Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է

Այսօր կայացել է շարժական մամոգրաֆի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և բժիշկներ:

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը բացման արարողության ընթացքում հանդիպել են մարզային առողջապահության հաստատությունների ղեկավարների հետ՝ քննարկել առաջիկա ծրագրերը, հնարավոր մարտահրավերները, շնորհակալություն հայտնել նրանց և բժշկական անձնակազմներին, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կատարած ծանր և պատասխանատու աշխատանքի համար:

Նշենք, որ կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտությունները մեկնարկել են Վանաձորում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում: Շարժական մամոգրաֆը  դեռ  6 ամիս տեղակայված կլինի Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում և Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի,  Լեռնապատի և Շահումյանի  բուժամբուլատորիաներում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնել անվճար մամոգրաֆիկ հետազոտություն:  Այնուհետև շարժական մամոգրաֆը կտեղափոխվի Լոռու մարզի այլ քաղաքներ:

Ծրագրի իրականացման և կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման  նպատակով Վանաձորի և շրջակա համայքների ԱԱՊ օղակի շուրջ 60 բուժաշխատող արդեն իսկ վերապատրաստվել է: 

Հիշեցնենք, որ կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություններն իրականացվում են  Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: 

Կանանց մոտ չարորակ նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը 1-ին տեղում է, և Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1000-ից ավելի նոր դեպք, իսկ վերջին տարիներին հիվանդության աճը կազմել է 20%: Այս վիճակագրական տվյալների պայմաններում խիստ կարևոր է կանխարգելիչ ծառայությունների ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը, ինչն ապահովվելու է այս ծրագրի  միջոցով: Այսպիսով, 

  • այլևս կարիք չի լինի հասնել Երևան մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու համար,
  • հետազոտության ախտորոշումը կատարվելու է ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» պրոֆեսիոնալ ռադիոլոգների կողմից, 
  • ախտորոշման հաստատման լրացուցիչ հետազոտություններն իրականացվելու են անվճար:

Հերթերից խուսափելու համար գործելու է հերթագրման համակարգ, որի համար նախ պետք է այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին: 

Այս մասին տեղեկացնում են Առոջղպահության նախարարությունից։