«Հայաստան» համահայկական հիմնադրամն անկողնային տաք պարագաներ է հատկացրել արցախցի ընտանիքներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախից տեղահանված շուրջ 200 ընտանիքի տրամադրել է ձմեռային անկողնային պարագաներ՝ բարձեր և վերմակներ: 

Անկողնային պարագաները կարվել են հենց արցախցի կանանց կողմից, երբ նրանց զբաղվածության խնդիրը լուծելու համար Project Hope կազմակերպությունը Ծաղկաձորում հիմնել էր կարի 2 փոքրիկ արտադրամաս և այնտեղ ապաստանածներին ապահովել աշխատանքով:

Հիմնադրամի հոգածությամբ պատվիրված ավելի քան 400 տաք հավաքածուները «Հո´գ տար» սոցիալական նախաձեռնության միջոցով բաշխվեցին Կոտայքի մարզի տարբեր համայնքներում՝ Աբովյանում, Նոր Հաճնում, Նոր Գեղիում, Կամարիսում, Եղվարդում  և հարակից գյուղերում ու քաղաքներում ապաստանած ընտանիքներին:

Ծրագրի շահառուներն ընտրվել են նախապես գրանցված այն ընտանիքներից, որոնց համար առաջնային խնդիր է եղել տաք իրերի ապահովումը: Հաշվի է առնվել նաև ընտանիքների բազմանդամությունը: Յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է երկուական բարձ և վերմակ: 

«Քանի որ մենք մեր ամբողջ ունեցվածքն ու իրերը թողել ենք Արցախում, նմանատիպ ծրագրերն օգնում են ինչ-որ չափով թեթևացնել կենցաղային հոգսերը»,- նշում է ծրագրի շահառու, Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչ Գայանե Բադալյանը: 

Անկողնային պարագաները բաժանվեցին Կոնտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղակայված կենտրոնակայանից, իսկ այն բնակիչներին, ովքեր հնարավորություն չունեին անձամբ մոտենալ և վերցնել պարագաները՝ կամավորներն իրենք հասցրին դրանց կարիքն ունեցող բոլոր ընտանիքներին: 

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով:

Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։