«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը
– Պարո՛ն Նորիկյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որը ստեղծվեց 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, «դեկտեմբերին գաղտնիության ռեժիմով փորձաքննությունների փուլ կմտնի։ Զեկույցն իր հատորներով, շատ էջերի, տեսագրությունների վերծանումներով ավարտված է։ Իհարկե, շատ բացահայտումներ կան, առանց դրա չի կարող լինել, ամեն ինչ ամբողջությամբ հրապարակվելու է ԱԺ լիագումար նիստերի դահլիճում»։ Քոչարյանը նաև հավելել է, որ դեռևս հայտնի չէ, թե զեկույցի ո՛ր հատվածը գաղտնի կլինի, ո՛ր հատվածը կհրապարակվի հանրության համար, նա նաև ընդգծել է, որ այդ բացահայտումներին հաջորդելու են քրեական գործեր։ Ի՞նչ սպասելիքներ ունեք կատարված աշխատանքից, եթե նկատի ունենանք, որ նույն Ապրիլյան պատերազմի հանգամանքները ևս այս ձևաչափով ուսումնասիրվեցին։
– Պատերազմից չորս տարի անց հայտարարել, որ այս զեկույցից հետո քրեական գործեր կհարուցվեն, մի փոքր տարակուսանք է առաջացնում այն առումով, որ պատերազմից չորս տարի անց նոր միայն իրավապահներին պետք է հանձնվեն տեղեկություններ, ու նրանք դրանց վերաբերյալ պետք է քրեական հետապնդում հարուցեն:
Այդ դեպքում հարց է առաջանում. այդ ենթադրյալ քրեորեն պատժելի արարքները ո՞ր պահից են հասու եղել, ինչո՞ւ մինչ հիմա օրենքով արգելված քրեական հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության հարցը չի լուծվել, որ սպասել են այդ հանձնաժողովի եզրակացությանը։
Բնականաբար, այստեղ ամենակարևորն այդ եզրակացության օբյեկտիվ կողմն է, քանի դեռ այդ եզրակացությունը չի հրապարակվել, մենք չենք կարող ասել, թե այն ինչ է ներկայացնում։ Ինձ համար այդ հանձնաժողովը երկու խնդիր պետք է լուծի՝ բացահայտել պատերազմի բռնկման ու պարտության պատճառները։
Ես նաև մեկ հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել. եթե այդ հանձնաժողովի եզրակացության թիրախը լինելու են բացառապես զինվորականները, այսինքն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը ու զինված ուժերի գլխավոր շտաբը կամ առանձին զինվորականներ, ստորաբաժանումներ, ապա այդ եզրակացության քաղաքական արժեքը զրոյացվելու է, որովհետև մենք կմտնենք մի դաշտ, որտեղ շատ դժվար է լինելու, եթե չասեմ՝ անհնար, գնահատել այս կամ այն զինվորականի կամ ստորաբաժանման գործունեությունը:
Մարտական գործողությունների պայմաններում, եթե դու զինվորական չես, անմիջական մասնակցություն չես ունեցել այդ գործողություններին, ապա պետք է հանճար լինես գնահատական տալու այն հրամանատարի գործողություններին, որը ներկա է եղել այդ գործողություններին ու այս կամ այն որոշումը կայացրել։
Այդ հանձնաժողովից ակնկալում եմ, որ քաղաքական բաղադրիչը ևս գնահատականի արժանացած կլինի՝ ո՛ր ու ո՛ւմ գործողություններն են հանգեցրել պատերազմի սկսման, արդյոք հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, հնարավոր չէ՞ր այնպիսի քայլեր անել, որոնք կբացառեին պատերազմի մեկնարկը, հնարավո՞ր էր ավելի շուտ կասեցնել պատերազմի ընթացքը ու ինչո՞ւ չի արվել, և նմանատիպ այլ հարցեր։ Վերջիվերջո, այդ հանձնաժողովը մեղավոր կարգող չէ, այն ընդամենը փաստեր հավաքող ու դրանք խորհրդարանին ներկայացնողն է։
– Քառօրյայի նախադեպը նկատի ունենալով՝ կարծում եք՝ ձեր բարձրաձայնած այս հարցերը պատասխան գտե՞լ են։
– Հեռու եմ այն մտքից, որ այս ծավալի քննություն անցկացրած կլինեն, որովհետև, նորից եմ կրկնում, այդ ամեն ինչի հիմքում քաղաքական շահ կա, ու իրենք չէին կարող իրենց դատավորը լինել։ Մշտապես այն կարծիքին եմ եղել, որ թե՛ Ապրիլյան քառօրյա պատերազմի, թե՛ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի կազմերը պետք է բացարձակապես կապ չունենան ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների ներկայացուցիչների հետ, բացառապես պետք է անաչառ հանձնաժողով ձևավորվեր, ու որևէ կախում, ազդեցություն չունենար թե՛ գործող, թե՛ նախորդ իշխանություններից:
Այդ հանձնաժողովը պետք է կարողանար օբյեկտիվության ու առանց կանխակալության պայմաններում իսկապես արդյունավետ աշխատանք իրականացնել, որի արդյունքում հանրությանը ներկայացվեր հաշվետվություն։
Ես չեմ բացառել նաև, որ ձևավորվեր միջազգային հանձնաժողով, իհարկե՝ մեր մասնագետներից կազմված, որոնք, բնականաբար, զերծ կլինեին որևէ կախվածությունից։
Այս առումով ես կարծում եմ, որ այդ հանձնաժողովի գործունեության լեգիտիմությունը խնդիր ունի, նույնիսկ եթե այդ հանձնաժողովը խնդիր ունի օբյեկտիվության երանգներ հաղորդել իր աշխատանքին, ապա միևնույն է՝ միայն այն հանգամանքը, որ գործող իշխանության պայմաններում է փորձ արվում գնահատականներ տալ իրենց իսկ օրոք տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, փաստեր հավաքել ու ներկայացնել հանրությանը, չեմ կարծում, որ դա կարող է օբյեկտիվ լինել ու լեգիտիմության առումով խնդիրներ չունենալ։
– Պարո՛ն Նորիկյան, այսինքն՝ կարծում եք, որ քննության առարկա չե՞ն դարձրել գերագույն գլխավոր հրամանատարի քայլերն այդ ընթացքում։
– Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ այդ հանձնաժողովին պարզաբանումներ տալու, ես այդ օրը բաց նամակով հրապարակել եմ 44 հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում շատ պարզ շարադրված էին այն բոլոր ռազմաքաղաքական ասպեկտները, որոնց պատասխանները պետք է տրվեին։ Ես շատ կուզեմ, որ եթե ոչ այդ բոլոր հարցերին, գոնե մի մասին անդրադարձ կատարված լիներ ու նշվեր, թե ո՛րն է եղել Նիկոլ Փաշինյանի դերակատարումը պատերազմի ողջ ընթացքում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am