Գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը կվերադարձվի հարկ վճարողի միասնական հաշվին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման արդյունքում անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծումն է:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի իրացման օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման նպատակով, որպես հարկման բազա, հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը:

Նախատեսվում է սահմանել, որ 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը:

Առաջարկվում է սահմանել նաև, որ մինչև 2021 թ. հունվարի 1-ը իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թ. հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների նվազագույն չափի որոշման համար հիմք է ընդունվում անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ գույքահարկով և հողի հարկով հարկման նպատակով գույքի կադաստրային արժեքը հաշվարկելու կարգը սահմանող օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված անշարժ գույքի հաշվարկային արժեքը։

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքներում առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին նոր ձևավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով՝ առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքների տրամադրման և պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաև արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում։

Բացի այդ, կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների փոխհոսքերի իրականացման ներկայիս մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ձևավորել խմբեր՝ դրանցում ներառելով բնակիչների և կազմակերպությունների։

Մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզներ կկառուցվեն ևս 10 համայնքում

Գործադիրի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն կավելացվի 51,400 հազար դրամ գումարով, որը  նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ թվով 10 համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակայման համար: Ըստ այդմ՝ 5 մսուր-մանկապարտեզ  կկառուցվի Արմավիրի մարզում, 3 մսուր-մանկապարտեզ՝ Լոռու մարզում, մեկական մսուր-մանկապարտեզներ՝ Կոտայքի և Շիրակի մարզերում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյան տեղեկացրել է, որ կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկով արդեն իսկ 1,4 մլրդ դրամ է հատկացվել 10 մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման համար:  

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է.

««Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նախընտրական ծրագրում մենք ունենք կետ, որով արձանագրել ենք՝ մինչև 2023 թվականը նախակրթարանային տարիքի երեխաների 75 տոկոսը պետք է հնարավորություն ունենա մանկապարտեզներ հաճախելու: Դուք գիտեք, որ ՀՀ-ում դա լրջագույն պրոբլեմ է և նաև կարևորագույն խնդիր երկրի զարգացման առումով: 2019 թվականից մենք սկսել ենք այս հարցի քննարկումը»: 

Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարն առանձնացրել է 4 հարց, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվել և տարվում՝ ինչպես որոշել մանկապարտեզների կառուցման աշխարհագրությունը,  ինչ տիպի շենքեր պետք է կառուցվեն, այդ կրթական հաստատությունների հետագա ֆինանսավորումը և բովանդակությունը:

«Ըստ էության, կարող ենք ասել, որ իրականացված քայլերի արդյունքում հասել ենք մի նախապատրաստական իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետությունում պատրաստ ենք մեկնարկել, թող շատ հավակնոտ չհնչի, զանգվածային մանկապարտեզաշինության և դպրոցաշինության գործընթաց:  ՀՀ-ում կա կոնսենսուս մի հարցի վերաբերյալ՝ երկրի ռազմավարական զարգացումն ապահովելու կարևորագույն նախապայմաններից մեկը կրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնելն է:

Եվ ես հիմա շատ ուրախ եմ, որ մենք նախակրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության ոլորտներում մեր ռազմավարական անելիքները որոշել ենք: Ընդ որում՝ փոխանցիկության  կապ ենք ստեղծել կրթության այս երեք շերտերի ուղղությամբ: Իհարկե, գործնական կիրառման ժամանակ չհղկվածությունների և պրոբլեմների կհանդիպենք, բայց այդտեղ սարսափելի ոչինչ չկա, կարևորն այն  է, որ մեխանիզմը գործարկված է:

Հետևաբար, մենք ավելի ու ավելի հաճախ կառավարության նիստերում կհանդիպենք մարզերում, Երևանում, քաղաքներում, գյուղերում դպրոցների և մանկապարտեզների կառուցման, նորոգման, հիմնանորոգման հետ կապված աշխատանքների իրականացման, գույքի թարմացման վերաբերյալ որոշումներ: Կարող ենք արձանագրել, որ մեր երկրի բովանդակային բարեփոխուման այս կարևորագույն մեխանիզմը գործարկված է»: 

Անդրադառնալով կրթության և գիտության ոլորում իրականացվող բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Բարձրագույն կրթությունից հետո մենք ճյուղավորումներ ունենք, որոնց շուրջ նույնպես աշխատում ենք: Մի ուղղությունը գիտությունն է, մյուսը՝ բարձր տեխնոլոգիաներն են, հաջորդը՝ մասնագիտացումն է և պատճառահետևանքային կապը աշխատանքի շուկայի հետ: Միջին մասնագիտական կրթության ոլորտում էլ շատ անելիքներ ունենք, որպեսզի գործընթացն ամբողջացնենք:

Սա ռազմավարական նշանակության նախագիծ է, որի ուղղությամբ բոլորս պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք: Ըստ էության, մենք գործ ունենք մեր երկրի բովանդակային ողնաշարի ձևավորման հետ, և իսկապես շատ կարևոր փաստ է, որ հասել ենք դրա գործնական իրագործման փուլին»:    

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը:

Տեղերը բաշխելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները համապատասխան մասնագետներով ապահովելը:

Մասնավորապես՝ 2020/2021 ուստարում ՀՀ կառավարության որոշմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է  151 տեղ, որից 85-ը (56.28 տոկսոը) տրամադրվել է բնական և տեխնիկական գիտություններին, հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 35 տեղ, որից 24-ը բնական և տեխնիկական գիտություններին,  այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 8 առկա և 3 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

Գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը կվերադարձվի հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սահմանելով, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման: Հնարավորություն կընձեռնվի նաև այդ գումարի հաշվին մարել հարկ վճարողի սոցիալական վճարի գծով պարտավորությունները: 

Ըստ հիմնավորման՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողին վերադարձնելու համար, նախ, այդ գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա փոխանցվում է վերջինիս միասնական հաշվին, որից հետո՝ միասնական հաշվում առկա գումարը հարկ վճարողին վերադարձվում է նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում:

Ստացվում է, որ հարկ վճարողի՝ մինչև 2018 թ. հունվարի 1-ը գործող օրենսդրության շրջանակներում առաջացած գերավճարի կամ  գերավճարից տարբերվող գումարի մնացորդի վերադարձման գործընթացի համար հարկ վճարողից պահանջվում է երկու անգամ հարկային մարմին ներկայացնել դիմում, որի արդյունքում անհարկի ձգձգվում է նշված գումարի վերադարձման ընթացակարգը, միաժամանակ, ավելանում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի քանակը:

Բացի այդ, խնդիր է նաև այն, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա՝ հարկ վճարողի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին չի մարվում վերջինիս սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Այդ պարտավորությունները 2018 թ. հունվարի 1-ից հետո մարվում են միայն միասնական հաշվում առկա գումարների հաշվին:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ գերավճար ունեցող հարկ վճարողների քանակը 35935 է, իսկ գերավճարի գումարը՝ 4549.3 հազար դրամ։ Ընդ որում,  գերավճար ունեցող հարկ վճարողների շուրջ 89 տոկոսը (մոտ 32000 հարկ վճարողներ) ունեն 1 դրամից մինչև 100 հազար դրամ գերավճարներ, իսկ 35 հարկ վճարողներ ունեն 10 մլն դրամից ավելի գերավճարներ, որի ընդհանուր հանրագումարը կազմում է մոտ 1.800 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել.

«Վերջին տարիներին մեր ամենակարևոր հաջողություններից մեկը համարում ենք այն, որ պետությունը, կառավարությունը հարկ վճարողների պարտքերը շատ մեծ, հսկայական քայլերով մարել է։ Քանի որ այդպիսի նշաձող ենք դրել մեզ համար, որ պետք է պետության, կառավարության ունեցած պարտքերը զրոյացնել, մենք ամեն փուլում գույքագրում ենք, թե ինչ կա և ինչ խնդիր ունենք լուծելու։

Նախկինում արդեն ասել եմ՝ նախ մենք 2018թ-ից սկսած մարել ենք այդ պարտքերը, հետո նաև օրենսդրական փոփոխությունների միջոցով այդ պարտքերի գոյացման մեխանիզմներն ենք վերացրել։ Հիմա, ըստ էության,  եկել ենք մի փուլի, երբ փորձեցինք գույքագրել, թե ի վերջո ինչ հաշվեկշիռ ունենք, և արձանագրեցինք, որ նախկինից մնացած 4 մլրդ 549 մլն դրամ գումար կա, որը, այսպես ասած, մնացել է ինչ-որ տեղ պարտք։

Եվ հիմա այսօրվա որոշման արդյունքում շուրջ 35,000 տնտեսվարողներ, որոնք նախկինում ամենատարբեր պատճառներով վճարել են ավելի գումար, քան գոյացել էր իրենց հաշվետվություններով, որպես հարկային պարտավորություն՝ այդ գումարները հետ կստանան: Այսինքն, իրենց հաշիվներին կլինեն այդ գումարները: Եթե իրենք հաշվետվություններով կներկայացնեն այնպիսի իրավիճակ, որ այս գումարների հաշվին հիմա գոյացած իրենց հարկային պարտավորությունները ուզում են մարել՝ այդ գումարով կմարեն, իսկ եթե ոչ, իրենք այդ գումարը նաև կարող են ֆիզիկապես հետ ստանալ։

Շատ կարևոր որոշում է և կրկին անգամ ուզում եմ ասել, որ սա ըստ էության կառավարության պարտքերի մարման ուղությամբ վերջին քայլն է, որը մենք պետք է անենք։ Ըստ էության,  սրանով կառավարության պարտքերը բիզնեսի նկատմամբ, ուշադրություն դարձրեք, զրոյացնում ենք։ Իհարկե, չհաշված այն մեկ ամսվա ցիկլը, որն արդեն օրենսդրությամբ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով մեկ ամսվա ընթացքում պետք է վերադարձվի: Այսինքն՝ գումարը մեկ ամսից ավելի չի կարող օտարված լինել տնտեսվարողից։ Շատ կարևոր որոշում է»։

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը. Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում արևային կայաններ կկառուցվեն 

Կառավարության որոշմամբ «Բարի արև» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է  երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում։

Արևային կայաններից երկուսը գտնվում են Արագածոտն մարզի Արագածոտն համայնքում և մեկը Գեղարքունիքի մարզ Աստղաձոր համայնքում։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ Risen Energy ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ (www.risenenergy.com), որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5 տոկոսը: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին: Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 4․7 մլրդ դրամ։ Ներդրումների մոտ 80 տոկոսն արդեն իսկ իրականացվել է, ձեռք են բերվել հողամասեր, իրականացվել է շինարարություն և կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց,  ինչպես նաև նախագծային աշխատանքներ։

Ներդրումների իրականացումը սկսվել է 2019 թ. և նախատեսվում է ավարտել սույն թվականի երրորդ եռամսյակում։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 871 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում 3 տարվա ընթացքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: 

ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգով նախատեսվում է կրճատել անկանոն և անօրինական միգրացիան

Կառավարությունը հաստատել է ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը:  Հայեցակարգով ՀՀ  կառավարությունը սահմանում է միգրացիայի կառավարման ոլորտում իր հանձնառությունները ՀՀ քաղաքացիների, հայկական սփյուռքի և միջազգային հանրության հանդեպ:

Հայեցակարգը սահմանում է ՀՀ-ում միգրացիայի կառավարման սկզբունքները, արժեքները, թիրախ խմբերը և նպատակները՝ միգրացիայի կառավարման և ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականությունների միջև փոխառնչակցությունների մեծացում, անկանոն և անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում,  սահմանների, մուտքի, ելքի և օտարերկրացիների կացության կառավարման արդյունավետության բարձրացում, միգրանտների տարբեր խմբերի իրավունքների և շահերի պաշտպանության բարելավում, միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործում և այլն: 

Միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնվող բարեփոխումները սահմանների կառավարման, փաստաթղթային անվտանգության, վերադարձի ու վերաինտեգրման, մարդկանց թրաֆիքինգի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում կնպաստեն ԵՄ-ի հետ կապերի ամրապնդմանը և ճանապարհ կհարթեն վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների համար։

Նախատեսվող բարեփոխումները նաև թույլ կտան ամրապնդել համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում՝ դյուրացնելով աշխատուժի շարժունակությունը և նպաստելով տնտեսական զարգացմանը։ Հայեցակարգը հիմք է հանդիսանալու իրենից բխող հետևյալ չորս ծրագրերի  մշակման համար՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման, միգրացիոն հոսքերի կառավարման, հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման, հայրենադարձության խթանման:

Արդյունքում կմեծանա սահմանների կառավարման արդյունավետությունը, կբարձրանա միգրանտների տարբեր խմբերի ինտեգրվածության և իրավունքների պաշտպանվածության մակարդակը, կկրճատվի անկանոն և անօրինական միգրացիան: 

Հաստատվել է Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ առաջարկվում է պայմաններ ստեղծել բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար, ինչպես նաև առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումների իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ապրելակերպն ու վարքագիծը պայմանավորում են հիվանդությունների գլոբալ բեռի ավելի քան 25 տոկոսը:

Ըստ 2017թ. տվյալների` ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմել է մոտ 80 տոկոս: Ընդհանուր մահերի կառուցվածքում առավել տարածված ՈՎՀ-ով պայմանավորված վաղաժամ մահացությունը հանրապետությունում կազմում է 18.6 տոկոս:

Մահացության, հիվանդացության և հաշմանդամության բարձր մակարդակների համար պատասխանատու հիվանդությունների (սիրտ-անոթային հիվանդություններ, նորագոյացություններ, մահվան արտաքին պատճառներ, շնչառական և մարսողական համակարգերի հիվանդություններ) զարգացման ռիսկի գլխավոր գործոնները կապված են ապրելակերպի և վնասակար վարքագծային սովորությունների հետ: 

Ծրագրով  սահմանված նպատակներին հասնելու ռազմավարական ուղղություններն են՝ առողջության ամրապնդմանը նպաստող և անառողջ սնուցման սահմանափակմանն ուղղված քաղաքականության մշակում և օրենսդրության կատարելագործում, ՈՎՀ-ով  առաջացման ռիսկի գործոնների ազդեցության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, երեխաների և դեռահասների առողջ ապրելակերպին ուղղված համալիր միջոցառումների իրականացում, առողջ ապրելակերպի զանգվածային տարածման ուղղված բարենպաստ պայմանների ստեղծում:

Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվում է առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերի ենթարկվող  անձանց թվաքանակի նվազեցում ու առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի բարձրացում, ռիսկերին ենթարկվող անձանց թվի նվազեցում` առողջ սննդի օգտագործման, ֆիզիկական ակտիվության, ծխախոտի օգտագործման և ալկոհոլի չարաշահումների վնասակարության վերաբերյալ իրազեկության բարձրացման շնորհիվ, առողջ ապրելակերպի և վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում: 

Գործադիրը երկարացրել է մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը

 Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում ի հայտ եկած որոշ խնդիրներ լուծելու նպատակով:

Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ մանկատան մի շարք շրջանավարտներ համավարակով պայմանավորված չեն կարողացել վերադառնալ Հայաստան և  հնարավորություն չեն ունեցել դիմելու բնակարանի գնման վկայագիր ստանալու համար։ Որոշմամբ առաջարկվում է բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը (հունիսի 1-ի փոխարեն), իսկ դիմումներ ընդունելու ժամկետը՝ 2021 թվականի հուլիսի 1-ը (մարտի 1-ի փոխարեն)՝ հնարավորություն տալով մանկատան շրջանավարտներին իրենց բնակարանի խնդրի լուծման համար։  

Միջոցառման շրջանակում 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել միայն 206 մանկատան շրջանավարտներ։ 

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության միջև իրավունքի գերակայության ոլորտում համագործակցության և Հայաստանում գրասենյակի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Հուշագրի կնքման դեպքում Երևանում կհիմնադրվի կազմակերպության գրասենյակ, ինչը կդյուրացնի համագործակցության աշխատանքները:

Հիմնավորման համաձայն՝ Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպությունը (IDLO) միջկառավարական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է իրավունքի գերակայության ապահովմանը։ Այս առաքելությունն իրականացնելու նպատակով այն աջակցում է մարդկանց և համայնքներին իրենց իրավունքները պաշտպանելու հարցում և տրամադրում է կառավարություններին գործնական գիտելիքներ մարդու իրավունքների ապահովման ոլորտում։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 90 երկրներում և հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դիտորդ կազմակերպություն։

Հավանության է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից (3,718,218 ԱՄՆ դոլար)  «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

Դրամաշնորհի ընդհանուր նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած անձանց տոկունության ամրապնդմանը,  հյուրընկալ համայնքներում սոցիալական համախմբվածության և զբաղվածության խթանմանը։ Նպատակն իրագործվելու է դրամաշնորհի աջակցությամբ իրականացվելիք չորս ծրագրերի միջոցով` Հայաստանում Արցախից տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ դրամական փոխանցումների, ինչպես նաև Արցախից Հայաստան ժամանած գործազուրկ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքներում ներգրավման ծրագրի և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրի իրականացման միջոցով:

Տրամադրվելիք դրամական աջակցությունը նպատակ ունի ժամանակավոր օժանդակություն ցուցաբերել տուժած ընտանիքների եկամուտների ապահովմանը` օգնելով հարթել հիմնական սպառման հետ կապված խնդիրները և աշխատանքային տարիքի տեղահանված անձանց ներգրավել աշխատաշուկայում: Վերը նշված ծրագրերը կօժանդակեն Ադրբեջանի կողմից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով տուժած Արցախի քաղաքացիներին ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ ընդունված աջակցության թիվ 1, 6, 9 և 10 ծրագրերի իրականացմանը։ Այսպիսով, ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականության ներկայիս առաջնահերթություններին և արձագանքում է հրատապ կարիքներին։

Կառավարությունը հավանություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքների սանիտարական պահպանության ոլորտում համագործակցության մասին» hամաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսված է, որ կողմերը, իրենց ազգային օրենսդրությանը և այլ իրավական ու նորմատիվ ակտերին համաձայն, կհամագործակցեն մասնակից պետությունների տարածքներում սանիտարական պահպանության միջոցառումների կազմակերպման, արտակարգ իրավիճակի հանգեցնող հիվանդությունների կանխարգելման ուղղություններով։ Բացի այդ, կողմերը կպարտավորվեն համապատասխան միջոցներ կիրառել այլ պետության տարածք բնակչության առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքատեսակների ներկրման  կանխարգելման ուղղությամբ, որի շրջանակում կապահովվի օպերատիվ փոխտեղեկատվություն։

Հավանության է արժանացել «ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Համաձայնագրի կնքումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելու և բացահայտելու, ինչպես նաև կեղծ ապրանքային նշաններ և աշխարհագրական նշումներ պարունակող ապրանքների՝ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային սահմաններով ներթափանցումը կանխարգելելու համար:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման խոչընդոտների վերացման միասնական մոտեցումների մշակման հարցում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացումը, աշխատանքային շուկայում իրականացվող միջոցառումների, ծրագրերի և ծառայությունների արդյունավետության բարձրացման ոլորտում համագործակցությունն ու փոխօգնությունը։ Համաձայնագիրը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու և աշխատանքային գործունեություն իրականացնելու ազատության իրավունքների ապահովմանը, բնակչության զբաղվածությանը և գործազրկության մակարդակի նվազեցմանը։

Այլ որոշումներ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Փոփոխությամբ առաջարկվում է երկարաձգել որոշման գործողության ժամկետը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ՀՀ  դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու ՀՀ քաղաքացու անձնագիր:

Գործադիրը որոշել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի հ.1 շենքի փլուզված 5-րդ մուտքի քանդման, ապամոնտաժման, շենքի տանիքի վերանորոգման և հենապատի կառուցման համար Երևանի համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 31,636.2 հազ. դրամ 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 950 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի տներին վտանգ սպառնացող քարաթափման տեղամասում կանխարգելիչ միջոցառումների՝ վտանգավոր ժայռաբեկորների ամրացման կամ անվտանգ իջեցման համար խորհրդատվական ծառայություններ ձեռքբերելու համար:

Հիմնավորման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի վտանգավոր ժայռաբեկորների քարաթափման վտանգը սպառնում է  համայնքի շենք-շինություններին: Քարաթափման վտանգավոր տեղամասում թվով մոտ տասը վտանգավոր ժայռաբեկորները՝ /0,5-8,0մ3/ ամրացնելու կամ անվտանգ իջեցնելու աշխատանքների համար անհրաժեշտ է ձեռք բերել խորհրդատվական ծառայություններ: