ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 959.7 հազ. մարդ և 2019թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով`որպես հաշվարկի հիմք ընդունելով ՀՀ վերջին՝ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները, որոնք արդիականացվում են հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի (գնահատված ցուցանիշի) տվյալներով:
ՀՀ մշտական բնակչության կազմում 2020թ. տարեսկզբի դրությամբ քաղաքային և գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.9% և 36.1%: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: 2020թ.-ի տարեսկզբի դրությամբ բնակչության միջին տարիքը կազմել է 36.9 տարի, իսկ տղամարդկանց և կանանց համար, համապատասխանաբար՝ 34.8 և 38.8 տարի:
2020թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.5%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 14.7%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: ՀՀ 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 566 մարդ (230 տարեց և 336 0-15 տարեկան երեխա):
Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) մեկ կնոջ հաշվով 2019թ. կազմել է 1.599 միավոր, 2018թ.՝ 1.572 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2.150 ցուցանիշից (պարզ վերարտադրության դեպքում ծնողներին փոխարինող երեխաների սերունդը և ծնողների սերունդը հավասար են իրենց բացարձակ թվաքանակներով): Բնակչության վերարտադրության բրուտտո գործակիցը 2019թ. կազմել է 0.760 (ծնունակ տարիքում միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի կինը, ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում), իսկ բնակչության վերարտադրության նետտո գործակիցը3 կազմել է 0.730 միավոր (միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ողջ կյանքի ընթացքում, որոնք կհասնեն մոր տարիքին, իրենց ծնվելուց` յուրաքանչյուր տարիքում ծնելիության և մահացության տվյալ ժամանակաշրջանի մակարդակների պահպանման դեպքում):
2019թ. մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմել է 27.6 տարի, առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 25.2 տարի, 2018թ. համապատասխանաբար` 27.3 և 25.1 տարվա համեմատ: