«Մինիստրն ինչ է, որ չփոխենք, ա՛յ քեզ բան, վարչապետ հանեցինք տշեցինք, նոր վարչապետ դրեցինք». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ):

– Պարո՛ն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշումը, ըստ որի Կոնստանտին Օրբելյանը ազատվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:

– Դա շատ ապուշ ու անհիմն որոշում է: Հիմնավորումն այն է, որ հղում են անում ինչ-որ օրենքների, որոնք ժամանակին ընդունել են նախկին իշխանությունները: Ով գիտի, Սովետից են եկել այդ օրենքները, որ չի կարելի համատեղել տնօրենի և գեղարվեստական ղեկավարի աշխատանքը:

Բայց թատրոնի առանձնահատկությունը բացարձակ նկատի չեն ունեցել: Թատրոնում, մանավանդ մեծ կոլեկտիվում, ամեն ինչ որոշում է գեղարվեստական ղեկավարը, և նա է հանդիսանում նաև տնօրեն:

Ուղղակի այդ կինը բացարձակ տեղյակ չէ, թե ի՛նչ է թատրոնը, ինչպե՛ս են հարաբերությունները թատրոնների կոլեկտիվում և այլն: Խաբար չի, ուզում է ինչ-որ բան արած լինի, բայց ապուշ բան է անում իրականում: Չի ստացվելու իր մոտ հաստատ, արդեն գիտենք, որ օպերայի աշխատակիցները գործադուլ են անում, բողոքի ակցիաներ: Դա շատ վատ է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգի համար, մանավանդ որ արդեն տեղեկություններ կան, որ տնօրեն պետք է լինի ինչ-որ մեկը «Իմ քայլը» դաշինքից:

Զարմանալի է, որ Ֆրանսիայում ապրած մարդը կոմունիստական կուսակցության մտածելակերպ ունի: Առաջ էր այդպես, որ միշտ երկրորդ ղեկավարը պետք է անպայման կուսակցական լիներ, կոմունիստական կուսակցությունից ինչ-որ մի հատ էշ էին դնում: Բայց ոչ մեկը բանատեղ չէր դնում նրան, ինքն ուղղակի գործ տվողի կարգավիճակում էր:

Հիմա Նազենի Ղարիբյանը նույն բանն է կրկնօրինակում, չգիտեմ՝ որտեղի՛ց է սովորել, այդ հանճարեղ միտքը ո՛վ է իրեն տվել: Շատ վատ է, որ նման բաներ են անում և որոշ մարդկանց առիթավորվելու տեղիք են տալիս: Ես դրա համար իմ «Ֆեյսբուքում» ստատուս էի գրել, բայց նաև զգուշացրել էի՝ հանկարծ չառիթավորվեք:

– Ձեր կարծիքով՝ Օրբելյանի հեռանալով տուժելո՞ւ է օպերան:

– Ինձ համար թատրոնում առաջին հերթին կարևորը դերասանն է, որ թատրոնում էլ դա լինի: Չկա դերասան, չկա թատրոն: Ես դերասաններից ու երաժիշտներից, բոլոր կոլեգաներից լսել եմ, որ նա լավ ղեկավար է: Վե՛րջ, դա է ինձ համար ուղենիշ:

Մնացածը՝ օրենքով է, օրենքով չէ, կամ տխմար խոսակցություն կա՝ հայերեն խոսում է, չի խոսում, Մոսկվայից է, թե եսիմ որտեղից, դրանք անհիմն ու հիմար խոսակցություններ են: Եթե կոլեկտիվը սիրում է, ուրեմն ինքն է, վե՛րջ: Իհարկե, օպերան տուժում է, եթե կոլեկտիվը նրան սիրում է, բայց այդ մարդուն հանում են գործից, մարդիկ կսկսեն ավելի անհավես գալ գործի:

Ավելին, ում որ նշանակեն նրա փոխարեն, կոլեկտիվն այդ մարդուն կսկսի ատել: Դա շատ պրիմիտիվ կառուցվածք է, մարդ պետք է բացարձակ անտեղյակ լինի մարդկային հարաբերություններից, հոգեբանությունից և թատրոնից ընդհանրապես, թե ինչպես են այնտեղ հարաբերություններ կազմվում, որպեսզի նման որոշում ընդունի:

Իսկ ես իրավաբաններից լսել եմ, որ եթե նա օրենքից է խոսում, ինքը՝ որպես նախարարի պաշտոնակատար, իրավունք չունի նման որոշում ընդունելու: Դրա համար ես օպերայում աշխատող ընկերներիս խորհուրդ եմ տվել, որ նրանք դիմեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որ նրանք իրենց քաղաքացուն հետ հրավիրեն, որովհետև այդ մարդը խանգարում է թատրոնին: Եվ այդ խորհուրդը ինձ տվել են իմ իրավաբան ընկերները, որ նա հակաիրավական գործունեությամբ է զբաղված:

– Վերջին շրջանում նաև նախարարությունից փաստաթղթերի արտահոսք եղավ, ըստ որի՝ ծրագիր կա օպտիմալացնելու թատրոններն ու լուծարելու որոշ ՊՈԱԿ-ներ: Դուք այս խնդրին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Դա լրիվ այլ հարց է: Այն, որ աղքատ և թերի զարգացած երկրում չի կարող միայն Երևան քաղաքում 12 պետական թատրոն լինել, դա ակնհայտ է: Դա Սովետից մնացած «ժողովրդական արտիստ» կոչման նման հիմար որոշում է: Ես կողմ եմ, որ օպտիմալացում լինի, բայց ռուսի ասած՝ хотели как лучше, а получилось как всегда. Այսինքն՝ դա անելու համար պետք է նախապատրաստվել գործընթացին: Մենք չունենք Թատրոնի մասին օրենք, չգիտենք, թե այդ դաշտն ինչպես կարգավորենք, և միանգամից խոսում ենք օպտիմալացման կամ քանդման մասին:

Դա հետևանք պետք է լինի երկարատև աշխատանքի, եթե դու այդ աշխատանքը չես կատարել, թատրոններն ընդամենը կսկսեն փակվել և սպասարկել մեր ռաբիս ժողովրդի ճաշակը: Իսկ մենք գիտենք, որ մեր ժողովուրդը «շատ ճաշակով ժողովուրդ է»: Բայց, դե, իրենց վատն այն է, որ նման հարցեր քննարկելիս մասնագետների կարծիքը հաշվի չեն առնում: Մենք ունենք նորմալ մասնագետներ, որոնք երկար տարիներ աշխատում են թատրոնում:

Նրանք գիտեն ուղնուծուծը, թե ինչպես անել, աշխարհի տարբեր թատրոններում ունեն կապեր, գիտեն, թե այդ գործընթացները ոնց են արվում, ինչպես է կառուցվում կապիտալիստական թատրոնն այսօրվա դրությամբ: Այսինքն՝ այդ ինֆորմացիան կա, իսկ մենք բերում ենք մի Մակունց իմաստության, ինքը նստում է ու սկսում ինչ-որ բաներ որոշել: Կարող է նա շատ լավ աղջիկ է, այլ ոլորտում նա լավ մասնագետ կլիներ, բայց այստեղ չի կարող լավ աշխատել, դա նույնն է, որ ես սկսեմ էկոնոմիկայից կամ գյուղատնտեսությունից խոսել:

– Այսինքն՝ նոր իշխանության կադրերի հարցը դեռևս մնում է ամենացավոտ հարցերից մե՞կը:

– Դա ոչ թե նոր իշխանության հարցն է, այլ յուրաքանչյուր հեղափոխության հետևանք է: Դա օբյեկտիվ պրոցես է, բայց, փառք Աստծո, այդ օբյեկտիվ պրոցեսը կարելի է ղեկավարել: Այդ ղեկավարումը կարող են իրականացնել հասարակ քաղաքացին, մտավորականությունը, որին դեռ չեն գնդակահարել, ինչպես 1917 թվին, կամ ռեպրեսիաների չեն ենթարկել, ինչպես Ստալինի ժամանակ:

Ես՝ որպես մտածող մարդ, իմ կարծիքն արդեն հայտնեցի: Հենա օպերայում ժողովուրդն արդեն ոտքի է կանգնել, կամաց-կամաց սրան կհանեն, կդնեն մեկ ուրիշին: Իսկ որ իրեն կհանեն, դրանում կարող եք հաստատ համոզված լինել: Այս հեղափոխությունը դրա համար է արվել, որ մենք կարողանանք ինչ-որ բան որոշել:

Համազգային թատրոնում զոռով Վիգեն Չալդրանյանին դրել էին, մարդիկ չէին կարողանում պրծնել: Ընդամենը թատրոնի ժողովուրդը ոտքի ելավ ու ասաց՝ չենք աշխատում, հանեք, և հանեցին:

Նույնն էլ այստեղ է լինելու: Մինիստրն ինչ է, որ չփոխենք, ա՛յ քեզ բան, վարչապետ հանեցինք տշեցինք, նոր վարչապետ դրեցինք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am