Բացվել է «Արա Հարությունյանի Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը, որը կգործի մինչև հունիսի 1-ը։

Քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանը մոնումենտալ արվեստում իր ճանապարհը սկսել և ավարտել է Կոմիտասով:
Ներկայացված աշխատանքների մեծ մասն անծանոթ է արվեստասերներին. դրանք ստեղծվել են տասնամյակների ընթացքում և տարիներ շարունակ կողք կողքի «ապրել» քանդակագործի արվեստանոցում:

Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի ոչ միայն ավարտուն աշխատանքները, այլև էսքիզները, կոմիտասյան թեմաներով գծանկարները, քանդակների տարբերակները, որոնք տեսանելի են դարձնում կերպարի ստեղծման դժվարին, երբեմն տառապալից ընթացքը՝ ուրվանկարից և գիպսե էսքիզից մինչև բրոնզե ձուլվածք՝ հնարավորություն տալով այցելուին թափանցել արվեստագետի «սրբության սրբոցը»՝ աշխատանքային լաբորատորիան:

Ցուցադրության նպատակն է առաջին անգամ մեկ հարթակում ներկայացնել Արա Հարությունյանի ողջ «կոմիտասապատումը»: Կոմիտասին նվիրված առաջին մոնումենտալ քանդակը, որն Արա Հարությունյանի դիպլոմային աշխատանքն էր, Պանթեոնում՝ Կոմիտասի շիրիմին, տեղադրվել է 1954 թվականին: Արվեստագետի՝ Կոմիտասին նվիրված վերջին մոնումենտալ աշխատանքը 1988 թվականին տեղադրվել է Երևանում՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պուրակում։

Ցուցադրության համադրողն է Մարինե Հարոյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։