«Ներկայումս եղած բոլոր հարթակներն էլ ի զորու չեն ապահովելու առարկայական արդյունք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում». Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

Պարո՛ն Պետրոսյան, Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Ադրբեջանը թե՛ հայտարարությունների մակարդակում, թե՛ հրադադարի խախտումների դեպքերով ակտիվացել է ու ավելի ագրեսիվ է դարձել: Ո՞րն է այս ագրեսիվության նպատակն ու պատճառը:

– Ադրբեջանի նպատակը մեկն է՝ ի կատար ածել այն բոլոր ծրագրերը, որոնք հնարավոր չեղան իրականացնել 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո: Ե՛վ իր հռետորաբանությամբ, և՛ դիվանագիտությամբ, և՛ պարբերաբար ուժի, ուժի սպառնալիքի կիրառման փորձերով Ադրբեջանը ձգտում է, օգտվելով նաև վերջին շրջանում արձանագրված աշխարհաքաղաքական իր համար բարենպաստ վիճակից, կրկին հանդես գալ առավելապաշտական դիրքերից ու միակողմանի զիջումների ճանապարհով ավարտել կիսատ թողած ծրագրերը:

– Փորձում է դա անել ռազմակա՞ն ճանապարհով:

– Նաև՝ որովհետև դիվանագիտական-քաղաքական գործիքակազմն առայժմ չի ընձեռում այն հնարավորությունը, որ առանց ուժի կիրառման Ադրբեջանը կարողանա լուծել այն խնդիրները, որոնք վաղուց հայտնի են:

– Պարո՛ն Պետրոսյան, իսկ այսօր կա՞ն երկրներ, թեկուզ հենց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորող գործընթացում ներգրավված միջնորդ պետությունները, որոնք կկարողանան թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ հնարավոր ռազմական ճակատում զսպել Ադրբեջանի ծավալապաշտական ցանկությունները:

– Երբ վերջին օրերին պարզ դարձավ, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված բրյուսելյան հանդիպումը չի կայանա, ու Ադրբեջանն էլ կտրուկ սրեց հռետորաբանությունը, արձանագրվեց բոլոր հիմնական միջնորդների՝ ՌԴ-ի, Եվրամիության, ԱՄՆ-ի ակտիվացում, պարբերական այցեր, բանակցություններ Ադրբեջանի հետ՝ Խովաևի, Ռիքերի: Այսինքն՝ կարծես թե փորձ է արվում Ադրբեջանին հետ մղել կամ կանխել նրա կողմից նոր ագրեսիայի հնարավորությունը: Այսօր որևէ խաղացողի շահերից չի բխում նոր ռազմական բախումը նաև մեր տարածաշրջանում, որը պահանջելու է հավելյալ ջանքերի գործադրում:

«ՀԱՊԿը Հայաստանին առաջարկել է օգնության տարբեր միջոցները՝ և՛ քաղաքականդիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելություն ուղարկելը սահման՝ իրատեսորեն գնահատելու իրավիճակը: Դրանք ընդհանուր առմամբ աջակցություն գտան բոլոր պետությունների կողմից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ինչպես գիտենք, Հայաստանին աջակցություն տրամադրող փաստաթղթի նախագիծը չստորագրվեց, որովհետև ՀՀ վարչապետին չէին գոհացրել այնտեղ եղած կետերը: Ինչո՞ւ հայկական կողմը չի բացահայտում, թե ինչ առաջարկներ են արվել, և եթե Զասի ասած առաջարկներն արվել են, ճի՞շտ էր հրաժարվել դրանցից ու չստորագրել փաստաթուղթը:

– Բավականաչափ դժվար է ասել, թե կոնկրետ ինչ առաջարկ է արվել, բայց եթե հայկական կողմը չի ստորագրել այդ առաջարկների փաստաթուղթը, նշանակում է, որ դա այն չէ, ինչ պահանջվել է Հայաստանի կողմից: Իսկ Հայաստանի պահանջը ՀԱՊԿ-ից հասցեական, հստակ արձագանքն էր և քայլերի հաջորդական նշում, որոնք հանգեցնելու էին նրան, որ ադրբեջանական զորքերը դուրս գային Հայաստանի օկուպացված տարածքներից: Իսկ դիտորդական առաքելությունները, իրավիճակը գնահատող խմբերը չեն կարող Ադրբեջանին զսպել կամ ստիպել, որ նա դուրս բերի իր զորքերը Հայաստանի սահմաններից:

– Իսկ լրամշակված տարբերակում կներառվե՞ն Հայաստանի համար ցանկալի կետերը:

– Չեմ կարծում, որ այդ տարբերակում կլինեն այն բոլոր լուծումները, որոնք ակնկալում է հայկական կողմը, եթե անգամ նման տարբերակ լինի՝ կարող է լինել ինչ-որ փոխզիջումային տարբերակ, ինչը բխում է կառույցի բովանդակությունից ու նրա անդամ պետությունների շահերից և հետաքրքրություններից, որոնք հստակ արտահայտվում են: Բնականաբար, այս կառույցից շոշափելի քայլեր ակնկալել չենք կարող:

– Քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է Ֆրանսիայի նախագահի միջնորդությունից, կարո՞ղ ենք ենթադրել, որ հակամարտության կարգավորման հարթակներից շարունակելու է գործել միայն ռուսական հարթակը:

– Հարթակների մրցակցությունը շարունակվելու է: Ճիշտ չի լինի, որ մենք հայկական կամ ադրբեջանական կողմերի այս կամ այն հայտարարությունից, հռետորաբանությունից հետևություններ անենք: Ըստ էության, ներկայումս եղած բոլոր հարթակներն էլ ի զորու չեն ապահովելու առարկայական արդյունք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում:

Պատճառները շատ պարզ են. աշխարհաքաղաքական մրցակցություն ու նաև մեր տարածաշրջանում գոյություն ունեցող խախտված ուժային բալանս: Մրցակցությունը, բնականաբար, շարունակվելու է, ու բավականաչափ բարդ է գնահատական տալ, թե որ միջնորդական հարթակն է կարողանալու հասնել կողմերի հարաբերությունների վերջնական կարգավորմանը:

– Պարո՛ն Պետրոսյան, սահմանային նոր էսկալացիայի հնարավորությունն այս պահին որքա՞ն եք գնահատում:

– Բավականին մեծ է այդ հնարավորությունը, որովհետև Ադրբեջանի դիրքորոշումը որևէ կերպ չի փոխվել, ու նաև գործիքակազմը չի փոխվել: Այսինքն՝ նրանք շարունակում են ռազմական դիվանագիտության ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը: Եթե դիվանագիտական հարթությունում հասնեն փակուղային իրավիճակի, գործի են դնելու ռազմական ուժի կիրառումը, որովհետև միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը սահմանափակ ուժի կիրառման հնարավորություն ընձեռում է:

Նոր էսկալացիայի միջոցով կստեղծեն նոր ստատուս քվո ու Հայաստանին կդրդեն միակողմանի զիջումների: Ռազմական էսկալացիայի հնարավորությունը որևէ կերպ չի կարելի բացառել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am