Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

Նոյեմբերի 21-ին, ժամը 09:17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարազդատ Ս․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 45 մետր). առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: