Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում «Ալյանս»-ը կմասնակցի իր ցուցակով, վարչապետի իր թեկնածուով

Եթե Հայաստանում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա «Ալյանս» կուսակցությունը կմասնակցի իր ցուցակով և վարչապետի իր թեկնածուով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ կուսակցության համաժողովում:

Ըստ Ուրիխանյանի՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է, վարչապետն է, և այդ պատասխանատվությունը առաջին հերթին պետք է դրսևորվի հրաժարականով:  Նա առաջ քաշեց հարց՝ գնա՞լ ընտրությունների ճանապարհով, թե՞ ոչ: Ուրիխանյանի կարծիքով՝ դրա պատասխանը պետք է տա ժողովուրդը:

«Շատ մոտ ապագայում հրավիրվելու է հանրահավաք: Եվ այդ հանրահավաքի ժամանակ կհնչի հարց, կհնչի առաջարկ նաև: Մասնակիցների, համակիրների դիրքորոշումից, ժողովրդի աջակցությունից կախված նաև կձևավորվի այդ առաջարկը: Եվ նաև մենք կլինենք պահանջողներից մեկը՝ հարցը լուծել  ա՞յս կերպ, թե՞ այն կերպ»,-ասաց նա:

Ուրիխանյանի խոսքով՝ եթե ժողովուրդը որոշի, հասարակական պահանջ լինի, որ պետք է տեղի ունենան ընտրություններ, ապա «Ալյանս»-ը կմասնակցի ընտրություններին: ««Ալյանս»-ը մասնակցելու է սեփական թիմով, սեփական կազմով, սեփական համախոհներով, համակիրներով»,-ասաց Ուրիխանյանը:

Նա հավելեց նաև, որ «Ալյանս»-ը ընտրություններին գնալու է իր սեփական ցուցակով, իր սեփական վարչապետի թեկնածուով: