Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում. Fip.am

Fip.am-ը գրում է.

Շուրջ մեկ տարի է, ինչ Հարավային Կովկասում գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Չնայած սկզբնական փուլում Հայաստանն աշխարհում «ամենավատ» ցուցանիշներ ունեցող երկրների շարքում էր, իսկ Վրաստանը դասվում էր «ամենաանվտանգ» երկրների թվին, մեկ տարվա ընթացքում Վրաստանը ոչ միայն «հասավ» Հայաստանին, այլ որոշ ցուցանիշներով նույնիսկ «գերազանցեց»։ 

Խոսքը, ընդ որում, վերաբերում է ոչ միայն բացարձակ թվով գրանցված դեպքերին, այլ նաև միավոր բնակչության քանակով վարակակիրների և մահացությունների թվերին։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել կորոնավիրուսի հայ-վրացական պատմությունը։

Պատմություն 

Այսպես, երբ կորոնավիրուսը հասավ Հարավային Կովկաս, Հայաստանն առաջիններից էր, որ մեծապես տուժեց վարակից։ Հայտարարված արտակարգ դրությունը չկարողացավ կանգնեցնել վարակի մեծ թափով տարածումը։ Ապրիլի 15-ին երկրում վարակակիր էր 1111 մարդ, մահերի թիվը 17 էր։ Սեպտեմբերի կեսին Հայաստանն արդեն հաղթահարել էր կորոնավիրուսի առաջին ալիքը՝ 46,119 վարակակիրներով և գրանցված 920 մահերով։ Մինչդեռ Վրաստանում ապրիլի 15-ի դրությամբ 306 վարակակիր կար, իսկ մինչև սեպտեմբեր վարակակիրների թիվը չէր անցնում 2000-ը։ Սեպտեմբերի 15-ին երկրում վարակակիր էր 2562 մարդ, մահերի թիվը՝ 19։ 

Վրաստանում կորոնավիրուսի տարածման դանդաղ տեմպերը կասկածներ էին առաջացրել Հայաստանում՝ պաշտոնյաների շրջանում, ինչը փոքրիկ «միջադեպի» պատճառ դարձավ երկու երկրների միջև։ Վարակակիրների քիչ թիվը Վրաստանին հնարավորություն տվեց հավակնություններ ներկայացնել ամռանը երկիրը զբոսաշրջիկների համար բացելու։ Շատ չանցած, սակայն, վարակի տարածման դինամիկան երկրում փոխվեց։

Հոկտեմբերից մինչ փետրվար վարակակիրների թիվը շուրջ 6․5 հազարից հասավ 266 հազարի՝ ավելանալով շուրջ 40 անգամ։ Նույն շրջանում Հայաստանում  վարակակիրների թիվը ավելացել է շուրջ 3․5 անգամ՝ 50 հազարից դառնալով մոտ 168 հազար։

Ցուցանիշները միավոր բնակչության հաշվով

Վարակի տարածման տեմպերը և երկրի վրա ունեցած ազդեցությունները համեմատելու ճշգրիտ տարբերակներից է միավոր բնակչության թվով ցուցանիշների համեմատությունը։ Այսպես, Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով գրանցված մահերի թիվը 106 է, վարակակիրներինը՝ 3147: Վրաստանում այս ցուցանիշները, համապատասխանաբար, 90 և 7142 են։

Փետրվարի 15-ի դրությամբ մեկ միլիոն բնակչի հաշվով օրական մահերի թիվը Վրաստանում շուրջ կրկնակի ավել է, քան Հայաստանում։ Ստորև ներկայացված գրաֆիկում երևում է, թե ինչպես են նոյեմբերի վերջից հետո Վրաստանում գրանցված դեպքերը սկսում գերազանցել Հայաստանում գրանցված ցուցանիշները։ 

Գրեթե նույն պատկերն ունի նաև օրական գրանցվող դեպքերի աղյուսակը։ Այս դեպքում նկատելի է դառնում, թե ինչպես, սկսած հունվարի վերջից, երկու երկրներում էլ օրական գրանցվող դեպքերի թիվը նվազում է։ Հատկանշական է, որ երկու երկրներում էլ զգալիորեն չի նվազել թեստերի քանակը։  

Հայաստանում կատարվել է 681,000 թեստավորում կամ 230,000 թեստավորում՝ մեկ միլիոն բնակչի հաշվով։ Վրաստանում թեստավորումն իրականացվում է ավելի մեծ ակտիվությամբ։ Ընդհանուր առմամբ, երկրում կատարվել է շուրջ 2․5 միլիոն թեստավորում՝ Հայաստանից մոտ եռակի անգամ ավելի։ Վրաստանի մեկ միլիոն բնակչի հաշվով թեստերի քանակը 623,000 է։

Սահմանափակումներ և պատվաստումներ

Սահմանափակումների խիստ ռեժիմի սահմանումից և որոշակի փոփոխություններից հետո Վրաստանը միայն 2021 թվականի փետրվարից որոշեց անցնել աստիճանական մեղմացումների՝ փետրվարի երկրորդ շաբաթվանից բացելով ռեստորաններն ու վերականգնելով հանրային տրանսպորտի աշխատանքը։ Միաժամանակ, կառավարությունը կրկնակի բարձրացնում է հանրային վայրերում դիմակ չկրելու համար սահմանված տուգանքը՝ 20 լարիից դարձնելով 40 լարի։ Հարկ է նշել, որ հունվարին արդեն Վրաստանում բողոքի ակցիաներ էին սկսվել սահմանափակումները երկարաձգելու որոշման դեմ։

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը փոխարինվեց կարանտինով նախորդ տարվա սեպտեմբերի 11-ին։ Մինչ այդ և դրանից հետո սահմանափակումների ռեժիմը աստիճանաբար մեղմացվում էր։ Մեղմացումները շարունակվեցին նաև հունվարի 11-ից՝ կարանտինային ռեժիմը վեց ամսով երկարաձգելու որոշման համաձայն։ Որոշումը պայմանավորված էր տարվա ընթացքում մեծ վնասներ կրած տնտեսությանը առավել մեծ վնաս չհասցնելու մտադրությամբ։

Այսպես, կորոնավիրուսի համավարակը Հայաստանում և Վրաստանում սկսվեց միաժամանակ, սակայն ի տարբերություն Հայաստանի «կայուն» դինամիկայի, Վրաստանում գրանցված առաջին և դեռևս միակ պիկը երկրում վարակակիրների թիվը զգալիորեն փոխեց։ Իսկ մասնագետները կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետներ այդպես էլ չեն կանխատեսում: