Անհետ կորածների հարազատները ՊՆ-ից տեղեկություն են ակնկալում Զանգելանի հատվածում որոնման աշխատանքի մասին

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 10-ին կրկին բողոքի ակցիա են անցկացրել Էջմիածնի զորամասի դիմաց` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկն ասաց՝ սպասում են, որ Պաշտպանության նախարարությունից փոխանցեն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտնած տեղեկությունը Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքների հետ կապված:

«Այս անգամ փորձում ենք հավատալ, որ կպահեն իրենց խոսքը»,- ասաց  անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը:

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն: