Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

Հեղինակ MediaLab

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների իր ամենամեծ զավակներից մեկին: Այլևս մեզ հետ չէ տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը։

Արմեն Ջիգարխանյանը մարդկային ու դերասանական յուրահատուկ տեսակ էր, ով ինքնատիպ միջավայր էր ստեղծում նաև իր շուրջը՝ կինոյում, թատրոնում և մարդկային հարաբերություններում։

Սերելով հայկական դերասանական դպրոցից և իր անմոռաց դերերով հարստացնելով հայ թատրոնն ու կինոն՝ հետագայում Ջիգարխանյանն իր դերասանական ինքնատիպ արվեստանոցը ձևավորեց ռուսական մշակույթի սահմաններում՝ դառնալով խորհրդային, այնուհետև ռուսական կինոյի հայտնի դեմքերից մեկը, միաժամանակ, հիմնադրելով ու մինչև կյանքի վերջ ղեկավարելով Մոսկվայի դրամատիկական թատրոնը։

Ջիգարխանյան դերասանի, ռեժիսորի, մշակութային գործչի ու մարդկային տեսակի մահը մեծ կորուստ է ինչպես հայ և ռուսական, այնպես էլ համաշխարհային կինոյի ու թատերական աշխարհի համար։

Խորապես սգում եմ մեր տաղանդավոր հայրենակցի մահը։

Վշտակցության ու մխիթարանքի խոսքերս եմ հղում նրա ընտանիքին և հարազատներին, գործընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին»: