«Իշխանությունը պետք է բացի բոլոր խաղաքարտերը, հակառակ դեպքում անհնազանդության ակցիաներ ենք սկսելու». Դավիթ Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է 5165 շարժման մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, օրեր առաջ ձեր քաղաքական ուժը զգուշացրել էր գործող իշխանությանը, որ քաղաքական այլ ուժերի հետ պատրաստվում եք անհնազանդության ակցիաներ իրականացնել: Ի՞նչ նպատակով են արվելու այդ ակցիաները:

– Նախևառաջ անհասկանալի է, թե կառավարությունը խաղաղության ի՞նչ օրակարգ է առաջ բերել, դրա մասին անընդհատ խոսում են, բայց մենք, ըստ էության, չգիտենք, թե ո՞րն է լինելու դրա գինը: Գուցե այդ խաղաղության գինը իսկապես այդ միջանցք կոչվածի բացման ու անկլավների հանձնման հաշվի՞ն է լինելու: Հստակ պատասխաններ պետք է ստանանք՝ հասկանալու համար, թե ո՞ւր է գնում պետությունը:

Ի վերջո, սա ոչ միայն իշխանության պետությունն է, և ոչ էլ Նիկոլ Փաշինյանը միայն իրեն ընտրած քաղաքացիների վարչապետն է, այլ նաև ընդդիմադիրների, ու հնչեցված հարցերի պատասխանները պետք է տրվեն: Հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր դրան, որ մենք պետք է ստանանք պատասխաններ, ու այն բաց և թափանցիկ աշխատանքը, որ խոստացել է իշխանությունը, մինչ օրս չենք տեսնում:

Իշխանության կողմից իրականացվող արտաքին ու ներքին քաղաքականության տեղեկատվության պակաս կա, և եթե այդ բացը շուտով չլրացվի, և մենք ու հանրությունը չստանանք պատասխաններ, պետք է ստիպված լինենք անհնազանդության ակցիաներ իրականացնել:

Այսինքն՝ դեռ հստակ չէ՞, թե երբ եք սկսում այդ ակցիաները, սպասում եք իշխանության արձագանքի՞ն:

– Որոշակի քայլեր իրականացնելու ենք, որոնք չեն տեղավորվելու անհնազանդության ակցիաների շրջանակներում՝ իշխանությունից պատասխաններ ստանալու համար: Երբ այդ պատասխանները չհնչեն, մենք արդեն այլ մտահոգ քաղաքական ուժերի հետ փորձելու ենք այլ միջոցներով ստանալ այդ պատասխանները, որոնք իշխանությունը ամենօրյա ռեժիմով պետք է փոխանցի, թե ինչ օրակարգով ենք գնում խաղաղության, և ո՞րն է դրա գինը:

 – Իսկ ինչու՞ իշխանությունը ամենօրյա ռեժիմով, ինչպես ասում եք, չի տեղեկացնում հանրությանը, պարո՛ն Գրիգորյան:

– Ամենամեծ հարցերից է, որի պատասխանը ևս չկա, և տպավորություն է ստեղծվում, որ տեղի են ունենում գործընթացներ, որոնց մասին եթե լայն հասարակությունը խորքային տեղեկություն ունենա, գուցե իրավիճակը լարվի, բայց այն, որ ինչ-որ գործընթացներ ընթանում են ամենօրյա ռեժիմով, և մենք միայն տեսնում ենք մամուլի կարճ հաղորդագրություններ այդ մասին, փաստ է, որը թիվ մեկ խնդիրն է այսօր:

Քաղաքական ո՞ր ուժերն են պատրաստ միանալ ձեր շարժմանը և համատեղ անցկացնել անհնազանդության ակցիաներ:

– Արդեն ազդակներ ստացել ենք մի շարք քաղաքական ուժերից, բայց անունները չեմ ասի այն ուժերի, որոնք պատրաստակամություն են հայտնել այդ օրակարգի շուրջ միավորվել ու հասնել նրան, որ իշխանությունը բաց խոսի, թե ի՞նչ է բանակցում, և ի՞նչ է սպասում մեզ:

Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կստանանք պատասխաններ, բայց եթե իշխանությունը շարունակի փակ գործելաոճով աշխատել, գալու է պահ, որ ոչ միայն մենք, այլև հայրենիքի արժեքն իրապես գնահատող բոլոր քաղաքական ուժերը հանգելու են նրան, որ անհնազանդության ակցիաները պետք է լինեն, մինչև իշխանությունները չբացեն խաղաքարտերը, և հանրությունը չիմանա՝ ինչ է տեղի ունենում իր մեջքի հետևում:

Պարո՛ն Գրիգորյան, ճի՞շտ հասկացա, որ իշխանությանը որոշակի ժամանակ եք տվել: Ի՞նչ ձևով եք տեղեկացրել նրանց, որ ավելի թափանցիկ գործեն, թե՞ դեռ չեք տեղեկացրել:

– Շուտով տարբեր մեխանիզմներով, դրանք արդեն կան և շուտով բոլորն ականատես կլինեն դրանց: Բայց սկզբնական փուլում անելու ենք ամեն բան, որ իշխանությունը ինքնակամ այդ տեղեկատվությունը բաց տրամադրի:

Եթե հասկանանք, որ ամեն բան գնում է ավելի թաքցնելու ուղղությամբ, այդ դեպքում մեր համագործակցությանն արձագանքած քաղաքական ուժերի հետ կփորձենք իրականացնել տարաբնույթ ակցիաներ, որոնք միտված կլինեն այդ տեղեկատվության բաց լինելուն:

Կարո՞ղ ենք փաստել, որ 5165 շարժման նպատակը ոչ թե իշխանության հեռացումն է, այլ՝ նրանց բաց ու թափանցիկ աշխատելը:

– Ամեն բան կախված է լինելու, թե ինչ է տեղի ունենում բոլորի մեջքի հետևում, այսինքն՝ գործողությունների ընթացքն է ցույց տալու, թե որն է լինելու վերջնական նպատակը:

Պարո՛ն Գրիգորյան, նոյեմբերի 9-ից հետո ականատես եղանք ամիսներ տևած անհնազանդության ակցիաների, որոնք ապարդյուն անցան: Ի՞նչ երաշխիք ունեք, որ ձեր կողմից կանխատեսվող փողոցային անհնազանդության ակցիաները նույն արդյունքը ցույց չեն տա:

– Հանրությունը վաղ թե ուշ պահանջելու է բաց տեղեկատվություն, ու եթե մարդիկ անորոշության մեջ են ապրում, վաղ թե ուշ այդ էներգիան ինչ-որ կերպ պոռթկալու է: Երբ դու անորոշության մեջ ես ապրում, անդադար պայքարում ես այդ անորոշությունը տեղեկատվությամբ ծածկելու համար, և երբ այդ ճանապարհները փակվում են քո առաջ, այո՛, դա դառնում է ցասում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am