«Լրատվամիջոցներին մնում է ինքնամաքրվել». հարցվածների 70 տոկոսի կարծիքով` Հայաստանում լրատվամիջոցները կոռումպացված են

Հայաստանում իրականացված հարցման մասնակիցների շուրջ 70 տոկոսն ասել է, որ երկրում գործող զանգվածային լրատվության միջոցները կոռումպացված են: Նույն հարցման համաձայն՝ հարցվածների 66,6 տոկոսը համարել է, որ դատարաններն են կոռումպացված, իսկ 64.6 տոկոսը կոռումպացված է համարել կուսակցություններն ու դաշինքները: Հարցվածների 50.8 տոկոսը կոռումպացված է համարել Հայ Առաքելական Եկեղեցին:

«Թրանսփարենսի ինթերնելշնլ» հակակոռուպցիոն կենտոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը զարմանալի չի համարում, որ հարցվածների 70 տոկոսը լրատվամիջոցները համարել է կոռումպացված: «Մարդիկ կարողանում են վերլուծել և տեսնել՝ որոշ լրատվամիջոցներ հստակ քաղաքական գիծ են տանում, հասկանում են, որ հաղորդվող տեղեկությունը անկախ լրատվամիջոցի դիրքորոշում չէ, և շատ հաճախ դա կարող է լինել պատվիրված հրապարակում»,- «Մեդիալաբին» ասում է Սոնա Այվազյանը:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետազոտությունն իրականացվել է 2021-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում դեմ առ դեմ հարցման միջոցով, որին մասնակցել է 1520 հարցված։

Այվազյանն ասում է՝ այն պարագայում, երբ հանրության շրջանում լրատվամիջոցների անկախ, ազատ չլինելու ու պատվեր կատարելու ընկալում կա, ապա առաջանում է լրատվամիջոցների ինքնակարգավորման անհրաժեշտություն:

«Լրատվամիջոցներն իրենք պետք է աշխատեն սեփական դաշտը կարգավորել, քանի որ պետությունը չի կարող և իրավասու էլ չէ ամեն ինչ անել մեդիադաշտի հետ: Ինքնամաքրման դեպքում նմանատիպ գնահատականներից հնարավոր է խուսափել»,- նշում է Այվազյանը:

Նրա խոսքով՝ մեդիադաշտի վերաբերյալ հանրային ընկալումների վրա գուցե ազդել է սունկ կայքերի կամ այս կամ այն քաղաքական ուժերին պատկանող լրատվամիջոցների ոչ անկախ գործունեությունը, սակայն, միևնույն է՝ դա ազդում է ընդհանուր մեդիադաշտի հեղինակության վրա:

«Դա ստվերում է առհասարակ լրատվամիջոցների գործունեությունը, աշխատանքը: Բացի այդ, հիմա ամբողջ աշխարհում են փորձում լուծումներ գտնել՝ ինչպես վարվել, որ մի կողմից ազատ խոսքը չսահմանափակեն, բայց մյուս կողմից էլ լինեն կարգավորումներ, որպեսզի ապատեղեկատվության, կեղծ լուրերի միջոցով իրականության աղճատված պատկեր չստացվի»,- ընդգծում է փորձագետը:

Նույն հետազոտության համաձայն՝ հանրային ընկալմամբ դատարանները ևս հայտնվել են ամենակոռումպացված հաստատությունների շարքում, ինչպես նախկինում:

Հարցին՝ բարձրագույն իշխանությունը մշտապես հայտարարում է կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին, սակայն մարդիկ շարունակում են կոռումպացված համարել դատարանները, արդյոք կա պայքար, և հանրային ընկալումնե՞րն են սխալ, Այվազյանն արձագանքում է. «Հանրային ընկալումները, իհարկե, անհիմն չեն: Բազմիցս խոսվել է այդ մասին, երբ հեղափոխությունից հետո խոսվում էր արմատական բարեփոխումների մասին, սակայն կոշտ գործիքներ այդպես էլ չկիրառվեցին»:

Նրա խոսքով՝ դատավորների կազմում էական փոփոխություններ չեն կատարվել, և համակարգում հանրության համար տեսանելի տեղաշարժեր չեն եղել, այդ պատճառով էլ հանրային ընկալումներում դատարանները շարունակում են համարվել ամենակոռումպացված մարմինները:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am