ՀՀ-ում գտնվող արցախցիները կտեղավորվեն աշխատանքի. մեկնարկել է զբաղվածության երկու ծրագիր

Սպասարկում, ռեստորանային բզինես, արդյունաբերություն, համայնքային ոլորտ և այլն. պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիները կտեղավորվեն աշխատանքի այս և այլ ոլորտներում: Այդ նպատակով իրականացվում է երկու ծրագիր՝  «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացնելով ծրագրերի մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ նախնական հաշվարկներով երկու ծրագրով մոտ երկու հազար շահառու կարող է լինել:

«Եթե պահանջարկն ավելին լինի, ապա մենք խնդիր չենք տեսնում, պատրաստ ենք աշխատել: Ասեմ, որ արդեն 660-ից ավելի դիմում ունենք: Նախնական փուլում կարող են դիմել այն արցախցիները, որոնց տները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Երկրորդ փուլում արդեն կարող են դիմել այն արցախցիները, որոնց Արցախում գտնվող տները, շինությունները վնասվել են: Այսինքն՝ շահառուների թիվը կընդլայնենք»,- ասաց Ռուբեն Սարգսյանը: Աշխատանքի ուղղորդումը լինելու է շահառուների ցանկությունների ու հնարավորությունների համապատասխան: Մինչ ծրագրի մեկնարկը աշխատանք է տարվել գործատուների հետ՝  հասկանալու, թե որ ուղղությամբ շեշտադրում կատարեն, որպեսզի ձեռնտու լինի նաև գործատուներին: Եթե կան գործատուներ, որոնք ունեն հնարավորություն և ցանկանում են, որ արցախցիներն իրենց մոտ աշխատանքի անցնեն, ապա Ռուբեն Սարգսյանը հորդորեց ակտիվ լինել և դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100 000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվեն գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձ ձեռք բերելու գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի ամսական 34 000 դրամի չափով:

«Թեպետ նշվում է երեք ամիս ժամկետը, բայց մենք քաջ գիտակցում ենք, որ քանի դեռ կեցության պայմանների հարցերն Արցախում չեն կարգավորվել, շատերը չեն կարողանա վերադառնալ: Կարծում եմ, որ եթե պահանաջրկ լինի, ապա մենք ծրագրի ժամկետը կկարողանանք երկարաձգել»,- ասաց նախարարի տեղակալը:

Հաջորդը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումն» է, որտեղ գործատուն համայնքն է: Այս ծրագրի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8 000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները: Այս ծրագրումհիմնականում բարեկարգման, նորոգման, ձնամաքրման աշխատանքներն են:

Քաղաքացիները կարող են դիմել տարբեր եղանակով, գնալ զբաղվածության տարածքային գործակալություններ, դիմել e-reguest.am-ի միջոցով, ինչպես նաև  www.employment.am կայքի օգնությամբ՝ լրացնելով համապատասխան դիմումը: Քաղաքացիները նշում են անուն, ազգանունը, և թե որ ծրագրին են ցանկանում մասնակցել: