«Մենք արտակարգ իրավիճակում ենք, որից ելքերը ևս արտակարգ ռեժիմով գործելու կամք և ունակություն են պահանջում»․ Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը գրել է․

«Մեկ իշխանությունների ասածներն եմ լսում, մեկ 17+ ներկայացուցիչներինն ու տեսնում եմ, որ կողմերից և ոչ մեկն իրական անելիքի մասին առարկայական պատկերացում չունի այս պահին: Միմյանց՝ չարիք ու ազգի կործանիչ են հռչակում, բայց դրանով մեր ժողովրդին նորը ստեղծելու, այս արհավիրքը հաղթահարելու ոչ մի ճանապարհ էլ ցույց չեն տալիս:

Մինչդեռ մենք արտակարգ իրավիճակում ենք, որից ելքերը ևս արտակարգ ռեժիմով գործելու կամք և ունակություն են պահանջում: Չեմ ուզում շատ մանրացնել, բայց նախ միմյանց պետք է հանդիպեն մեծ դրամն ու մասնագիտական որակները՝ ուղեղը: Միասին կարող են ընդհանուր նպատակը ձևակերպել, որից հետո մասնագետն իր գործն անի, դրամատերն էլ՝ այդ աշխատանքը ֆինանսավորի: Այդ երկուսի հանդիպումից որոշ ժամանակ անց էլ արդեն իմաստ կունենա մտածել իշխանական լծակները գործի դնելու, իշխանություն վերցնելու մասին:

Քանի դա չի եղել՝ ամեն ինչ վերածվում է գռեհիկ աթոռակռվի, երբ յուրաքանչյուրն ասում է՝ փրկիչը ես եմ, փրկվեք ինձանով»։