ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան։

Գործարանի հիմնական արտադրատեսականին քաղաքացիական և ռազմական նշանակության սարքեր են: Դրանցից են՝ օդանավերի լուսատու սարքերը, օդանավում գտնվող որոշ սարքերի ճշգրտությունը ստուգող սարքավորումները և ոչ միայն:

Նախարարին մանրամասն ներկայացվեց գործարանում ներկայումս ընթացող արտադրական գործընթացներն ու առկա հնարավորությունները:

Գործարանի գլխավոր տնօրեն Միքայել Ղազարյանը նախարարին տեղեկացրեց, որ   գործարանում կան նաև խորհրդային տարիներին արտադրված հաստոցներ, որոնք հայ մասնագետների հմուտ ձեռքերի շնորհիվ ժամանակակից CNC հաստոցների են վերածվել: Նշվեց նաև, որ Էջմիածնի սարքաշինական գործարանը համալրված է բոլոր տիպի մեխանիկական մշակման սարքերով, հավաքման արտադրամասերով, էլեկտրոնիկայի մասով էլ՝ պատրաստող և ստուգող լաբորատորիաներով:

Հակոբ Արշակյանը կարևորեց հատկապես գործարանի սեփական պրոդուկտների արտադրական գործընթացն ու մասնագետների փորձառությունը՝ ընդգծելով տեղական   արտադրանքի կիրառության կարևորությունը մեր երկրի պաշտպանական ոլորտում:

Էջմիածնի սարքաշինական գործարանի տնօրենն էլ նախարարին ասաց, որ իրենք պատրաստ են ավելի ակտիվ համագործակցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Նշենք, ներկայացված արտադրանքի հիմնական պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն ռազմական ոլորտում գործարանը համագործակցում է Հայաստանում գտնվող այլ ռազմական գործարանների հետ, որպես ամբողջական շղթայի մի մաս որոշ ռազմական նշանակության արտադրատեսակների մասեր պատրաստվում են հենց այս կառույցում, տեղեկացնում են նախարարությունից:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։