«Թղթե շերեփն ու երկաթյա տրամաբանությունը, կամ ինչպես չուշանալ պատմության կրկնությունից». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը գրում է.

«Թղթե շերեփն ու երկաթյա տրամաբանությունը, կամ ինչպես չուշանալ պատմության կրկնությունից

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը տակավին չի ավարտվել․ այն շարունակվում է այլ կերպ ու այլ ուղղություններով, ուստի վաղ է դրա վերջնարդյունքների ու հետևանքների մասին դատողություններ անել։

Առջևում Արցախի կարգավիճակի ու սահմանների հարցի քննարկումներն են, որոնք պետք է ընթանան ներքաղաքական կյանքի կայունացման ու ուժեղ նոր իշխանություն ունենալու պայմաններում։

Այլապես կկրկնենք պատմական այն սխալները, որոնց հետևանքով հարյուր տարի առաջ կորցրեցինք Կարսի մարզը, Նախիջևանը և Արցախը։

Հիշեցնեմ, մեր դեմ պատերազմ վարեցին Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ի անդամ պետություն հանդիսացող Թուրքիան, իր զինուժով, գեներալներով, սպառազինությամբ ու ահաբեկիչներով․․․

Դա արվեց Արևմուտքի՝ քաջալերանքի նմանվող լռության պայմաններում։ Նույն այն Արևմուտքի, որից օգնություն էինք ակնկալում 1920 թ․ և միամտաբար սպասում էինք, որ սկուտեղի վրա մեզ կմատուցեն Սևրի սահմաններով Հայաստանը։ Այսօր այդ Արևմուտքը լռությամբ և իր դաշնակցի միջոցով փաստացի միացավ Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծված պատերազմին։

1920 թ․ ապրիլի 28-ին բոլշևիկյան զորքերը մեկ օրում գրավեցին Բաքուն և խորհրդայնացրեցին Ադրբեջանը։ Մենք յոթ ամիս սպասեցինք Արևմուտքի աջակցությանը և քաղաքական կարճատեսություն ցուցաբերելով ու ճիշտ չկողմնորոշվելով կորցրեցինք Կարսը, Նախիջևանը և Արցախը։

44 օր տևած արցախյան հերոսական դիմադրությունը խափանել է Հայաստանի Հանրապետության և Արցախի համար խիստ վտանգավոր մի ծրագիր, այն է «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարախոսության իրագործման առաջին արարը։ Կրկնում եմ, սա դեռ առաջին արարն էր, առաջին փորձը՝ մոտ ապագայում «Մեկ ազգ, մեկ պետություն» կարգախոսով հանդես գալու համար։

Այսօր Հայաստանի դաշնակից Ռուսաստանի զինուժը Հայաստանի տարածքից է մտել Արցախ ու Ադրբեջան և այդ կերպ կրկին խարսխվել է թրքական ազդեցության տակ հայտնված Ադրբեջանում։ Սա ժամանակավոր խարսխում չի և մոտակա ժամանակներում կտեսնենք կամ Ադրբեջանի լիակատար ապաթրքացում և վերադարձ Ռուսաստանի ազդեցության գոտի, կամ բացահայտ ընդդիմացում Մոսկվայի այդ քայլերին, որոնք ծանր կնստեն Բաքվի վրա։

Ստեղծված իրավիճակում պետք է արագ վերադասավորվել ու մեր ջանքերն ուղղել հետևյալ հիմնական ուղղություններով․

ա․ Ներքաղաքական ճգնաժամի հաղթահարում և Ազգային համերաշծության կառավարության կազմում, որում պետք է ընդգրկվեն ապաքաղաքական կարող ուժեր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։

բ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Արցախի կարգավիճակի ու սահմանների ճշգրտում։ Հատուկ ջանքեր պետք է գործադրվեն Արցախին հարակից գոտիները ապառազմականացնելու համար և ռուսական ուժերի հետ լուրջ աշխատանք պետք է տանել այս ուղղությամբ։

գ․ խորացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական համագործակցության մակարդակը և բանակցություններ սկսել նոր որակի հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։

Այո, պատմությունը սիրում է կրկնվել։ Կրկնվելուց զատ այն սիրում է նաև պատժել հենց այդ պատմությունից դասեր չքաղելու համար։ Հապաղելն ու սխալ կողմնորոշվելը ճակատագրական կարող է լինել մեր պետության ու ազգի հետագա գոյության համար․․․»։