Լկտի սուտ է, չկա որևէ բանակցություն Ծառուկյանի ու իշխանական ներկայացուցիչների միջև. Արման Աբովյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը

– Պարո՛ն Աբովյան, հետընտրական շրջանում Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ քրեական հետապնդումները շատերը որակում են որպես քաղաքական ճնշման փորձ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը՝ իրավակա՞ն, թե՞ քաղաքական համատեքստում։

– Սա շարունակական խուլիգանական ու ապօրինի ճնշումների դրսևորում է, ինչը մեզ համար անակնկալ չէ, որովհետև այդ ճնշումների մասին անոնսել էր Նիկոլ Փաշինյանը դեռևս նախընտրական քարոզարշավի օրերին: Երկու կարծիք լինել չի կարող, միանշանակ սրանք ուղղակի հետապնդումներ են, որին ենթարկվում է ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարը: 

– Արդարադատության նախարարը նշում է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործեր միշտ են եղել, ու պետք չէ դրանք կապել ընտրական ու հետընտրական գործընթացների հետ:

– Այս ու այլ կարգի արդարացումներն ուղղակի ծիծաղ են առաջացնում: Ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն այն հարցին, թե ինչո՞ւ այս հետապնդումները համընկան նախընտրական ու հետընտրական վերջին շրջանի գործընթացների հետ: Արդարադատության նախարարը գուցե մտածում է, թե ՀՀ քաղաքացիներն անմեղսունակ են, թե չեն կարողանում հետևություններ անել, բայց չարաչար սխալվում է, ամեն ինչ ավելի քան ակնհայտ է: 

– Պարո՛ն Աբովյան, նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, թե Խաչատուր Սուքիասյանն է անձամբ բանակցում պարոն Ծառուկյանի հետ քվեների մասով: Կա՞ն բանակցություններ ընդհանրապես իշխանության ներկայացուցիչների ու ձեր թիմակիցների միջև: 

– Այդ ստահոդ ու ապուշ տեղեկությունը մենք արդեն հերքել ենք, որը, ցավոք, պարոն Աղազարյանը հարկ համարեց տարածել: Չգիտեմ, թե ում պատվերով ու ինչի համար է նման բան ասվել, բայց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արդեն հայերեն լեզվով ու շատ հակիրճ մեկնաբանել է դա: 

Ինչ վերաբերում է ընդհանրապես բանակցություններին, չկա նման բան, դա լկտի սուտ է, մենք ունենք հիմնավոր կասկած, որ սա պատվեր է, ու վերահաստատելով տիկին Տոնոյանի ասածը, պետք է ասեմ, որ եթե այս պրոցեսը շարունակական լինի, ապա մենք դատական հայցերով հանդես կգանք, որովհետև չի կարելի խաղալ մարդու անվան ու բարի համբավի հետ: 

– Ասում եք, որ սա բացահայտ ճնշում է, ի՞նչ նպատակով են արվում դրանք:

– Ակնհայտ է, որ փորձում են ազդել Ծառուկյանի վրա, այն առումով, որ տեսնում ենք, թե հետընտրական պրոցեսներն ինչ խայտաբղետ են ու խայտառակ: Ըստ երևույթին փորձում են ինչ-որ մի ձևով ազդել, միանշանակ է, որ իշխանությունները ցայտնոտի մեջ փորձում են այս ձևով ճնշում գործադրել:

– Տեղի կտա՞ այդ ճնշումներին ԲՀԿ-ն:

– Ո՛չ, մենք այնքան ենք այդ մասին ասել, եթե տեղի տվող լինեինք, ապա վաղուց տվել էինք, ու այս ամենը չէր լինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am