ԱՊՀ խորհուրդը տեղեկացված է գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ. Մանե Գևորգյան

Անկախ պետությունների համագործակցության անդամներ-երկրներն ու խորհուրդը տեղեկացված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«ԱՊՀ պետություններն ու խորհուրդը տեղեկացված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ։ Միաժամանակ, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ԱՊՀ պետությունների ղեկավարների և խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթերը»,- ասաց Գևորգյանը:

Դեկտեմբերի 18-ին առցանց ձևաչափով ընթանում է Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Մոլդովայի նախագահները, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահը: