«Մենք պատերազմում պարտվեցինք, և պատերազմն այսօր էլ սողալով, բայց շարունակվում է, որովհետև պարտության գլոբալ պատճառները մի կողմ դրած՝ զբաղված ենք մեր մեջ դավաճաններ ու թշնամիներ փնտրելով»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է․

«Մեզ այլընտրանք տրված չէ.

21 տարի է, ինչ ես Ամանորի գիշերը գնում եմ Եռաբլուր: Այս տարվա տեսածս, միմյանց տներ չգնալը, “շնորհավոր” բառն անպատեհ համարելը նորից ստիպեցին մտորել ու հոդված գրել…

Մենք պատերազմում պարտվեցինք, և պատերազմն այսօր էլ սողալով, բայց շարունակվում է, որովհետև պարտության գլոբալ պատճառները մի կողմ դրած՝ մենք մոլեռանդի մոլուցքով զբաղված ենք մեր մեջ դավաճաններ ու թշնամիներ փնտրելով, որի հետևանքով ինքներս մեզ կոչնչացնենք` հուրախություն և ի շահ մեր հակառակորդների։ Հանրության մի որոշակի հատված համարում է, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, ավելի ռադիկալ մասը գտնում է, որ ոչ միայն պիտի հեռանա, այլև Լինչի դատաստանի ենթարկվի…

Հասարակության մյուս հատվածն էլ գտնում է, որ իշխանությանը մեղադրողներն ընդհանրապես խոսելու իրավունք չունեն և ճիշտ կանեն նստեն տեղները կամ՝ ինքնասպան լինեն։ Իշխանությունն այս ամենին պատասխանում է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, ավելին` հակված է ընտրություններում հաղթել և վերընտրվել։ Այս երկու թևերը փորձում են ամբողջ քաղաքական դաշտը տեղավորել իրենց տեսակետների մեջ։ Կամ 17-ի կողմից ես, կամ ՔՊ-ի ու վարչապետի…

Սև-ի ու սպիտակ-ի բաժանումը և առճակատումը ամենավտանգավոր տարբերակը կդառնա, եթե մենք ընտրենք այդ ճանապարհը։ Մենք կարող ենք պարտվել թշնամուն, բայց իրավունք չունենք պարտվել ինքներս մեզ։ Իրար հակադրվող կողմերը պետք է ոչ թե ուլտիմատումներ ներկայացնեն, կամ փորձեն հանրությանը հարկադրել տեղավորվել իրենց ձևավորած կաղապարների մեջ և թշնամանալ ու կռվել միմյանց դեմ, այլ` կոմպրոմիսների գնալ։ Կոմպրոմիսների պետք է հասնեն առաջին հերթին հանրության քվեն ստացած խորհրդարանական ուժերը։

Իրական և վերանձնային կոմպրոմիսի մի քանի տարբերակներ կան, որոնք նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել, որովհետև համոզված եմ, որ թե Փաշինյանը, թե Ծառուկյանը, թե Մարուքյանը շատ լավ գիտեն իրենց հնարավորությունների սահմանը, ու բարձրաձայնումս կարող է ոչ միայն չօգնել, այլ փչացնել մինչ այս եղած ներքին համընկնումները։ Համոզված եմ, որ միայն կոմպրոմիսային տարբերակով կազմված ճանապարհային քարտեզի պարագայում հնարավոր կդառնա երկիրը հասցնել անցնցում և տրամաբանված քաղաքական ընտրությունների, ցանկացած այլ տարբերակ թշնամին օգտագործելու է։

Թշնամին այսօր էլ քաղաքական, բարոյահոգեբանական ու տնտեսական դաշտերում է օգտագործում իր հաղթանակը, մեր միմյանց հանդեպ թշնամանքը, ճշգրիտ և քաղտեխնոլոգների մշակած քարոզչության ու քայլերի միջոցով մեզ մղում ինքնաոչնչացման։ Թուրքիայի հետ իրենց ապագա ծրագրերը ներկայացնելով, ռազմագերիների վերադարձի խնդիրն անընդհատ շահարկելով ու ձգձգելով, Հայաստանի հետ սահմանները, ռուսների լուռ համաձայնությամբ, արագացված տեմպով ու ուլտիմատումների միջոցով սահմանազատումով մեզ պահում են ցնցումների մեջ և տրամադրում իրար դեմ։ Սա բոլորս ենք տեսնում և հասկանում, բայց շարունակում ենք տանը, աշխատանքի վայրում և համացանցում իրար հետ կռվել, միմյանց մեղադրել: Փոխարենը, հիմա մենք էլ պիտի խոսենք ապագայի մեր ծրագրերից, պարտադրելով եռակողմ հայտարարության երրորդ կողմին առաջնահերթություն տալ և գործել նաև ՀՀ-ին ձեռնտու ճանապարհների ծրագրերից, մասնավորապես` Սյունիքը երկաթգծով Իրանին, Չինաստանին և Հնդկաստանին, իսկ մյուս կողմից Երևանին և Փոթիին միացնող ծրագրերից։

