Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են․ Թաթոյան

Ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են, ուղիղ պատճառական կապի մեջ են:

Խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլ նաև հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է: Սրանք մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ են: 

Ընդ որում, առավել վտանգավոր են ոչ այնքան պարզապես հայասպանության կոչերը, այլ էթնիկ ատելության սերմանումը խորքային արմատներով: Օրինակ՝ Արցախի հետ կապված՝ Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումներն այն մասին, որ հայերը մզկիթներում պահում են կովեր ու խոզեր, պղծում են ադրբեջանական կրոնական հուշարձանները:

Կամ կեղծ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն արժեքներ չունեցող երկիր է, որ արհեստականորեն ստեղծված է ադրբեջանական հողերի վրա: Ադրբեջանական զինծառայողների վարքագիծն ու խոսքը իրենց իսկ կատարած ու հետո նկարահանած դաժանությունների տեսանյութերում հենց դա է հաստատում. նրանք վերժխնդիր են լինում, հագեցնում են արյան ծարավը և այլն՝ ակնհայտ իմանալով որ ոչ միայն մնալու են անպատիժ, այլ արժանանալու են իշխանական ու հասարակական մեծ գովասանքի: 

Այսինքն՝ հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն խրախուսվում է մշակութային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ ընդ որում, հաճախ երեխաների հատուկ թիրախավորմամբ: 

Վաղը կհրապարակենք կոնկրետ ու օբյեկտիվ ապացույցներով այս ամենը հիմնավորող, հատուկ սկզբունքով կազմված ծավալուն զեկույց՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ»,- գրել է Արման Թաթոյանը:

Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են,…

Posted by Arman Tatoyan on Sunday, December 6, 2020