Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 27-ի ժամը 15:00-ի սահմաններում զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Պ.-ի անվամբ քաղաքացի Ա. Կ.-ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքնում հայտնաբերել են բամբակյա սկավառակներում քողարկված «B8» գրառմամբ, 0.77 գր ընդհանուր քաշով, հոգեմետ դեղամիջոց հանդիսացող սուբուտեքսի 2 դեղահաբ, ինչպես նաև մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1.11 գր քաշով զանգված:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

«Հավելենք, որ նախկինում՝ սույն թվականի մայիսին և սեպտեմբերին, վերոնշյալ դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոցում թմրամիջոցներ փոխանցելու ևս 2 փորձ էր արվել, որոնք, սակայն, կանխվել էին քրեակատարողական ծառայողների զգոնության շնորհիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: