Արցախի 4 նախագահներից 2-ը բնակվում են Երևանում․ վերադարձե՛ք Արցախ․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրել է․

Վերադարձե՛ք Արցախ

Եթե չեմ սխալվում, Արցախի 4 նախագահներից 2-ը բնակվում են Երևանում: Արցախի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկությունից հետո տեղափոխվել ու շարունակում են տեղափոխվել ու բնակություն հաստատել Երևանում: Հիմա ճիշտ ժամանակն է Արցախ վերադառնալու:

Վերադարձե՛ք Ձեր երեխաներով ու թոռներով, փորձե՛ք նոր շունչ հաղորդել Արցախին, իրականացրե՛ք ներդրումներ ու շենացրե՛ք Արցախը, հու՛յս տվեք Արցախում ապրող մեր հայրենակիցներին, հասկացրե՛ք Ձեր ներսի ու դրսի բոլոր մեծ ու փոքր ընկերներին, դաշնակիցների՛ն, բարեկամների՛ն, մեր թշնամիների՛ն, Ադրբեջանին հատկապես հասկացրե՛ք, որ Արցախը չի ընկել, որ Դուք Արցախի տե՛րն եք, հայրենատե՛ր եք, որ Արցախը հավերժ հայկական է եղել ու հավերժ կմնա հայկական, և Ձեզանից յուրաքանչյուրն ամեն ինչ կանի Արցախի վերածննդի համար:

Ի դեպ, սա լավագույն պատասխանը կլինի բոլորին՝ ներսում ու դրսում, լավին ու վատին, որ Արցախն ապրելու է, որ Արցախը վերականգնվելու է և շտկելու մեջքը

:Անձամբ ինքս անկեղծորեն արժանին կմատուցեմ Ձեզ յուրաքանչյուրիդ, անկախ նրանից, թե Ձեզանից յուրաքանչյուրի նկատմամբ ինչպիսի ընկալում ունեմ հիմա:Արե՛ք այդ քայլը, նո՛ր շունչ ու ոգի հաղորդեք Արցախին, նո՛ր կյանք տվեք Արցախին: Կանե՞ք…

Հ.Գ. Խորապես համոզված եմ, որ ճակատագրական այս ժամանակահատվածում բոլոր արցախցիները պետք է վերադառնան Արցախ, նաև Հադրութից տեղահանվածները, Շուշի քաղաքի մեր հայրենակիցները, իսկ մենք ազգովի պետք է կարողանանք հնարավորինս արագ նորմալ ու բարեկեցիկ պայմաններ ստեղծել նրանց համար՝ Արցախում հարատև ապրելու և Արցախը հավերժ հայկական պահելու համար…

Արցախը հնարավոր է պահել հայկական միայն ու միայն այնտեղ ապրելով: Հողը պահում են այդ հողի վրա ապրող մարդիկ: