Ոստիկանության կողմից խոշտանգումների ենթարկված Էդգար Ծատինյանի գործում կան բազմաթիվ խախտումներ․ hcav.am

2021 թվականի հունվարի 14-ին էդգար Ծատինյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու գործով տուժողի իրավահաջորդ Լարիսա Եթարյանի ներկայացուցիչ ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան։ 

2020 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Էդգար Ծատինյանի խոշտանգման ու մահվան հանգամանքները բացահայտելու գործը կարճելու վերաբերյալ փաստաբանի բողոքը։ 

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 7-ին ոստիկանության աշխատակիցները Նոր Նորքի բաժնում ծեծի են ենթարկել 37-ամյա Էդգար Ծատինյանին, թմրամիջոց կրելու մեղադրանք առաջադրելու սպառնալիքով ստիպել են խոստովանել հարևանուհու սպանությունը։ 

Նշենք, որ Էդգար Ծատինյանի մոտ բերման ենթարկելու ժամանակ թմրամիջոց չի եղել, դա հայտնվել էր նրա մոտ ոստիկանությունում՝ որպես ճնշում գործադրելու միջոց։ Էդգարին կանգնեցրել են ընտրության առաջ՝ կա՛մ սպանություն, կա՛մ թմրամիջոցի առկայություն։ 

Վախենալով քրեական պատասխանատվությունից՝ Է․ Ծատինյանը ստիպված կուլ էր տվել թմրամիջոցը, ինչի արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտոն, որտեղ ժամեր անց մահացել էր։ 

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ն. Բարսեղյանը 2020 թվականի հուլիսի 10-ին որոշում է կայացրել չիրականացնել քրական հետապնդում և կարճել քրեական գործով վարույթը։ 

Իսկ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Մարտիրոսյանը 2020 թվականի օգոստոսի 5-ին որոշմամբ մերժել է Ա․ Զալյանի բողոքը։ Այս որոշումները բողոքարկել է Ա․ Զալյանը, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ մերժել է բողոքը։ 

ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը 2021 թվականի հունվարի 14-ին որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան։ 

Գործի նախաքննության ընթացքում խախտվել են ոչ միայն ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, այլ նաև ՀՀ վավերացրած՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան, որոնք հստակ արձանագրում են՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, իսկ երբ անձը փաստարկելի պնդում է ներկայացրել այն մասին, որ ոստիկանները կամ պետության այլ ներկայացուցիչներն իր նկատմամբ ծանր վատ վերաբերմունք են ցուցաբերել, պետությունը պարտավոր է իր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովել արդյունավետ պաշտոնական քննություն: 

Ինչպես նշվում է բողոքում, սույն քրեական գործով իրականացրած նախաքննությունը չի համապատասխանում վատ վերաբերմունքի քննության միջազգային և ազգային օրենսդրության չափորոշիչներին, ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է փաստական և իրավական հիմնավորվածությունից զուրկ որոշում՝ խախտելով տուժողի իրավահաջորդի իրավունքները։ 

Ներկայացնում ենք գործի շրջանակներում առկա բազմաթիվ անճշտությունները ԱՅՍՏԵՂ