Քարանձավի մարդը` իր հանգստության Օլիմպոսում. «Հոգնել եմ, կշտացել եմ ամեն ինչից»

Քարանձավի մարդը` իր հանգստության Օլիմպոսում. «Հոգնել եմ, կշտացել եմ ամեն ինչից»
Քարանձավի մարդը` իր հանգստության Օլիմպոսում. «Հոգնել եմ, կշտացել եմ ամեն ինչից»

Մեկուկես մետր երկարություն ունեցող փոքրիկ քարանձավի մեջտեղում մրոտ վառարանն է, մի անկյունում` հին ու կեղտոտ ներքնակներից պատրաստված անկողինը, կողքին տախտակից սեղանը` վրան շարած ուտելիքներ, իսկ անկյունում կանաչիների ու լոլիկի ջերմոցը:
Բնության ամեն մի քար ու թփից «հարմարություն» ստեղծող 41-ամյա Գարիկ Կուրղինյանն արդեն 10 ամիս է` ապրում է Երևանյան լճի մերձակայքում գտնվող քարանձավներից մեկում:
«Դուռ» ,ավտոմեքենաների դիմապակիներից պատուհաններ, աստիճաններ, խողովակով խմելու ջուր, ձմռան վառելիք փայտ… Քարանձավում նա ստեղծել է հնարավոր բոլոր հարմարությունները գոյատևելու համար:
«Լճից շինարարական աղբ եմ հանում, էս փետերն էլ եմ հանել լճից ու վառում եմ, վառում, չի պրծնում, էնքան շատ ա: Ստեղ այգի էլ ունեի, պոմիդոր, կանաչի էի աճացնում իմ ապրելու համար, դե, արդեն չորացել ա, ներսն եմ տեղափոխել մի մասը»,- պատմում է Գարիկ Կուրղինյանը:

Քարանձավ-տան շրջակայքում ցաքուցրիվ շարված են, ինչպես ինքն է ասում, լճից հանած կապրոնե շշերը, շինարարական գործիքներ, հին կենցաղային իրեր:

Գարիկի քարանձավային թագավորությունում, որը նույնիսկ անուն ունի` մուտքի վրա գրված է` Օլիմպոս, նա միայնակ է ապրում: Կնոջից բաժանվել է 7 տարի առաջ, իսկ երկու անչափահաս որդիները, պատմում է, երբեմն այցելում են իրեն:

Երևանյան լիճ

Օրվա ապրուստը հոգալու համար ամռանը հիմնականում Երևանյան լճից ձկնորսությամբ է զբաղվել:

«Օրը մի 3-4 կիլո ձուկ էի բռնում լճից: Մեծ ցանցեր ունեմ, դրանով էի բռնում, էն էլ որ լիճը հանկարծակի թողեցին, ցանցերս սաղ կպավ գետնին, ձկները` մեջը, սաղ ցեխը, աղբը եկավ, լցվավ մեջը ու փրթիկ-փրթիկ եղավ»,- ասում է Գարիկը և ցույց տալիս երկաթե պատնեշներից կախված ու ամբողջովին կտրտված ցանցը:

Նա նշում է, որ ամռանը որսացած ձկան մի մասը պահում էր իրեն, մյուս մասը փոխանակում հացի, ծխախոտի և այլ մթերքների հետ: Այդ աշխատանքի շնորհիվ իր համար արդեն մի պարկ ալյուր է գնել, ձավար ու ամեն օր ինքնուրույն հաց է թխում, ճաշ եփում գոյատևելու համար:

«Դե, քարանձավի ներսում էլ ջերմոց ունեմ, կանաչի եմ աճացնում, պոմիդոր: Նույնիսկ թթու եմ դրել դրսում»,- ծիծաղելով ասում է Գարիկը, ով քարանձավի կողքին նոր խոհանոց է իր համար պատրաստում:

Նա նշում է, որ ամռանը շատ օձ ու կարիճ են լինում, որոնցից պաշտպանվելու համար միջոցներ է ձեռնարկում, իսկ ձմռանը հիմնականում ցուրտն է դժվարություններ ստեղծում: Չունենալով էլեկտրաէներգիա՝ մոմի լույսի տակ է անցկացնում գիշերները:

Be or not to be («Լինե՞լ, թե՞ չլինել»)

«Ստեղ էնքան գործ կա: Գիտե՞ք` քանի մեքենա ձյուն եմ հանել, թափել: Եթե մի օր չաշխատեմ, չշարժվեմ տեղիցս, կթաղվեմ-կմնամ ստեղ: Ստեղ մաքուր ա օդը, խանգարող չկա, հարևանները գլխիդ վերևը փայտ չեն կոտրում, դռանդ վրա ֆուտբոլ խաղացող չկա: Գիշերը մանավանդ նստում եմ, նայում քաղաքին, շատ սիրուն ա»,-ասում է իր քարանձավի տեր ու տիրակալ Գարիկը, որի պատուհաններին փորագրված Be or not to be («Լինե՞լ, թե՞ չլինել») արտահայտությունը խոսում է նրա կյանքի ամենօրյա պայքարի ու անսպառ եռանդի մասին:

Վեց տարի ապրել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում և ունեցել իր փոքրիկ սեփական բիզնեսը շինարարությունում: 2007-ին նրան ԱՄՆ-ից արտաքսում են`գրանցում չունենալու համար և ուղարկում Հայաստան:

«Ստեղ բուսաբանական այգում էի աշխատում, կերամիկայից պատրաստած սիրուն կենդանիների արձաններ ունեի այգում: Ես խեցեգործ եմ եղել: Բայց գործս կորցրի, արվեստանոցս ձեռքիցս առան, արձաններս էլ մինչև հիմա չեմ կարում վերցնեմ»,- պատմում է Կուրղինյանը:

Աշխատանքից հեռացնելուց հետո սկսել է ուսումնասիրել Հայաստանի վարչական օրենսգիրքը, քրեական օրենսգիրքը, Սահմանադրությունը:

Առանձնացված աշխարհից ու մարդկանցից` նա դիմավորում է լուսաբացն ու մթնեցնում իր օրերը:

«Ես որ Ամերիկայից խնդիրներով եկա, ինձ ստեղ արդեն հերետիկոս անվանեցին: Դատական գործընթացների մեջ ընկա. Սահմանադրական դատարան եմ կանչել և´ նախագահին, և´ պատգամավորներին, եկեղեցուն նրա համար, որ մեր վարչարարները մեզ սպանում են: Ես տեսնում եմ, որ մեր երեխեքը էս վտանգի մեջ են գտնվում, էս համակարգում ապագա չունեն: Ես տեսնում եմ, թե հենց էդ նույն կաթողիկոսը, հենց էդ նույն գերագույն հրամանատար կոչվողն ինչ են անում»,- ասում է Գարիկը:

Խռոված աշխարհից ու մեկուսացած` նա որոշում է գալ և քարանձավում ապրել:

«Պատահական գտա էս տեղը, էնքան դուրս եկավ, որ եկա, շատ հավանեցի էս քարերը: Ստեղ աղմուկից հեռու ա, հանգիստ: Հետո` էդքան մարդու, պաշտոնյաների դատի տվողը չի կարա ուրիշ տեղ ապրի, անպայման մի փորձանքի կգա,- ծիծաղում է Գարիկը: – Քանի մեր հասարակությունն ապրում է էդ արժեքներով, ես չեմ կարա բնակարանում ապրեմ, հոգնել եմ, կշտացել եմ թե´ բակից, թե´ հարևաններից, թե´ ազգուտակից, բարեկամներից»:

Առանձնացված աշխարհից ու մարդկանցից` նա դիմավորում է լուսաբացն ու մթնեցնում իր օրերը միայնակ իր քարանձավի թագավորությունում` բնության հետ լիակատար ներդաշնակության ու հանգստության մեջ:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Կարապետ Սահակյանի

Տես նաեւ Ֆոտոպատմությունը

© Medialab.am