Ձերբակալվել է հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը

ՀՀ  գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Դեկտեմբերի 24-ին Հանրապետության hրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր:

ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից այդ կոչերը հնչեցրած անձը՝ Ս.Կ.-ն բերման է ենթարկվել:

Դատախազության հանձնարարությամբ նշված փաստի կապակցությամբ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով:Նշված անձը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով արգելված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեջ ծագած կասկածի հիման վրա:

ՀՀ դատախազությունը վճռականորեն կոչ է անում հանրությանը և քաղաքացիներին հավաքների մասնակցելու և ազատ խոսքի իրենց իրավունքի իրացումը չօտագործել ներքին հանրային համակեցության կանոնների խախտմանը, ներպետական կայունությունը և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված և նման նախադրյալներ ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելու, դրանից բխող որևէ գործողություն կատարելու համար:

Նման բոլոր հանցավոր դրսևորումները հետապնդվելու են օրենքի ողջ խստությամբ և ձեռնարկվելու են բոլոր իրավաչափ միջոցները նման կոչեր և հայտարարություններ հնչեցնող, դրանք արդարացնող անձանց մեկուսացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Միևնույն ժամանակ, հանրահավաքների, հավաքների կազմակերպիչներին և վարողներին կոչ ենք անում հետևողականություն դրսևորել հրապարակային ելույթների հարթակները պետության ներքին կայությունան և անվտանգության համար վտանգավոր նման դրսևորումներից զերծ պահելու, այդպիսի կոչերի հետագա կրկնությունը բացառելու համար: