«Դատական ու դատախազական համակարգը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ձեռքերում է, և նրանք փորձում են տեռորիստական ակտեր կազմակերպել». Ժաննա Ալեքսանյան

«Դատական ու դատախազական համակարգը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ձեռքերում է, և նրանք փորձում են տեռորիստական ակտեր կազմակերպել». Ժաննա Ալեքսանյան
«Դատական ու դատախազական համակարգը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ձեռքերում է, և նրանք փորձում են տեռորիստական ակտեր կազմակերպել». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

– Տիկին Ալեքսանյան, այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ մի կողմից տեսնում ենք կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մյուս կողմից՝ դատական ու դատախազական համակարգ, որը լրիվ հակառակ գործողությունների ընթացքն է բռնել։ Սա վտանգավո՞ր չէ։

– Եթե հիշենք, որ 2 օր առաջ գլխավոր դատախազն էլ հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, դատական համակարգը, դատական իշխանությունը դեռևս գտնվում են Սերժ Սարգսյանի ձեռքում, որովհետև իր մարդիկ են, իրեն են նվիրված։ Գլխավոր դատախազը նույնիսկ Անդրիաս Ղուկասյանի ազատ արձակման հետ կապված ասաց՝ չգիտի, ինչ որոշում է փոխվել։

Այսինքն՝ նա պնդում է իր մեղադրանքը։ Ստացվում է, որ նա չի առաջարկել, որ խափանման միջոցը փոխվի։ Այսինքն՝ նա ուզում էր ասել, որ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը հիմնավոր է, և ինքը չէ, որ հրաժարվում է դրանից։ Նա ոչ թե փորձեց այս նոր իրողությունների համատեքստում արտահայտվել և ցույց տալ, որ պատրաստակամ է ինչ-որ բան փոխելու, այլ նորից շարունակեց իրենը պնդել։ Սա այն քիչ դիմադրությունն է, որ ՀՀԿ-ն փորձում է իր դրածոների միջոցով շահեր ունենալ։

Ես կարծում եմ, որ սա ընդամենը ժամանակի հարց է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնի այդ հարցերի լուծումները, այդ թվում նաև՝ գլխավոր դատախազին հեռացմնելու առումով։ Գլխավոր դատախազը կարող էր այլ հայտարարություններ անել, որ պատրաստ է աշխատելու նոր վարչապետի հետ, պատրաստ է շտկելու այն սխալները, որոնք թույլ են տրվել, ասենք, ինչպես խոսում է Օսիպյանը։ Հիմա դեռ դատական ու դատախազական համակարգը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ձեռքերում է, և նրանք փորձում են, պատկերավոր ասած, փոքրիկ տեռորիստական ակտեր կազմակերպել։

– Դատախազը նաև հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այլ կարծիքի է։ Փաստորեն այդ պաշտոնյաները մնացել են նախկին իշխանությունների ազդեցության տիրույթո՞ւմ։

– Նախ արձանագրենք, որ նախկինում չէր կարող նման բան լինել, որ վարչապետը հայտարարեր քաղբանտարկյալների մասին, իսկ գլխավոր դատախազը ժխտեր նրանց գոյությունը։ Սա ծայրահեղություն է և ցույց է տալիս այդ համակարգերի բախումը։ Ինձ շատ է զարմացնում, որ գլխավոր դատախազը, լինելով երիտասարդ, գերադասում է ճահիճը՝ ՀՀԿ-ն։ Սա չի կարող երկար շարունակվել։ Կարծում եմ, որ իրավական տեսանկյունից ևս կարելի է լուծումներ գտնել, դա իրավաբանները կասեն։ Այնպես որ, գլխավոր դատախազի նման տեքստերը չեն կարող երկար շարունակվել։ Կարծում եմ՝ լուծումը կգտնվի։

– Արդեն 2 օր է՝ քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են՝ սկսած Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտից մինչև քաղաքապետարան ու ճանապարհների փակում։ Մի տեսակ քաոսի չի՞ վերածվում այս ամենը։ Սա լա՞վ է, թե՞ վատ է։

– Մարդիկ տարիներ շարունակ ունեցել են այդ բողոքները, նրանց չեն լսել, ու հիմա նրանք ուզում են լսված լինել։ Եթե կարողանան զուտ վարչական, կազմակերպչական առումով այդ ամենը տեղավորել, ես չեմ կարծում, թե դա քաոսի կվերածվի։ Ես արդեն տեսա, որ կառավարության անդամներին հաջողվում է ընդունել ու գոհացնել մարդկանց։ Այո, սա Նոր Հայաստան է, որտեղ մարդիկ բան ունեն ասելու, չեմ կարծում, թե դա քաոսային է։ Բոլոր դեպքերում, վստահ եմ, որ ՀՀԿ-ականները չեն հաջողելու, նրանք Հայաստանը կործանել էին, հասցրել անդունդի եզր ու արդեն գլորում էին փոսը։ Այնպես որ, նրանց նենգ խաղերը ոչ մի կերպ չեն անցնելու, որովհետև մի ամբողջ ժողովուրդ է ոտքի կանգնել, աջակցում է Նիկոլ Փաշինյանին։

Մանե Հարությունյան

MediaLab.am