Կույր տղային մերժել են մերսող ընդունել, ասել են՝ աղջիկները կամաչեն

Կույր տղային մերժել են մերսող ընդունել, ասել են՝ աղջիկները կամաչեն
Կույր տղային մերժել են մերսող ընդունել, ասել են՝ աղջիկները կամաչեն

Հաշմանդամության երկրորդ կարգ ունեցող Արմենը Հայաստանի աշխատաշուկայում իրեն մրցունակ չի զգում, իսկ պատճառը աշխատաշուկայի կոշտ պայմաններն են, ոչ թե իր հմտությունները: Մասնագիտությամբ մերսող է, ասում է, հաճախորդներն էլ դժգոհ չեն, բայց աշխատանքի ընդունվելու հարցում մշտապես դժվարությունների է հանդիպում:

«Դիմեցի աշխատանքի ընդունվելու համար՝ որպես մերսող: Անձնական տվյալներս համապատասխանում էին, կանչեցին աշխատանքի, բայց երբ ներկայացա և տեսան, որ կույր եմ, զգացի, որ շոկի մեջ հայտնվեցին: Պատճառաբանեցին, թե չեն կարող տղամարդ աշխատող ընդունել աշխատանքի, որովհետև աղջիկ հաճախորդները ամաչում են: Բայց ես տեսողության խնդիր ունեի, ամաչելու հարց չէր կարող լինել: Բացի այդ, իմ անձնական տվյալներում նշված էր իմ սեռը: Ակնհայտ էր, որ մերժումը կապված էր իմ հաշմանդամության փաստի հետ»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար գործազրկությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ, չնայած պետական իրավասու մարմինները պարբերաբար հայտարարում են, թե հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ուշադրության կենտրոնում են: Տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբաղվածության, մշտապես խախտվում են Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիայի հիմնական դրույթները, որոնցից են խտրականության բացառումը, հանրային կյանքում լիակատար և արդյունավետ մասնակությունն ու ներգրավվածությունը, հնարավորությունների հավասարությունը, մատչելիությունը:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը Lragir.am-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար ամենագլխավորը շարունակում է մնալ մատչելիության խնդիրը: «Եթե մարդ չի կարողանում անարգել մուտք գործել խանութ, ժամանցի վայր կամ պետական հաստատություն, էլ ի՞նչ իրավունքների պաշտպանության մասին կարող ենք խոսել»,- ասում է նա:

Ըստ Ալավերդյանի՝ շատ քիչ են կոնվենցիայի այն դրույթները, որոնք Հայաստանում լիարժեք պահպանվում ու իրականացվում են:

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ոլորտում իրավիճակը, մեղմ ասած, տխուր է. պաշտոնական տվյալներով՝ աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց 8.9 տոկոսն է միայն ապահովված աշխատանքով: Հենց այս թվերն էլ փաստում են, որ գարծատուները խտրականություն են կիրառում աշխատանքի ընդունելիս:

Արմեն Ալավերդյանը խնդիր է համարում այն, որ չկա իրական վիճակագրություն, թե այդ թվում քանի տոկոս են կազմում հաշմանդամություն ունեցող գործազուրկ կանայք, քանի տոկոս՝ տղամարդիկ, և ընդհանրապես որ տարիքային խմբում է հատկապես տարածված գործազրկությունը: «Դա շատ լղոզված վիճակագրություն է, որը չի արտացոլում իրական պատկերն ու խնդիրները»,- նշում է նա:

Ալավերդյանի խոսքով՝ գործատուները մշտապես խտրականություն են դնում հաշմանդամություն ունեցող և մյուս անձանց միջև, խուսափում են հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի ընդունել, սակայն դա ապացուցել, դատարան հայցեր ներկայացնել հնարավոր չէ, քանի որ գործատուները զգույշ են, բանավոր են մերժում, ոչ թե գրավոր, որպես պատճառ էլ հաշմանդամությունը չեն նշում: Կարդալ ավելին