Երևանի մուտքերում նախատեսվում է ստեղծել մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ քաղաքացիները կկարողանան թողնել իրենց անձնական մեքենաները և քաղաքում տեղաշարժվել հանրային տրանսպորտով։ Այդ մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ ավտոբուսների համար առանձնացված գծերի պատճառով իրենց մեքենաներով երթևեկելը դժվարացել է։
«Սա շատ բնական հարց է, բայց ունի նաև բնական պատասխան, որովհետև մեր փողոցներն ավելի լայնացնելու հնարավորություն չունենք»,- ասել է Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ հատկապես Երևանի Փոքր կենտրոնի փողոցները հնարավոր չէ ընդլայնել, իսկ մարդատար ավտոմեքենաների թվի շարունակական աճը ստիպում է առաջնահերթություն տալ հանրային տրանսպորտին։
«Եթե ամիս առ ամիս ուղևորահոսքի մեջ ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում, ապա առաջին և միակ քայլը, որ պետք է անենք, հանրային տրանսպորտի համար հնարավոր բոլոր հատվածներում առանձնացված գծեր ապահովելն է, որպեսզի այն դառնա ավելի արագ և հարմար։ Երևանում այլ լուծում պարզապես չկա։ Միակ արդյունավետ լուծումը հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավումն է և գերծանրաբեռնված հատվածներ անձնական մեքենաների մուտքի նվազեցումը»,- ընդգծել է քաղաքապետը։



















