Հայփոստը պիլոտային նոր ծրագիր է սկսում Ռուսաստանի փոստի հետ

Փետրվարի 5- 7 ին Մոսկվայում կայացել են հանդիպումներ ՀայՓոստի և Ռուսաստանի փոստի ղեկավար կազմերի միջև: Հանդիպումների ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման, նոր ծառայությունների ներդրման, ինչպես նաև    փոստափոխանակման կազմակերպման վերաբերյալ հարցեր:Այս մասին տեղեկանում ենք Հայփոստի տարածած հաղորդագրությունից:

Հանդիպումների արդյունքում կողմերը ստորագրել են կարևոր պայմանագիր, որի համաձայն ռուսաստանյան առցանց առևտրով զբաղվող խոշոր հարթակներից մեկի համար ներդրվելու է պիլոտային ծրագիր, ըստ որի մեծածավալ բեռները փոստային ուղիներով փոխադրվելու են ՌԴ-ից ՀՀ և հակառակ ուղղությամբ: Այս ծրագրի շրջանակում տեղի է ունենալու տերմինալից տերմինալ փոստային փոխադրում, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել առաքման գներն ու ժամկետները, ինչպես նաև էապես բարձրացնել փոստափոխանակման ծավալները:

Պայմանագիրը ստորագրել են ՀայՓոստի գլխավոր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը և Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրենի տեղակալ Անտոն Կոլուդարովը:

ՀայՓոստի Գլխավոր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը նշում է. «Այս պայմանագիրը կնպաստի փոստային նոր ծառայության ներդրմանը, որը թույլ կտա երկու երկրների փոստային օպերատորներին փոստային մեծածավալ բեռներ փոխադրել: Տվյալ ծառայության ներդրումը հաջողելուց հետո պետք է ձեռնամուխ լինենք աշխարհագրության ընդլայնմանը: Պետք է հասնենք մի կետի, երբ փոստային ուղով բեռի տեղափոխումը լինի ավելի մատչելի, արագ և ապահով: Իմ ռուսաստանյան գործընկեր Անտոն Կոլուդարովի հետ միասին լիահույս ենք, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում արդեն կտեսնենք նոր ծառայության պտուղները և տվյալ ծառայությունը կառաջարկենք այլ ընկերությունների»:

Հանդիպումների ընթացքում Հայփոստի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայում գտնվող կենտրոնական փոխանակման և սորտավորման ավտամատացված կենտրոն, ծանոթացել են նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը և գործընթացների կազմակերպմանը: