Գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի

Գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի
Գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի

ԱԺ ՀՀԿ խմբակցության 58 պատգամավոր այսօր դեմ քվեարկեց չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացրած  «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի և գազի գների ձևավորման ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծին: 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախքան քվեարկությունը կոչ արեց մեծամասնությանը դեմ քվեարկել այս նախագծին՝ նշելով, որ վերջին երկու օրերին խորհրդարանում ընդդիությունը «հիմնականում զազրախոսությամբ զբաղվեց»:

«Սա հնարավորություն է և Հայաստանի կառավարությանը, և բոլոր պատասխանատու մարմիններին ցույց տալ, որ պետք է պետականության նկատմամբ պատշաճ ձևով վարվել, պատասխաանտվություն  ունենալ»,- նախքան քվեարկությունը հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

Նախագծին կողմ քվեարկած պատգամավորների թիվը 44-ն էր, դեմ քվեարկեց 58, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: Այսպիսով, խորհրդարանում գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի:

Հիշեցնենք, որ ԱԺ չորս խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության և ՀՅԴ-ի 49 պատգամավորներ առաջարկում էին ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ քննարկելու ՀՀ գազամատակարարման ոլորտում գոյացած 300 մլն դոլար պարտքի և գազի գների ձևավորման ուսումնասիրության վերաբերյալ հարցերը:

© Medialab.am