Նոր և հինգերորդ սերնդի ռազմական տեխնիկայի գնումը, ՀՀ և ԱՀ սահմանապահ զորքերի ձևավորումը, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վերարժևորումը պետք է դառնան մեր գործունեության, քարոզչության և քննարկման հիմնական թեմա։ Զանգեզուրի անվտանգության մասով՝ օր առաջ պետք է գնել 100 միլիոնին համարժեք չինական արտադրության 110-120 հարվածային անօդաչու սարք, ոչ թե փողը վառել տեխնոլոգիական առումով հին և միայն հետախուզական նպատակների ծառայող ռուսական արտադրության “Օռլան” սարքեր գնելով։ Անօդաչուների հիմնական մասը պետք է տեղակայվի Սյունիքում, որը կբարձրացնի բանակի և տեղի խիզախ բնակչության ոգին։

Մեր բնական ռեսուրսներն առանց սահմանափակումների օգտագործելով,և պետության կողմից խստագույնս վերահսկելով՝ եկամուտները պետք է ուղղենք պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելուն և սահմանապահ զորքեր ձևավորելուն։ Անհրաժեշտ է նաև հարվածային զորամասեր տեղակայել Սյունիքում, որովհետև առաջիկա տարիներին բացառված չէ պատերազմը Իրանի դեմ, որից մենք պետք է աշխատենք ոչ միայն չտուժել, այլ նաև օգտվել։ Սյունիքի սահմանակից վիճահարույց ճանապարհների խնդիրը լուծելու համար, բանակցային գործընթացին զուգահեռ, պետք է սկսենք կառուցել և վերանորոգել ալտերնատիվ ու շրջանցող ճանապարհներ։

21֊25 կմ նոր ճանապարհ կառուցելը մեծ ծախս չէ, առավել ևս, որ վերաբերում է հանրային անվտանգությանը։ Մենք մի անգամ արդեն վատնել ենք խաղաղության տված հնարավորությունը, հիմա մեր խնդիրն ավելի բարդ է, մենք ամեն ինչ պետք է անենք խաղաղությունը պահելու, իսկ այդ ժամանակ երկիրը ու պետականությունը ուժեղացնելու համար։ Մեզ այլընտրանք ուղղակի տրված չէ։

Ուստի 2021-ի մեր առաջնահերթ ու պարտադիր քայլերը պետք է լինեն.

1.Հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը. մենք պետք է սթափվենք պարտությունից՝ հաղթելու համար, ոչ թե շարունակենք իրար ոչնչացնել՝ թշնամու հաղթանակը բազմապատկելու ու երկարացնելու համար:

2.Ազգային անվտանգության խնդիրների լուծման դիվերսիֆիկացումը, Հայաստանի ազգային բանակը պետք է վերականգնի տարածաշրջանի խաղաղության ու կայունության երաշխավորի իր դերը:

3.Օգտագործելով մեր և մեր սփյուռքի ռեսուրսները `արագ պետք է վերականգնենք կորոնավարակից ու պատերազմից ճգնաժամի մեջ հայտնված տնտեսությունը՝ զարգացնելով արդյունաբերությունը ու նոր աշխատատեղեր ստեղծելով:

Ու այս խնդիրները վերաբերում են ոչ միայն իշխանությանը և ընդդիմությանը, այլև՝ ամբողջ հասարակությանը: Մենք պետք է ՄԻԱՍԻՆ գործենք, այլապես ներքին տրոհումները հանգեցնելու են պետականության կորստին՝ պարտադրելով մեզ գործել մեր թշնամիների ծրագրով:

Հ.Գ.

Ես` “Հանրապետություն” կուսակցությամբ և իմ ընկերներով, ընտրությանը կմասնակցեմ միայն համախմբմանը և ապագային միտված ծրագրերով։

Արամ Սարգսյան»։