«Պնդում եմ, որ իրավապահ համակարգը ղեկավարվում է նախորդ հանցավոր ռեժիմի կարկառուն դեմքերի կողմից». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, տարբեր քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաները շարունակում են լքել Հայաստանը։ Տեղեկություն կա, որ Հայաստանում չեն նաև ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, և նրա որդին։ Արդարադատությունից խուսափել են մի շարք առանցքային նախկին պաշտոնյաներ՝ Գևորգ Կոստանյանը, Արամ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Միքայել Մինասյանը և այլք։ Ինչպե՞ս են այս անձինք անհետանում իրավապահների տեսադաշտից, ի՞նչ է կատարվում։

– Երկու տարի շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ իրավապահ համակարգը ցանկություն չունի փոխվելու, ցանկություն չունի խաղի նոր կանոններն ընդունելու։ Եվ երկու տարի անց հանրությունն ու իշխանությունները համոզվում են դրանում։ 

Ես վստահ էի, որ նախորդ հանցավոր ռեժիմին անձնվիրաբար ծառայած իրավապահ կամ արդարադատություն իրականացնող համակարգը չունի որևէ շահագրգռվածություն, իրենց հեղափոխությունը պետք չէ։ Եվ եթե չանենք շատ լուրջ զտում, բարեփոխում, ոչ թե թավշյա փոփոխություններ, այլ իրական փոփոխություններ, մենք հանգելու ենք նրան, որ որևէ նախկին պաշտոնյա, խոսքը խոշոր ձկների մասին է, չի պատժվելու։ Եվ այս դեպքերը գալիս են ապացուցելու դա։

Մենք անընդհատ դատախազի հայտարարություններն ենք լսում, որ դատախազության կողմից քննվող գործերի թիվն ավելացել է, իրենց դիմողների թիվն ավելացել է, բայց արդյունքում մենք չունենք ոչինչ։ Մենք ունենք չնչին գումար։ Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է վիճակագրություն ու ասում հետևյալը՝ մենք նախկինի համեմատ ունենք հարյուր կամ հազար անգամ ավելի բացահայտում։ Բայց իրականում վերադարձված գումարների թիվը ծիծաղելի է երկու տարի ժամանակահատվածի համար։

Մենք այսօր կարող էինք ունենալ հսկայական գումար, որը կվերադարձվեր Հայաստանի բյուջե և հնարավորություն կտար իսկապես զարգացող երկիր ունենալ, նաև այս ճգնաժամային իրավիճակում համապատասխան ծախսեր անել։ 

Ես պնդում եմ, որ իրավապահ համակարգը ղեկավարվում է նախորդ հանցավոր ռեժիմի կարկառուն դեմքերի կողմից։ Ո՛չ ես, ո՛չ դուք, ո՛չ էլ վարչապետ Փաշինյանը չգիտենք մանրամասներ քննվող գործերի մասին, չգիտենք, թե ում երբ է մեղադրանք առաջադրվելու, ում գործով երբ են մտնելու դատարան՝ կալանքի միջնորդություն ներկայացնելու։ 

Դրա մասին գիտեն բացառապես քննիչներն ու դատախազները։ Եվ եթե դրա մասին լինում է տեղեկատվության արտահոսք, և մարդիկ հասցնում են ճիշտ ժամանակին բարեհաջող հեռանալ երկրից, դա նշանակում է միայն մեկ բան՝ արդարադատություն իրականացնող մարմինները ծառայում են հանցավոր ռեժիմին։

Արդյոք իշխանության թուլությո՞ւնը չէ պատճառը, որ հեղափոխությունից երկու տարի անց այս իրավիճակն է։ Ինչո՞ւ չեն գնում այդ բարեփոխումների ճանապարհով, ինչքա՞ն կարելի է ասել, որ իրավապահ համակարգը սաբոտաժ է անում։

Այո՛, ճիշտ եք, դա հենց իշխանության թուլության հետևանք է։ Այդ անիծյալ թավիշն է պատճառը, որի մասին ես խոսում եմ երկու տարի և արժանացել եմ բազմաթիվ վիրավորանքների ու կշտամբանքների իշխանության ներկայացուցիչների կողմից։ 

Ես դեռ երկու տարի առաջ էի պնդում, որ թավիշը բերելու է նրան, որ հանցավոր ռեժիմն իր գործիքներով կարողանալու է դիրքավորվել, տեղավորվել, իր կապերը վերահաստատել, ազդեցության հնարավորությունները տարածել ու ստեղծել իրավիճակ, որ ներսից կազմաքանդելու են։ 

Երկու տարի շարունակ ասել եմ, որ եթե լինի հեղափոխության տապալում, այդ տապալումը լինելու է դատաիրավական համակարգի միջոցով։ Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ միջոցներով ու գործիքներով են դա անում, օրենքների տակ թաքնվելով՝ կարողանում են իրականացնել գործողություններ, որոնք ակնհայտորեն ուղղված են Հայաստանի Հանրապետության, ժողովրդավարության ու արդարադատության դեմ։

Իրավապահները նախկին կապե՞րն են օգտագործում, կաշա՞ռք են վերցնում նախկին պաշտոնյաներից, թե՞ այլ պատճառներով են շարունակում ծառայել նրանց։

– Ոչ մի գործոն բացառել չի կարելի՝ սկսած կաշառքներից, վերջացրած կոմպրոմատներով։ Շատերն իրավապահ մարմիններում ունեցել են «տանիք»՝ հովանավորներ։ Իրենք կարողացել են այդ հովանու ներքո ապօրինի գործունեություն ծավալել։ 

Այս նույն ԱԱԾ-ն «չի տեսել», որ մարդիկ տասնամյակներ շարունակ զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ, նրանց ընտանիքի անդամները որևէ գործունեություն չեն ծավալել, բայց ունեցել են դղյակներ, աննկարագրելի գների մեքենաներ։ 

ԱԱԾ-ում ոչ ոք «չի նկատել», թե ինչ հարսանիքներ ու ծնունդներ են իրենք կազմակերպել, արտերկրից հրավիրել են երգիչներ, որոնց մասնակցությունն այդ հանդեսներին մի քանի տասնյակ հազար դոլար արժեր։ Որևէ բան չի նկատել ԱԱԾ-ն։ Եվ այսօր, երբ շնորհակալություն են հայտնում ԱԱԾ-ին, Դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը՝ առանց լյուստրացիա անելու, առանց պարզելու, թե ով ում է ծառայում, ով ում հովանավորն է, ես կարծում եմ՝ ճակատագրական սխալ կարող է լինել։

Բայց ես կարծում եմ՝ սա այսպես չի կարող շարունակվել, որովհետև անգամ այն մարդիկ, որոնք դատաիրավական համակարգի հետ առնչություն չունեն, ակնհայտորեն իրենց դժգոհությունն են հայտնում այդ համակարգի գործունեությունից։ 

Ընդ որում, այդ մարդիկ և՛ հեղափոխության, և՛ իշխանության կողմնակից են, բայց չեն հասկանում, թե ի՛նչ է կատարվում։ Ես կարծում եմ՝ ինչ-որ պահի իշխանությունները կտրվել են իրականությունից։ Եվ գալու է այդ ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի իշխանություններին վերադարձնել իրականություն։ Նրանք տվել են խոստումներ, նրանց իշխանության են բերել՝ որոշակի ծրագրեր իրականացնելու, արդարությունը վերականգնելու համար։ Հետևաբար, նրանք ստիպված են լինելու իրենց խոստումները կատարել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am