«Սահմանամերձ դպրոց է, որտեղ տվյալ առարկայի ուսուցիչ չկա, ու միակ ուսուցիչը փոխտնօրենն է, հիմա ի՞նչ անենք, այդ երեխաները դաս չանե՞ն». Մխիթարյանը՝ նախարարության նոր որոշման մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, ԿԳՄՍՆ նոր որոշման համաձայն՝ հանրակրթական դպրոցների տնօրենի տեղակալները չեն կարող դասավանդել` առարկայական ժամեր ունենալ։ Արդյունավետ համարո՞ւմ եք այս որոշումը։

– Այս որոշումը ծայրահեղություն է, որովհետև դասավանդելը նպաստում է, որ այդ մարդը ևս կատարելագործվի, այնպես չէ, որ նա հասել է կատարելության ամենաբարձր աստիճանին ու հիմա միայն պետք է իր փորձը փոխանցի մյուս ուսուցիչներին։

Նախկինում սովորաբար տնօրենի տեղակալներին ընդամենը մեկ դասարան էր հատկացվում, այսինքն՝ ոչ շատ ժամեր, որպեսզի հնարավորություն ունենար ժամանակի մեծ մասը տրամադրել իր աշխատանքների կատարմանը, բայց այսպես ասած ֆորմայի մեջ մնալու համար գոնե մեկ դասարանում ինքն էր պատասխանատուն ու դաս էր վարում: Դա իսկապես շատ կարևոր է, այդպիսով նա ևս սովորում է, կատարելագործվում, որպես ուսուցիչ մյուս ուսուցիչների հետ կարող է խոսել կոնկրետ թեմաների վերաբերյալ, քննարկումներ կազմակերպել։

Կարելի էր նույն ձևով շարունակել, առավելևս՝ այն ֆոնի վրա, որ Հայաստանի հարյուրից ավելի դպրոցներում ուսուցչի թափուր հաստիքներ կան, վստահ եմ, որ այդ դպրոցներում փոխտնօրենները նաև դասավանդում են, հիմա եթե նաև նրանց ենք արգելում դասավանդել, ստացվում է, որ ավելի շատ թափուր տեղեր կունենանք։ Սա որևէ կերպ չի նպաստում հանրակրթության ոլորտում կրթության որակի բարձրացմանը, այլ 180 աստիճանով հակառակը։

– Իսկ նախարարությունն այս ռիսկերը հաշվի չի՞ առել՝ նման որոշում կայացնելուց առաջ, նման որոշման հիմքը ո՞րը կարող է լինել։

– Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե տրամաբանությունը որն է, ինձ թվում է՝ յուրաքանչյուր դպրոցին պետք է թողնել որոշում կայացնելու իրավունքը։ Նախարարությունը չպետք է խառնվի ու այդպիսի պահանջներ դնի դպրոցների առջև, որովհետև տարբեր դպրոցներում իրավիճակը կարող է տարբեր լինել, այսինքն՝ մի դեպքում տվյալ որոշումն արդարացված լինի, մյուս դեպքում՝ ոչ։

– Պարո՛ն Մխիթարյան, երբ այդ վերջնական որոշումը չեն թողնում դպրոցներին ու, ըստ էության, միջամտում են, սա խոսում է այն մասին, որ ցանկություն կա ոլորտը վերահսկողության տա՞կ վերցնելու։

– Ամենայն հավանականությամբ՝ կա նման ցանկություն, չգիտեմ, պետք է հարցնել, թե ո՞րն է նման խիստ որոշման պատճառը, իսկապես, դա ախր այն որոշումը չէ, որ կարող է ինչ-որ մի ձևով նպաստել կրթության որակի բարձրացմանը, երեխաների կրթության իրավունքը չոտնահարվի։

Օրինակ՝ սահմանամերձ դպրոց է, որտեղ տվյալ առարկայի ուսուցիչ չկա, ու միակ ուսուցիչը փոխտնօրենն է, հիմա ի՞նչ անենք՝ այդ երեխաները դաս չանե՞ն, ինչի՞ն սպասեն կամ ինչքա՞ն սպասեն, գուցե որևէ մեկը չի ուզում գնալ ու դասավանդել սահմանամերձ գյուղում։ Դրա համար նորից եմ ասում, ինձ թվում է՝ այդպիսի որոշումները պետք է երաշխավորության բնույթ կրեն և պարտադիր չլինեն, ու ամեն ինչ թողնվի դպրոցի հայեցողությանը։

– Այդ խնդրի լուծման համար էլ առաջարկում են առարկայական ուսուցիչներին 22 ժամ ծանրաբեռնելուց հետո մրցույթ հայտարարել, և եթե մասնակից չլինի, նոր փոխտնօրենները դասավանդելու հնարավորություն ունենան։

– Անիմաստ տեղը ժամանակ են կորցնելու․ մինչև մրցույթը հայտարարվում է, դպրոցն այդքան կազմակերպչական աշխատանքներ է տանում, ֆինանսական ծախսեր անում, ահագին ժամանակատար գործընթաց է, ու տուժող միակ կողմը մեր երեխաներն են լինելու։ Եթե այդ դեպքում հնարավորությունը տալիս են, որ այդ պարագայում փոխտնօրենը դասավանդի, ապա ո՞րն է ի սկզբանե արգելելու իմաստը։

– Հանրակրթությունից անցում կատարենք բարձրագույն կրթության ոլորտ ԿԳՄՍ նախարարը երեկ խորհրդարանում ներկայացնում էր մի նախագիծ, որով առաջարկվում է տարկետում տրամադրել միայն բնագիտական ոլորտի տղա ուսանողներին։ Որոշումը մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը, որո՞նք են սրա ռիսկերը։

– Սա այն նախագիծն է, որին ես կողմ եմ։ Տեսեք հիմա իրավիճակն ինչպիսին է․ եթե դպրոցի շրջանավարտն ընդունվում է աշխարհի լավագույն բուհերի ցանկում լավագույն հիսուն տեղերը զբաղեցնող բուհերից մեկը, այդ ուսանողը ստանում է տարկետում։

Հայաստանում հիմնականում զարգացած են այն ուղղությունները, որոնք կապված են մաթեմատիկայի ու բնագիտության հետ, նկատի ունեմ ֆիզիկան ու հատկապես մաթեմատիկան։ Մեր լավագույն շրջանավարտները հեշտությամբ կարողանում են ընդունվել աշխարհի լավագույն բուհեր, իսկ դա ենթադրում է, որ նրանք տարկետում կստանան ու չորս տարի առնվազն կգտնվեն արտասահմանում, որովհետև, ցավոք սրտի, ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում մենք լավագույն 50-ի շարքում բուհեր չունենք, այդ թվում նաև՝ Ռուսաստանում, այսինքն՝ նրանք պետք է կա՛մ ԱՄՆ-ում լինեն, կա՛մ եվրոպական մի քանի համալսարանում։

Այսինքն՝ այս նախագծով նախատեսվում է, որ այն շրջանավարտները, որոնք մեր բուհերի մասնագիտություններով կընդունվեն, նրանք ևս տարկետում կստանան, դա նպաստելու է նրան, որ մեր լավագույն շրջանավարտները արհեստականորեն Հայաստանից դուրս չգան։ Սա դրան է միտված, բայց, մյուս կողմից էլ՝ որոշակի ռիսկեր է պարունակում, որովհետև անհավասար պայմաններ է ստեղծում տարբեր երեխաների, այս դեպքում՝ առաջին կուրսերի ուսանողների միջև, քանի որ մյուսների դեպքում պարտադիր է բանակում ծառայելը, անկախ նրանից, թե ինչ բուհ ես ընդունվել Հայաստանում, իսկ մյուսների դեպքում չի ենթադրում։

Դրա համար ես միջանկյալ տարբերակը կառաջարկեի, որպեսզի մեր կրթական համակարգը կապված լիներ բանակին, այդ թվում՝ նաև ֆիզիկամաթեմատիկական կամ բնագիտամաթեմատիկական ուղղությունները: Այդպիսի լավ օրինակներ էլ ունենք, ու երեխաներն ընդունվեին այդպիսի մասնագիտություններով բուհեր Հայաստանում, բայց կտրված չլինեին բանակից, օրինակ՝ ընթացքում այցելեին, կամ այն հետազոտական աշխատանքները, որոնցում ընդգրկված են, կապ ունենային մեր ռազմարդյունաբերության հետ, դասախոսների մի մասը նաև բանակից լիներ, այսինքն՝ այնպես չլիներ, որ նրանք լրիվ օտարված լինեին բանակի գործունեությունից։ Այս դեպքում և՛ հավասարության պայմաններն այսպես կոպիտ չէին խախտվի, և՛ որոշակի առումով արդար կլիներ։

– Պարո՛ն Մխիթարյան, արդյոք պե՞տք է առանձնացնել կոնկրետ մեկ ոլորտ՝ անտեսելով մյուսները։ Սրա ռիսկերը որո՞նք են։

– Այո՛, դա էլ կա։ Իսկապես այդ մտայնությունը կա, ու շատերն են անդրադառնում դրան, ուղղակի դա էլ, ամենայն հավանականությամբ, գալիս է նրանից, որ ուրիշ ուղղություններով համալսարան ընդունվելը պրակտիկորեն շատ դժվար է լինում մեր շրջանավարտների համար, բայց միևնույն է, անարդարության զգացողություն կա տարբեր առարկաների նկատմամբ, մանավանդ այն պարագայում, երբ շրջանավարտների մեծ մասն այնքան էլ կողմնորոշված չէ մասնագիտության ընտրության հարցում։

Սա թերևս նպաստելու է, որ բնագիտամաթեմատիկական ուղղությունները ավելի շատ ուսանողներ ունենան, որովհետև այս տարի Մանկավարժական համալսարանը ֆիզիկա մասնագիտությամբ ընդամենը մեկ ուսանող ունի։ Երևի սա հաշվի առնելով են այս քայլին գնում, բայց ռիսկերը անպայման հաշվի առնել է պետք

– Այսինքն՝ եթե ամփոփենք, կոնկրետ այս փոփոխությունը դուք դրական եք գնահատում, բայց կան այնպիսի ռիսկեր, որոնք նկատի ունենալով՝ պետք է ավելի նորմալ տարբերակ առաջարկել, ճի՞շտ եմ հասկացել ձեր միտքը։

– Այո՛, դրական եմ գնահատում, բայց՝ որպես կիսատ քայլ, անհրաժեշտ է քայլն ամբողջացնել ու բանակի հետ կապը չկտրելով՝ հնարավորություն տալ ուսանողներին կրթություն ստանալ անկախ մասնագիտությունից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am