Որքան ձգվի ժամանակը, այնքան ճնշումներն Ադրբեջանի նկատմամբ կմեծանան, եւ հիմա հաշվարկներ է անում՝ գերիներին պահելով. փաստաբան

«Մեդիալաբի հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, նախօրեին երեք ռազմագերի վերադարձել է Հայաստան: Ընդամենը երեք ռազմագերու վերադարձը ինչի՞ մասին է խոսում, ի վերջո, ինչո՞ւ այսքան քիչ:

– Գիտեք՝ սա իրավական գործընթաց չէ, որ որոշակի լինի կամ կարգավորված լինի, ռեգլամենտ ունենա և այլն: Սա նաև քաղաքական գործընթաց չէ, սա, կարելի է ասել, կիսաքաղաքական գործընթաց է: 

Եվ ժամանակն աշխատում է Ադրբեջանի դեմ, որքան ձգվում է ժամանակը, այնքան ճնշումները Ադրբեջանի նկատմամբ կմեծանան, որովհետև այն, ինչ անում է Ադրբեջանը, գերիներին չվերադարձնելը, միջազգային հանցագործություն և մարդու իրավունքների խախտում է: 

Սա նշանակում է, որ այդ պետությունը աստիճանաբար սկսում է սպառնալիք ներկայացնել միջազգային անվտանգությանը, իսկ դա արդեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված հիմք է, որ միջազգային հանրությունը միջամտի: 

Էլ չեմ ասում այնպիսի միջամտություն, ինչպիսին առկա տարածքային իրավազորության մասին է խոսքը, բայց կարծես թե դրան էլ են հասնում: Բայց քաղաքական միջամտությունը առայժմ հորդորներով, քաղաքական ճնշումներով, դիվանագիտական ճանապարհով աստիճանաբար որքան Ադրբեջանը ձգում է ժամանակը, այնքան պետություններն ավելի շատ են հիմք ձեռք բերում միջամտելու, որովհետև դա արդեն ոչ թե Ադրբեջանի ներքին գործն է, այլ միջազգային անվտանգության հարց է: 

Գնալով քաղաքական ճնշումները կշատանան, և Ադրբեջանը հաշվարկներ է կատարում՝ պլյուսներ-մինուսներ, կամ գերիներին պահելով՝ ինչ-ինչ զիջումներ կորզելով Հայաստանից, միևնույն ժամանակ աշխատելով քաղաքական ռեսուրս նետել միջազգային ասպարեզ, որպեսզի այնտեղ դիմագրավի քաղաքական ճնշումներին, որոնք գնալով շատանալու են: 

Բացի այդ, Լավրովի այցի շրջանակում խոսք է գնում համաձայնագրի մասին, ինչը կարգավորող տիրույթ է բերում կողմերին, իսկ եթե կա կարգավորում, ստատուս քվո, կողմերը ձեռք են բերում հավասար հնարավորություններ: 

– Ֆրանսիան նույնպես բավականին ակտիվ է գերիների հարցում: Այսօր էլ ԱՄՆ պետքարտուղարը կոչ արեց գերիներին վերադարձնել: Այս առումով ի՞նչ հույսեր կան:

– Սա միջազգային անվտանգության հարց է, որովհետև երբ ահաբեկչությանը չես դիմագրավում, այն արդեն դառնում է սպառնալիք միջազգային անվտանգությանը, տվյալ դեպքում՝ տարածաշրջանին: 

Դրա համար արդեն հասկացել են, որ պետք է դիմագրավեն: Եթե նախկինում Ադրբեջանն ուներ ինչ-ինչ հիմքեր ռազմական գործողություններ սկսելու, ինքնապաշտպանության անորոշ ձևակերպման ներքո, այսօր ռազմական գործողություններն ավարտվելուց հետո այն, ինչ անում է Ադրբեջանը, հավասարազոր է պատերազմական հանցագործության: Բայց, ինչպես ասացի, գործողությունների ներկայացումը սպառնալիք է միջազգային անվտանգությանը, դրա համար պետությունները հիմք են ձեռք բերել միջամտել:

Պարո՛ն Ղազարյան, արդյոք մարդու իրավունքների առումով մենք դիմե՞լ ենք միջազգային ատյաններ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ: 

– Այս կարճ ժամանակահատվածում մեզ ամենամոտ կանգնած միջազգային ատյանը և ամենաարդյունավետ գործիքը ՄԻԵԴ-ն ն է: Իհարկե, եթե զինված հակամարտության կոնտեքստում նայենք, ամենալավ ատյանը Միջազգային քրեական դատարանն էր, բայց ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը այդ դատարանի իրավազորությունը չեն ընդունում, որովհետև նրա կանոնադրությունը վավերացված չէ: 

Դրա համար այդ դատարանը հասանելի չէ: Ամենահասանելին, որը կարող է արագ արձագանքել, ՄԻԵԴ-ն է: Իհարկե կարելի է դիմել նաև միջազգային ատյան, ասենք՝ Արդարադատության միջազգային դատարան, բայց դրա արձագանքը բավական երկար է տևում: 

Գուցե ապագայում Հայաստանը պատրաստվում է դիմելու ռասիզմի հիմքերով, մոտ կես տարի առաջվա հայտարարությունների հիմքերով դա էլ կարելի էր ակնկալել, պարզապես դրա վարույթը 10-15 տարի է տևում, դա ապագային միտված գործողություն է: 

Ամենաարագն արձագանքեց Եվրոպայի խորհրդի կառուցակարգը, այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Առայժմ դեռ միակ միջազգային մարմինն է, որն ամենաարագն է արձագանքել: 

– Անընդհատ նշվում էր, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների այս կամ այն կետը: Արդյոք հետևողակա՞ն ենք այս մասով միջազգային ատյաններ դիմելու առումով և ի՞նչ արդյունքներ ունենք:

– Բացի արդյունքներից, մենք ունենք և՛ իրավական գործընթաց, և՛ մոնիթորինգային գործընթաց: Վերջինը Դունյա Միյատովիչն էր, որ արձագանքեց, նա ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն է: 

Իսկ այն, ինչ ասում է մարդու իրավունքների հանձնակատարը, ընդունվում է որպես դե ֆակտո ճշմարտություն: Այսինքն՝ ապագայում կարելի է նրա ուղարկած նամակը, որը, ի դեպ, հրապարակվել է, օգտագործել: 

Ճիշտ է, Ադրբեջանը դրան դիվանագիտորեն բավականին կոշտ պատասխան է տվել, բայց այդ ամբողջն է՛լ ավելի է ամրապնդում մեր իրավական հիմքերը: Իհարկե առաջնայինը քաղաքական գործընթացն է, որի դեպքում արագ է լինում արդյունքը: 

Ի վերջո, մինչև չլինի քաղաքական բալանս, իրավական գործընթացները, փաստորեն, չեն աշխատում, բայց ունենք այն, ինչ ունենք, գերիների հարցը ձգձգվում է: 

Բաքուն փորձում է ինչ-ինչ զիջումներ կորզել՝ պայմանով, որ քաղաքական պրեսինգը գնալով պետք է ավելի ու ավելի մեծացվի: Համաձայնեք, որ այն մեխանիզմները, որոնք ունեինք, մենք չունեինք 1992-1994 թվականներին, երբ էլի Ադրբեջանում գերիներ ու անհետ կորածներ ունեինք: 

Այն ժամանակ չկային այդպիսի մոնիթորինգային մեխանիզմներ կամ մարդու իրավունքների այնպիսի կառուցակարգեր, որոնք այսօր ունենք: 

Այն ժամանակ հիմնականում միջանձնային կապերով էին պարզում՝ գերին գտնվում է Ադրբեջանո՞ւմ, թե՞ ոչ և այլն: Այսօր բոլորովին այլ իրավիճակ է, ընդհուպ մինչև գերիներն այսօր հնարավորություն են ունենում զանգել ու հարազատների հետ խոսել: Մենք այսօր պաշտպանական ավելի շատ միջոցներ ունենք, քան 25-26 տարի առաջ էր:

– Այս ճնշումները, ըստ էության, կտա՞ն իրենց արդյունքը, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, այլ երկրների:

– Այո՛, այդ ճնշումները գնալով շատանալու են, որովհետև Ադրբեջանն արդեն հատում է այն կարմիր գիծը, որից հետո նրա գործողությունները կարելի է որակել որպես սպառնալիք միջազգային անվտանգությանը: 

Իսկ դա հարց է, որը մտնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ օրակարգ: ՄԱԿ-ի կանոնադրությունը սահմանում է, որ պետություններն իրավունք ունեն միջամտելու այլ պետության սուվերենությանը, եթե այդ պետությունը միջազգային հանրությանը սպառնալիք է հանդիսանում: 

ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակը միջազգային անվտանգության ռիսկերը վերացնելն է, խաղաղության ու անվտանգության երաշխիքներ ստեղծելը: 

Այդ կանոնադրությունն ամբողջությամբ կառուցված է այն բանի վրա, որ դա պայմանագիր է պետությունների միջև և սկսում է գործել, եթե միջազգային անվտանգությանը սպառնալիք է ստեղծվում: 

Հիմա Ադրբեջանի գործողություններն ինչքան շարունակվեն, այնքան ավելի են հասունացնում այդ իրավական հիմքը: Այսինքն՝ ստեղծվում է իրավահարաբերություն այլ պետությունների կողմից միջամտելու համար: 

Մնում է, որ Հայաստանն օգտվի դրանից և կարծես թե օգտվում է իրավիճակից՝ ավելի ու ավելի մեծացնելով պրեսինգը: Այլ տարբերակ չկա, միայն քաղաքական ճնշումներով կարելի է հասնել գերիների վերադարձին և Ադրբեջանին ստիպել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

Մանե Հարությունյան

MediaLab.am