Ընթացքի մեջ են արցախցիներին աջակցության 2 ծրագրերը, առաջիկայում կընդունվի ևս մեկը՝ բնակարանից զրկված քաղաքացիների համար

Հեղինակ MediaLab

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է Արցախի մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերին և խնդրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին մանրամասներ ներկայացնել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը զեկուցել է, որ արցախահայության աջակցության մասով այս պահին կա 2 հաստատված միջոցառում: «Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ոնեցող քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68.000 դրամի չափով:

Այս պահի դրությամբ արդեն մոտ 30.000 քաղաքացի ունի հաստատված դիմում, և այսօրվանից արդեն վճարումները «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի բաժանմունքների միջոցով կիրականացվեն: Համաճարակային կանխարգելման կանոնները պահելու նպատակով մենք այսօրվանից սկսել ենք փոքր խմբերով. մոտ 3000 քաղաքացի առաջին օրը կստանա, հետագայում արդեն, հերթերի իրավիճակը հասկանալով, հնարավոր է ավելի շատ քաղաքացիների յուրաքանչյուր օր տրամադրենք:

Դիմումների հոսքը շարունակվում է, մեր գնահատականներով՝ այս միջոցառման շահառու կարող է հանդիսանալ մինչև 94.000 քաղաքացի:

Երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ում բնակավայրերն այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 300.000 դրամի չափով:

Արդեն հաջորդ շաբաթվանից քաղաքացիները կսկսեն դիմումները էլեկտրոնային տարբերակով ներկայացնել, և 1-2 օրվա ընթացքում յուրաքանչյուր դիմումից հետո նաև կսկսվի այդ գումարների վճարումը:

Այս 2 միջոցառումն է հաստատված, նաև քննարկվում է մի քանի միջոցառում: Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր այս պահին, իրենց բնակավայրերը կորցնելով պայմանավորված, իրենց կեցությունն առաջիկա ամիսներին կանցկացնեն Հայաստանում, նաև որոշակի ծախսերի փոխհատուցման մեխանիզմ կունենան»:

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու միջոցառումների շահառու են ոչ թե ընտանիքները, այլ անձինք: «Այսինքն՝ նույն ընտանիքից մի քանի հոգի ընդունված 2 միջոցառումներով կարող են հանդիսանալ միջոցառման շահառու: Մենք քննարկում ենք և առաջիկայում կընդունենք միջոցառում՝ բնակարանից զրկված քաղաքացիների համար: Այդտեղ էլ միջոցառման շահառու կլինեն ոչ թե ընտանիքները, այլ անհատները:

Այստեղ հիմա ուղղակի նաև հույս ունենք՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ իրականացնել հաշվառումը, որպեսզի կարողանանք ծրագիրը ճիշտ նկարագրել, որպեսզի այն ճիշտ գործի: Առաջիկայում նաև, այո, աջակցության ծրագրեր կշարունակեն իրականացվել:

Բայց ցանկանում եմ ասել, որ այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն Արցախում: Սա է լինելու մեր ծրագրերի բովանդակային ուղղվածությունը, և, բնականաբար, մենք ամեն ինչ պետք է անենք՝ այդ հարցում նրանց աջակցելու համար», – նշել է վարչապետը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։