Ֆրանսիայի Կլամարի քաղաքային խորհուրդը ԼՂ հակամարտության կարգավորման և Արցախի ճանաչման մասին բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։ 

Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից, բանաձևում, մասնավորապես, նշված է․

«Ֆրանսիան, ելնելով Հայաստանի հետ ունեցած իր պատմական բարեկամական կապերից, պետք է մեծ դեր խաղա կայուն քաղաքական և խաղաղ լուծման հարցում: Ֆրանսիան՝ որպես մարդու իրավունքների պաշտպան երկիր, պետք է պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի:

Այս ճանաչումը թույլ կտա հող պատրաստել ազգերի միջազգային ճանաչման ուղին հարթելու համար՝ արդյունավետորեն երաշխավորելով սահմանների ամբողջականությունն ու պաշտպանելով խաղաղ ապրելու իրավունք ունեցող իր ժողովրդին: 

Հետևաբար, Կլամարի՝ 2020 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած քաղաքային խորհուրդը կոչ է անում Հանրապետության Նախագահին՝ ներգրավել Ֆրանսիան հակամարտության վերջնական կարգավորման, խաղաղ գործընթացի կյանքի կոչման և Լեռնային Ղարաբաղի անհապաղ ճանաչման գործընթացի մեջ, վերացնել քաղաքային համայնքների առջև դրված` Արցախի Հանրապետության հետ ինստիտուցիոնալ կապեր ունենալու արգելքը»։