ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է Արցախից սիրիացի վարձկանների հեռանալու անհրաժեշտության մասին

Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների սահմանների մոտ նրանց գործունեությունը ՀԱՊԿ համար ռիսկեր է պարունակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք ունենք տեղեկատվություն ղարաբաղյան հակամարտության գոտում Սիրիայից վարձկանների ներկայության ու գործողությունների մասին: Ցանկացած սիրիացի վարձկան, զինյալ պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի որ զինյալների խմբերի, ջոկատների, ապօրինի զինված միավորների ստեղծումն անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մերձակայքում հստակ ռիսկեր են պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,- ասել է Զասը: