«Մենք չենք ուզում գնանք ստեղից, բայց ուզած չուզած`կգնանք», – ասում է Ձյունաշող գյուղի 57-ամյա բնակչուհի Ծաղիկ Ծատուրյանը:
Լոռու մարզի սահմանամերձ Ձյունաշող գյուղում շարքերով ձգվում են կիսախարխուլ տանիքներով, ճաքճքած ու կիսաքանդ պատերով դատարկ տները, որոնց տերերը վերջին 15 տարվա ընթացքում անվերադարձ լքել են գյուղը:
Անհարթ, դժվարանցանելի ու փոշոտ ճանապարհներով, հայ-վրացական սահմանից 4 կմ. հեռավորության վրա գտնվող Ձյունաշողում այսօր ընդամենը 169 գյուղացիներ են ապրում, իսկ շուրջ 300 բնակելի տնից մնացել է 56-ը:
«Դպրոցը կփակվի, երեխա էլ չի ծնվում: Ջահելություն չկա գյուղում: Ճանապարհները շատ վատ են, գազ էլ չկա, աթար ենք չորացնում, որ ձմեռը վառենք, իսկ բերքն էլ մենակ կարտոշկա, լոբի ու կաղամբ ա ստեղ աճում, մրգերից էլ՝ խնձոր», – ասում է Ծաղիկ Ծատուրյանը եւ հավելում, որ բժշկի դիմելու համար անգամ մեկնում են հարեւան Մեծավան գյուղը (4-5 կմ.), քանի որ Ձյունաշողում հիվանդանոց էլ չկա:
Ճանապարհների անբարեկարգության պատճառով, գյուղում չի գործում հասարակական տրանսպորտ, իսկ հարեւան Կալինինո քաղաքից մինչեւ Ձյունաշող տաքսի ծառայությունից օգտվելն արժե 5000 դրամ:
Ձյունաշողի գյուղապետ, փախստական Յանա Մամիկոնյանը նշում է, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացու համար անգամ կաթնամթերք վաճառելը չնչին եկամուտ է բերում. «Մեկ լիտր կաթը մենք ծախում ենք 100 դրամով, Մեծավանից են գալիս առնում: Իսկ ներքեւի գյուղերից, որ բանջարեղեն են բերում Ձյունաշողում ծախում, կրկնակի գին են դնում վրան, որովհետեւ ճանապարհները վատ են, այդքան տեղ բերքը հասցնելու համար ավել գին են դնում»:
Մամիկոնյանը նաեւ մատնանշում է, որ գյուղի ամենակարեւոր խնդիրներից մեկը հին ջրագծերն են, ինչի հետեւանքով գյուղի տների մեծամասնությունը ծորակից հոսող խմելու ջուր չունի:
«Միայն մի քանի փողոց կա, որոնց տներում ջուր է գալիս: Ես գյուղապետ եմ, ջուր չունեմ տանը, ամեն օր մի 250 մետր գնում եմ աղբյուրից տան համար ջուր բերում խմելու»,-ասում է Մամիկոնյանը, – «Էս գյուղի ջրագծերն ադրբեջանցիների ժամանակից դեռ չեն փոխվել: Հին, ժանգոտած խողովակներ են, տեղ-տեղ`պայթած: Էսպես ապրելը շատ դժվար է, դրա համար էլ մարդիկ թողնում գնում են էս գյուղից»:
«Պետությունից ոչ մի օգնություն չկա, էդքան դիմել եմ մեր խնդիրների համար, մենակ ընտրություններին թեկնածուները գալիս են, ամեն մեկին մի 2 կիլո պեսոկ տալիս ու վերջ», – հավելում է համայնքապետը:
Դեռեւս 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով լեռնային գոտիների դատարկվող գյուղերին, նշել էր, թե որեւէ մեծ խնդիր չի տեսնում այս հարցում:
«Եթե այսօր հարթավայրում կամ գյուղին մոտ կա մի գյուղ, որն ապահովված է խմելու ջրով, ոռոգման ջրով, գազաֆիկացված է, ինտերնետը հասանելի է, դպրոցները վերանորոգված են ու կա մանկապարտեզ, ես կնախընտրեի, որ 5-7 կմ. վերեւ ապրող 10-12 ընտանիքը իջներ էդտեղ, էս մի գյուղում ապրեր, երեխային ուղարկեր նորմալ դպրոց, մինչեւ կկարողանանք, ձեռքներս կհասնի եւ էն վերեւի գյուղն էլ գազ կքաշենք կամ դպրոց կկառուցենք»,- ասել է նախագահը:
Ճակատագրի հեգնանքով, Ձյունաշողը երկրորդ անգամ է դատարկվում: Գյուղը նախկինում կոչվում էր Կզըլշաֆակ եւ հիմնականում բնակեցված էր ադրբեջանցիներով, իսկ Ղարաբաղյան հակամարտության արդյունքում (1988-1994) վերաբնակեցվեց Ադրբեջանի հայաբնակ Քերքենջ գյուղի փախստականներով:
Ձյունաշողցի 35-ամյա Նորայր Ծատուրյանը 1989-ին`դեռ պատերազմական գործողություններից առաջ, երբ հակամարտությունը հասունանում էր, ծնողների ու 4 քույրերի հետ գաղթել է ադրբեջանական Քերքենջից:
«10 տարեկան եմ եղել, որ տեղափոխվել ենք Ձյունաշող, բայց ես Քերքենջը հիշում եմ: Մեծերի համար սկզբում դժվար էր, որ տեղափոխվեցինք, բայց ինձ համար այստեղ ավելի հարազատ ա: Հիշում եմ, որ շանս էլ հետս էի բերել Քերքենջից»,- ասում է անասնապահությամբ զբաղվող 3 երեխաների հայրը:
Ձյունաշողի եւ Կզըլշաֆակի փոխանակման պատմությանը IWPR-ն անդրադարձել է տարիներ առաջ, երբ երկու գյուղերի բնակիչների միջեւ դեռ գոյություն ուներ վիրտուալ կապ. նրանք ժամանակ առ ժամանակ միմյանց ուղարկում էին տեսա կամ ֆոտո նյութեր, որով մյուս կողմին ապացուցում էին, որ գյուղերում պահպանվում են նախնիների գերեզմանները: Գերեզմանները չքանդելու խոստումը երկու գյուղերի բնակիչների ակսակալները միմյանց տվել են 1989-ին, երբ փոխանակման վերջնական համաձայնության են եկել: (տե´ս “Армения: с родины на родину” հոդվածը/ http://iwpr.net/node/25275):
Նորայրը պատմում է, որ ըստ երկու գյուղերի միջեւ եղած նախնական պայմանավորվածության, մինչ օրս Ձյունաշողում պահպանվում է ադրբեջանական գերեզմանոցը:
«Առաջ նկարում էինք, ուղարկում իրանց, որ տեսնեին`ո՞նց ենք պահում իրանց գերեզմանները: Իրենք էլ էին նկարում, մեզ ուղարկում, որ մենք էլ մեր գերեզմանոցները տեսնեինք տեղում են, թե՞ ոչ: Դե մենք ինչի՞ պետք ա քանդենք, հո՞ բարբարոս չենք, պահպանում ենք: Առաջ` սահմանը որ բաց էր Վրաստանի հետ, իրանք մեկ-մեկ կարողանում էին գալ: Էս մեր տան տերը, օրինակ, մի երկու անգամ եկել ա, բայց հիմա չէ, ոչ մեկ չի կարա գա գնա», – ասում է Նորայրը:
Ձյունաշողի ապագան, կարծես, ավելի եւ ավելի անորոշ է դառնում:
«Էս գյուղից գնացողն էլ հետ չի գալիս: Ոմանք իրենց տները քանդում են, որպես մատերիալ ծախում ու գնում Ռուսաստան, Ուկրաինա»,- ասում է Ձյունաշողի դպրոցի նախկին տնօրեն Սվետլանա Սարգիսովան:
Նա նշում է, որ գյուղում դպրոցն ավարտելուց հետո աշակերտները հիմնականում արհեստ են սովորում կամ վաղ ամուսնանում, քանի որ ծնողների մեծ մասը հնարավորություններ չունեն իրենց երեխաների համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ապահովել:
Ձյունաշողի դպրոցում, որտեղ սովորում է շուրջ 43 աշակերտ, դասավանդում է 8 մանկավարժ:
Տարի է լինում, որ դպրոցն առաջին դասարանի աշակերտ չի ունենում կամ եթե լինում է` մեկ, երկու երեխա:
Դպրոցը ոչ բարեկարգ վիճակում է, դասասենյակները`հին ու խոնավ, հատակը` կիսաքանդ, պատուհանները`ջարդված: Գազաֆիկացված չլինելու հետեւանքով, ձմռանը դպրոցի ցուրտ դասասենյակները ջեռուցվում են դիզ. վառելիքով:
Սվետլանա Սարգիսովան 1992-ին Բաքվից է տեղափոխվել Ձյունաշող եւ աշխատելով գյուղի դպրոցում` դասավանդել է ռուսաց լեզու ու գրականություն: Շուրջ 20 տարի դպրոցում տնօրեն աշխատելուց հետո, այսօր նա գործազուրկ է, քանի որ չունի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:
«Պատճառն այն է, որ ես ռուսաց լեզվի մասնագետ եմ, հայկական տառերը տեսել եմ Հայաստանում, գրել-կարդալ սովորել եմ ինքնուրույն, ու հայերենի վատ իմացության պատճառով հիմա դժվարանում եմ իրավունք /հավաստագիր/ ստանալ: Դասընթացների եմ գնացել, քննություն էլ եմ հանձնել, բայց չեմ անցել բալերը քիչ հավաքելու պատճառով», – ասում է 3 երեխաների մայրը եւ հավելում, որ այժմ իր փոխարեն նշանակված դպրոցի նոր տնօրենը հարեւան Մեծավան գյուղից է:
«Ես 20 տարի այս ձեւով, էն ցրտերին փախստական երեխեքին դպրոցում պահեցի, դաս տվեցի: Դպրոցում ինչքան գիրք կա, այ էս ձեռքերով ա եկել հասել: Ինչքան ուսուցիչների եմ բա իմ տանը պահել, իսկ հիմա ես պետք չեմ»,- ասում է տիկին Սվետլանան:
Նրա մեծ որդին ընտանիքի հետ ապրում է Ուկրաինայում, դեռեւս 3 տարի առաջ լքել է գյուղը: Սվետլանան ապրում է Ձյունաշողում իր ամուսնու եւ փոքր որդու հետ, վերջինս աշխատում է դպրոցում որպես զինղեկ ու ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Չնայած դժվարություններին, Սարգիսովան պնդում է, որ չի պատրաստվում լքել գյուղը:
«Գիտե՞ք ես քանի անգամ եմ տուն կորցրել եւ հիմա ռիսկ չեմ անի տեղից շարժվելու: Բաքվում տուն-տեղ, ամեն ինչ թողել, դուրս ենք եկել, ոչ էլ տուն ենք ծախել, որ մի կոպեկ ձեռք բերենք: Էն ժամանակ շատ վատ վիճակ էր, մենակ մտածում էինք երեխեքիս սաղ-սալամաթ հանենք էդ տեղից»,- աչքերը փակելով ու ողջ անցյալը վերհիշելով`պատմում է Սվետլանան:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարները`Կարապետ Սահակյանի
© Medialab.am
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի “Կովկասյան լրատու” պարբերականից: www.iwpr.net