Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը նշում է ծննդյան 92-ամյակը

Հայկական և համաշխարհային մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը տոնում է ծննդյան 92-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնն այսօր էլ նույն եռանդով և ոգևորությամբ շարունակում է մասնակիցը դառնալ իր իսկ մարզադպրոցի առօրյային:

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում:

1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ օղակներ վարժությունից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն՝ օղակներից։ 1955 թվականին ԳԴՀ-ում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։

1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ օղակներից։

1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։

1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ օղակներից։ 1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, ինչից հետո հանդես է եկել Կուբայում։

1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից և դարձել բացարձակ չեմպիոն: