Ալեն Սիմոնյանը Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցը բարձրացրել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում

Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը։ Այդ մասին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Տեսակոնֆերանսի ժամանակ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որով հնարավոր եղավ կանխել արյունահեղությունը, պետք է սկսվեր հումանիտար բնույթի կարևոր խնդիրների լուծումը, սակայն մինչև այսօր ադրբեջանական կողմն ընդառաջ չի գնում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությամբ ամրագրված 8-րդ կետի կատարմանը։ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ այս բարդ ժամանակահատվածում դաշնակիցներն այս հարցում աջակցություն կցուցաբերեն։

«Այդ հայտարարության 8-րդ կետը նախատեսում է՝ մեջբերում եմ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց, նաև զոհվածների դիերի փոխանակում»։ Այդ պրոցեսը պետք է սկսվեր հայտարարության ստորագրումից անմիջապես հետո, մինչդեռ մենք խոր ցավով ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը։ Այսօր սա ամենացավոտ խնդիրն է, որը պահանջում է հրատապ լուծում՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և մյուս անձանց շուտափույթ վերադարձը տուն, ինչը համապատասխանում է Ժնևյան կոնվենցիայի պահանջներին։ Այս կապակցությամբ կոչ եմ անում օգտագործել ձեր բարձր դիրքը և ձեր հեղինակությունը, որպեսզի ազդեք ադրբեջանական կողմի վրա և հորդորեք այսօր ևեթ սկսել ռազմագերիների հանձնման գործընթացն ու երաշխավորել նրանց՝ կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները»,- ասել է Սիմոնյանը։