենք՝ վճարովի հիմունքներով ընդունվում են համալսարան և ուսումնառության ժամանակ, երբ հնարավորություն են ունենում, տեղափոխվում են անվճար համակարգ: Փոխատեղման այս հնարավորությունը վերացվում է, և սա կարող է պատճառ դառնալ, որ ուսանողները կորցնեն իրենց սովորելու մոտիվացիան: Կարծում եմ՝ այս հարցը պետք է վերանայել:

Վերադառնալով բուհի ինքնավարության հարցին՝ նշեմ, որ բոլոնյան գործընթացի շրջանակներում Հայաստանը բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել բուհական ինքնավարության ամրագրման մասին, այս օրինագծով մենք մի կողմ ենք դնում մեր ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները:

– Տիկի՛ն Կոստանյան, իշխանական խմբակցությունից Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց, որ բուհական ինքնավարությանը հարված չի հասցվում, քանի որ այդ ինքնավարությունը սահմանվում է օրենքով, հետևաբար հակառակի մասին բոլոր պնդումները մանիպուլյացիա են, դեմագոգիա: 

– Պարոն Հայրապետյանը կարող է ցանկացած քննադատություն որպես մանիպուլյացիա որակել, բայց ես ձեզ շատ հստակ ներկայացրի, թե ինչու է ինքնավարությանը հարված հասցվում: Այն, ինչ ձեռք չի տալիս ընդունել, վերագրում են որպես մանիպուլյացիա:

– Դատելով ձեր ասածից՝ ստացվում է՝ ժամանակները չեն փոխվել, և կառավարությունը կարող է իր ցանկալի թեկնածուին ներկայացնել որպես բուհի հոգաբարձուների անդամ կամ ռեկտոր: Ճի՞շտ է:

– Միանշանակ: Այո, ես շատ լավ հասկանում եմ, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում բուհերում կուտակված խնդիրները, որոնք դարձել են քաղաքական մահակ և օրվա քաղաքական իշխանությունների ձեռքին, իբրև թե փորձ է արվում վերացնել: Բայց հակառակը՝ բրգաձև կառավարմամբ իրենք են իրենց ձեռքին կառավարելի դարձնում բուհը:

Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ այս իշխանությունները հավերժ չեն, և օրենքի այս դրույթներն այս տեսքով ընդունելու պարագայում հաջորդ իշխանությունների համար ևս հիանալի քաղաքական գործիք կլինի այս հնարավորությունը:

– Դուք ունե՞ք ձեր առաջարկությունները, պատրաստվո՞ւմ եք դրանք ներկայացնել, որովհետև ասվեց, որ պատրաստ են ընդունել խելամիտ առաջարկներ մինչև երկրորդ ընթերցում քննարկման ժամանակ: 

– Միանշանակ: Այն, ինչի մասին խոսել եմ ամբիոնից, բոլոր խնդրահարույց կետերի վերաբերյալ ունենք առաջարկություններ, որոնք իրենց հիմնավորումներով ներկայացնելու ենք երկշաբաթյա ընթացքում:

Դրանք ինքնանպատակ չեն, այսինքն՝ ես այս պահին չեմ կարդացել նախագիծը ու մտքիս եկած առաջարկները ներկայացրել: Ո՛չ, ես հանդիպումներ եմ ունեցել ակադեմիական շրջանակների հետ, և իմ առաջարկությունները երկարատև, միասնական աշխատանքի ու քննարկումների արդյունք են:

Նաև տեղյակ եմ, որ նախագծի փոփոխությունների շուրջ լիարժեք ներառական պրոցես չի ընթացել, քանի որ նույն ակադեմիական շրջանակները, ուսանողական խորհուրդները բազմաթիվ անգամ կապ են հաստատել ինձ հետ ու ներկայացրել օրինագծի վերաբերյալ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները: Մենք կներկայացնենք մեր առաջարկությունները և կտեսնենք՝ կընդունվե՞ն, թե՞ ոչ:

– Եվ գիտության մասին. պատերազմից հետո այս ոլորտի շուրջ քննարկումները շատ են ակտիվացել, և այդ համատեքստում իշխանական խմբակցությունում հույսեր ունեն այս օրինագծի հետ, և այնտեղից հնչում են տեսակետներ, որ այս օրինագծով գիտական ոլորտի համար մեծ հնարավորություններ են ստեղծվում: Իսկապե՞ս այդպես է:

– Բոլորովին այդպես չէ: Ասեմ՝ ինչու: Այս նախագիծը երբ գալիս էր բարձրագույն կրթության և գիտության վերնագրի ներքո, հիմնական կարմիր թելը, որ տանում էին իշխանության և կառավարության ներկայացուցիչները, այն էր, որ ասում էին՝ կրթությունը առանց գիտության լինել չի կարող, դրանք միմյանց հետ փոխկապակցված են:

Գիտության և կրթության համագործակցությունը, որը հետագայում կարող է բերել գիտական մտքի զարգացմանը, այս օրինագծում ապահովված չէ և շատ արհեստական բնույթ է կրում:

Նախագծի մեծ մասը վերաբերում է բարձրագույն կրթությանը, իսկ գիտության մասին շատ քիչ դրույթներ կան: Մի օրինակ բերեմ. կրթության երրորդ մակարդակում ինչպե՞ս է համագործակցությունը գիտական կենտրոնների հետ ապահովվելու, իրավական ի՞նչ նախադրյալներ են ստեղծվելու, որի հիման վրա հնարավոր կլիներ ունենալ հետևողական համագործակցություն:

Չկան նման իրավական հիմքեր այս օրինագծով: Այս փաստաթղթով ասվում է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները անկախանում են, բայց ոչ մի նախադրյալ չի ապահովվում բուհի ու այդ ինստիտուտների համագործակցության համար: Իսկ իրավական անորոշությունն էլ վկայում է, որ գիտության զարգացման մասին ճառերը կենացային մակարդակում են մնացել: 

Նախագծի անհրաժեշտությունը կար իհարկե, մեծ հաշվով այն նույնիսկ լավն է, ավելին, սպասումներ կան, որ մեծ փոփոխություններ կարող է այն բերել, բայց կան սկզբունքային խնդիրներ, որոնք թույլ չեն տա վերացնել համակարգային, հայեցակարգային խնդիրները, և արդյունքում կարող է ստացվել հատվածական կարգավորում: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am