«Հայաստանն ուղղակի չի կարող անտեսել Ռուսաստանի դիրքորոշումը, իսկ անտեսել նշանակում է գնալ նոր փորձանքների ու նոր զոհերի». Գարիկ Քեռյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

– Պարո՛ն Քեռյան, դեկտեմբերի 7-ին նախատեսված բրյուսելյան հանդիպումը, գոնե այս պահի դրությամբ, չի կայանալու, որովհետև Ադրբեջանի ղեկավարը համաձայն չէ, որ այդ հանդիպմանը ներկա լինի նաև Ֆրանսիայի նախագահը, ինչպես պնդել է ՀՀ վարչապետը։ Հակամարտության կարգավորման գործընթացում ի՞նչ զարգացումներ են ընթանում։

– Նորություն ասած չեմ լինի, որ մի քանի տասնամյակ, սկսած այն ժամանակից, երբ Թուրքիան դիմեց Եվրամիության անդամ դառնալու համար, ու երկարատև բանակցություններ էին գնում, իսկ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությունը արգելափակել էր Ֆրանսիան, նա ունի հստակ սառը վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ, ու դա հիմա պրոյեկտվում է նաև Ադրբեջանի վրա։ 

Հիշենք, որ նախորդ 26 տարվա բանակցային գործընթացում Ադրբեջանը միշտ մեղադրում էր Ֆրանսիային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում Հայաստանին հովանավորելու համար։ Հիմա Ֆրանսիայի պրոհայկական դիրքորոշումը շատ հստակ է երևում, հատկապես 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացներում ու նաև այն բանում, որ Ֆրանսիան առավել կոշտ դիրքորոշում դրսևորեց Ադրբեջանի նկատմամբ, հատկապես սեպտեմբերյան իրադարձություններից հետո։ 

Ավելացնեմ ևս երկու հանգամանք՝ Մակրոնի ելույթը Ֆրանսիայի հեռուստատեսությամբ, որտեղ նրա գլխավերևում ցուցադրված էր Հայաստանի ու Ղարաբաղի քարտեզը, ու նա բացահայտ հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստանին մենակ չի թողնի։ Իսկ վերջին շտրիխը Ֆրանսիայի Սենատի որոշումն էր, որում խոսվում է Արցախի ճանաչման հնարավորության, Հայաստանին աջակցության ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ 

Եվրոպայի քաղաքական տուն նախաձեռնության ժամանակ տեղի ունեցավ հանդիպում, որտեղ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հետ միասին մասնակցում էին նաև Էրդողանն ու Մակրոնը։ Ես ենթադրում եմ, որ այդտեղ որոշակի խոսակցություններ են եղել, կամ ադրբեջանական կողմը զգացել է, որ Ֆրանսիան, այնուամենայնիվ, իր խոսքի տերն է ու Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերում է։ 

Հասկանալով այս ամենն ու նաև այն պայմանավորվածությունները, որոնք եղել են վարչապետ Փաշինյանի ու Մակրոնի հանդիպումների ժամանակ, Հայաստանն իրավացիորեն գտնում է, որ բրյուսելյան հարթակում պետք է լինի նաև Մակրոնի ներկայությունը։ 

«Արդարացի դիրքորոշում» ունի նաև Ալիևը, որն իսկապես անհանգստացած է, որ Մակրոնի ներկայությունը կարող է ամրապնդել Հայաստանի դիրքերը բրյուսելյան հարթակում, բնականաբար հրաժարվում է մասնակցել։ 

Այստեղ մեկ այլ գործոն էլ կա, որը վրիպում է մեր փորձագիտական դաշտի ուշադրությունից․ այս ամենը տեղի ունեցավ ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովից հետո, երբ Պուտինն այցելեց Հայաստան, ու ոչ հրապարակային բանակցություններ տեղի ունեցան՝ սկսած օդանավակայանի ճանապարհից մինչև հյուրանոց՝ մեքենայի մեջ, հետո նաև առանձին հանդիպումները։ 

Ի՞նչ կարող էին խոսել՝ կախված բրյուսելյան հարթակի հետ, քանի որ այսօր դե ֆակտո Եվրոպական միությունն ու նրա առաջատար երկիր Ֆրանսիան փաստացի պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ ուկրաինական ճակատում, Ռուսաստանի համար ցանկալի չէ, որ հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական գործընթացում ընդգրկված լինեն արևմտյան հարթակները՝ և՛ բրյուսելյան, և՛ վաշինգտոնյան։ 

Իսկ այսպիսի ծանր իրավիճակում, երբ Հայաստանը էներգետիկ ու անվտանգային առումներով կախված է Ռուսաստանից, ուղղակի չի կարող անտեսել Ռուսաստանի դիրքորոշումը, իսկ անտեսել՝ նշանակում է գնալ նոր փորձանքների ու նոր զոհերի։ 

Հավանաբար, որպեսզի ռուսական կողմին չհակադրվեր ու չնեղացներ, Հայաստանը ևս պետք է աստիճանաբար, եթե իրական քաղաքականությամբ է առաջնորդվում, ոչ թե վիրտուալ, աշխատի ձերբազատվել բրյուսելյան հարթակից, որովհետև դա Հայաստանին թողնում է միայնակ ընդդեմ ռուսական ու ադրբեջանական դիրքորոշման, որոնք այսօր համընկնում են։ 

Այս ամենը նկատի ունենալով՝ հասկանալի է, թե ինչու չի կայանում դեկտեմբերի 7-ի հանդիպումը, չնայած Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խնդիրների կարգավորման հարցում։

– Ճի՞շտ եմ ձեզ հասկանում, որ այդ նախապայմանը Նիկոլ Փաշինյանը որպես միջոց է օգտագործել, որ, ձեր ասած՝ աստիճանաբար հրաժարվի բրյուսելյան հարթակից, շատ լավ իմանալով, որ Իլհամ Ալիևը այդ պարագայում կհրաժարվեր հանդիպումից։

– Համոզված չեմ կարող ասել, բայց հնարավոր է, որ Փաշինյանն էլ է կանխազգում այն վտանգները, որոնց մասին ասացի, ինչ-որ մի տեղ վարանում է։ Հնարավոր է, բայց ստացվել է այնպես, որ հանդիպման կայացման համար կողմերի պայմանները ուղղակիորեն չեն համընկնում։ Առերևույթ սա է երևում, բայց կարող է այդ պահանջի հետևում թաքնված լինել հենց ռուսական գործոնը, որը չի ցանկանում Արևմուտքին թողնել, որ մասնակցի տարածաշրջանային զարգացումներին։

– Հարցի կարգավորման համար հիմա արևմտյան հարթակները, ըստ էության, դադարո՞ւմ են գոյություն ունենալ, մնում է միայն ռուսակա՞ն հարթակը, պարո՛ն Քեռյան։

– Ճիշտն ասած, ես՝ որպես փորձագետ, որպես իրական իրողությունները հաշվի առնող մարդ, կարող եմ ասել, որ այդ արևմտյան հարթակները, ըստ էության, չեն էլ եղել, փորձել են կայանալ՝ չի ստացվել, որովհետև մասնակցության համար անհրաժեշտ են ազդեցության լծակներ Թուրքիայի վրա, որովհետև Ադրբեջանն այսօր Թուրքիայի հետ հանդես է գալիս որպես մեկ քաղաքական ուժ, իսկ Արևմուտքն այսօր չունի այդ լծակները, նույնիսկ ԱՄՆ-ն չունի։ 

Էրդողանն այսօր ինքնուրույն ուժային կենտրոն է, ու իր համար ոչինչ նշանակություն չունի, եթե հարցը վերաբերում է թուրք-ադրբեջանական ազգային շահերին։ Սիրիայում վերջին իրադարձությունները հենց դա են ցույց տալիս, որ նա ցանկացած պահի արհամարհում է և՛ Վաշինգտոնին, և՛ Մոսկվային։ 

Ինչպե՞ս կարող էր կայանալ արևմտյան հարթակը, եթե ազդեցություն չունի Թուրքիայի վրա, Ադրբեջանն անում է այն, ինչ թելադրում են Անկարայից, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի վրա Ռուսաստանն այսօր և՛ ազդեցության լծակներ ունի, և՛ միաժամանակ Ռուսաստանն ամբողջությամբ ձգտում է ավելի լայն ձևաչափով պահպանել համագործակցությունը, որպեսզի պաշտպանվի արևմտյան պատժամիջոցներից։ 

Բացի այս, այսօր Ռուսաստանն է, որ Հայաստանում ունի ռազմակայաններ, նրա զորքերն են կանգնած և՛ Արցախում, և՛ հայ-թուրքական սահմանին։ Ռուսաստանն է միակ ուժը, որ պահում է Արցախը էթնիկական զտումներից։ Այս ամենը հաշվի չառնել ու տարվել արևմտյան հարթակներից հնչող գեղեցիկ հայտարարություններով՝ իհարկե լուրջ չէ․ իրական քաղաքականությունն այլ է, որտեղ ուժ՝ այնտեղ քաղաքականություն, մնացածն ունայնություն է։ Ես իհարկե չեմ թերագնահատում այն գործը, որն անում է Ֆրանսիան՝ Մակրոնը, Հայաստանի համար, փառք իրենց, բայց քաղաքականության մեջ էական են ուժն ու ազդեցության լծակները։

– Իսկ ռուսական միջնորդությունն ի՞նչ էական արդյունքներ է տալու Հայաստանին, որովհետև արևմտամետ ուժերն էլ հենց ՀԱՊԿ-ի օրինակով ասում են, որ այնտեղ ավելի շատ Ադրբեջանի շահերն առաջ տանող պետություններ են, ու մենք արդյունք չենք տեսնում։

– Այդտեղ կա ճշմարտություն, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան, իմ նշած պատճառներով, կարևոր գործոն են Ռուսաստանի համար, ու նրանք այսօր Հայաստանից ավելի կարևոր գործընկեր են։ Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը չի կարող անտեսել այս հանգամանքը, եթե Ռուսաստանի գլխավոր քաղաքական գիծը հետխորհրդային տարածքում ազդեցության վերականգնումն է, ինչպե՞ս կարող է կանգնել ու 100%-ով պաշտպանել Հայաստանի շահերը, դրանով վանել իրենից Ադրբեջանին ու Թուրքիային, դա իր ազգային շահերին դեմ է։ 

Ռուսաստանը փորձում է գտնել ոսկե միջինը․ չկորցնել Հայաստանը՝ որպես ռազմաքաղաքական դաշնակից ու միաժամանակ պահպանել ազդեցությունը թուրք-ադրբեջանական կողմի վրա։ Իրողությունը սա է, այս առումով մեզ համար որոշակի դիսկոմֆորտ կա, բայց ուրիշ ելք մենք չունենք, չկա այլ անվտանգային միջավայր, որտեղ մենք լիակատար պաշտպանություն կգտնենք։ 

– Պարո՛ն Քեռյան, որոշ վերլուծաբաններ ասում են, որ կողմերը, սրելով իրավիճակը, հատկապես Ադրբեջանը, զարգացումները տանում է ռազմական նոր էսկալացիայի ճանապարհով, համակարծի՞ք եք։

– Այո՛, Ադրբեջանն իսկապես ձգտում է ղարաբաղյան երրորդ պատերազմին, որը վերջնականապես կլուծի բոլոր հարցերը՝ վերջնականապես հայաթափել Արցախն ու գրավել Սյունիքը։ Ադրբեջանի ստրատեգիան սա է, հենց այս հանգամանքն էլ մեզ ստիպում է առավելագույնս սթափ լինել ու հենվել ռուսական կողմի աջակցության վրա։ Նույնիսկ Իրանի հայանպաստ դիրքորոշումը, որն իհարկե կարևոր է, չի կարող փոխարինել Ռուսաստանի աջակցությանը։ Եթե մենք ուզում ենք կանխել ադրբեջանական այս պլանը, դա պետք է արվի Ռուսաստանի միջոցով, այլ ելք ուղղակի չկա։ 

– Ռուսաստանի միջոցով կկարողանա՞նք կանխել։

– Մինչև հիմա ո՞ւմ միջոցով ենք կանխել։ 15 րոպե կտևի Ստեփանակերտի գրավումն ադրբեջանցիների կողմից, երևի մեկ օր էլ՝ Սյունիքի գրավումը։ Հիմա ինչո՞ւ դա տեղի չի ունենում, որովհետև Ղարաբաղում ռուսական խաղաղապահներն են, իսկ հայ-թուրքական սահմանին ռուսական սահմանապահներն են։ Ռուսաստանն էլ, համոզված եմ, անդրկուլիսյան ճնշումներով զսպում է Ալիևի նվաճողական ձգտումները։ Միակ զսպող ուժը Ռուսաստանն է, սա ուղղակի խոսք չէ, իրականությունն է ցույց տալիս դա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am