Մաքսատուրքերի զրոյացում, թեստերի փոխճանաչում. ՀՀ-ի նախաձեռնությամբ ինչ հաջող ծրագրեր են ընթանում ԵԱՏՄ-ում

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը հատկապես համավարակի շրջանում հանդես է եկել մի շարք հաջող նախաձեռնություններով՝ նպաստելով համավարակի ծանր շրջանում բժշկական նշանակության ապրանքների, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների միության երկրներ առանց մաքսատուրքի ներմուծմանը: Մեկ այլ համատեղ նախաձեռնությամբ էլ կյանքի է կոչվել Covid-19-ի թեստերի փոխճանաչման պիլոտային ծրագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի վերջին նախաձեռնությունը կապված է Եվրասիական զարգացման բանկի «Ճանապարհորդիր առանց Covid-19-ի» պիլոտային ծրագիրի հետ, որի ուղղությանբ մշակվել են թվային հավելվածը և սահմանվել են պայմանները, որոնց համաձայն՝ լաբորատորիաները կարող են տրամադրել ՊՇՌ թեստերը: Այսպիսով լուծել ենք մարդկանց ազատ տեղաշարժի, ինչպես նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ մեր լաբորատորիաների կողմից տրամադրված  արդյունքները ճանաչվում են ՌԴ-ի կողմից»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ պիլոտային նախաձեռնությանը միացել են նաև Բելառուսը և Ղազախստանը:

Այսպիսով, այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՏՄ տարածքում համավարակի ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժին՝ հնարավորինս քիչ ռիսկով:

Համավարակի տարածման սկզբնական շրջանում դեռ Հայաստանը նախաձեռնել էր բժշկական սարքավորումների, պարենային անվտանգության մաս կազմող ապրանքների ներմուծման մաքսատուրքերի զրոյացում՝ 6 ամիս ժամկետով: «Դա ևս ողջունվել է ԵԱՏՄ անդամ երկրների կողմից: Մարտի վերջից արդեն բժշկական սարքավորումների և որոշ դեղամիջոցների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել էին մինչև սեպտեմբեր, ժամկետը երկարաձգվել է մինչև մայիս: Սակայն փոփոխված որոշման մեջ նախկին 60-ի փոխարեն ներառվել է 30 ապրանք»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ ցանկում մնացել են այն ապրանքատեսակները, որոնց տեղական արտադրության հզորությունները դեռ բավարար չեն:

Սիմոնյանը հիշեցրեց, որ այդ ժամանակ որոշ ապրանքատեսակների պահանջարկը մեծ էր, դրանց տեղական արտադրություններն էլ դեռ շատ զարգացած չէին: Դիմակի, ձեռնոցի, այլ պաշտպանիչ միջոցների քիչ ծավալների պատճառով գները բարձրացել էին: «Այդ ժամանակ օդի պես պետք էր զրոյական մաքսատուրքով ապրանքատեսակներ ներմուծել, որպեսզի առաջացած բեռը հնարավորինս թուլացնեինք», – նշեց նա:

Հայաստանը համավարակի ժամանակ նախաձեռնել է նաև «Կանաչ միջանցքներ» -ի գաղափարը՝ ԵԱՏՄ երկրների համար, ինչը ենթադրում է միության մի երկրից մյուսը ապրանքների տեղափոխման ժամանակ ստուգման դյուրացված մեխանիզմներ: «Մեր պարագայում դա չափազանց անհրաժեշտ էր, քանի որ ԵԱՏՄ անդամ այլ երկրների շուկա մուտք գործելու համար անցնում ենք երրորդ երկրի տարածքով: Վերին Լարսի անցակետում էլ խնդիրներ էին առաջանում՝ պայմանավորված բեռնվածությամբ, երբեմն եղանակային պայմաններով»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ նախատեսվում է կիրառության մեջ դնել նաև նավիգացիոն կապարակնիքները, որոնց շնորհիվ առանց որևէ խնդրի կապահովվի ապրանքների տեղաշարժը Միության տարածքով:

Մանրամասները՝ այստեղ