Ջանք չենք խնայելու Արցախի բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ. Պապիկյան

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Արցախի գործընկերներին աջակցելու է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ավերված բնակավայրերը վերականգնելու և այդ տեղերում կյանքը կրկին աշխուժացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Արցախի Հանրապետության գործընկերների թիկունքին ու ջանք ու եռանդ չենք խնայելու մեր բնակավայրերը վերականգնելու և այնտեղ կրկին կյանքն աշխուժացնելու ուղղությամբ»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նաև նշեց, որ պատերազմի առաջին տասնօրյակում Հայաստանում կապիտալ շինարարության տեմպերը որոշակիորեն ընկել էին, սակայն հետագայում հնարավոր է եղել վերականգնել դրանք, ինչի հետևանքով կապիտալ շինարարության ոլորտում լուրջ խնդիրներ չեն առաջացել: