Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին և քննարկել Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր: Այդ մասին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից։
Նշենք, որ թիմն այցելել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով և Հայաստանում կմնա 5 շաբաթ: Առաքելությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում:
«Մեր կառավարությունը համավարակի առաջին օրվանից անում է հնարավոր ամեն բան կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու և բուժհաստատություններին մարդկային ռեսուրսներով, անհրաժեշտ սարքավորումներով ու դեղամիջոցներով ապահովելու համար»,- նշել է փոխնախարարը` հավելելով, որ կարևորում է այս ոլորտում միջազգային համագործակցությունը:
Բուժաշխատողներից և միջազգային փորձագետներից բաղկացած խումբն իր առաքելության շրջանակներում կանցկացնի դասընթացներ, փորձի փոխանակում: Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելով և զարգացնելով առողջապահական ծառայությունների կարողությունները՝ COVID-19-ի շրջանակներում:
Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել բժշկական թիմի անդամներին` հայ բժիշկների կողքին կանգնելու և համատեղ գործունեություն ծավալելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական: