Քրեական գործեր՝ Շիրակի մարզի 11 համայնքներում համայնքային սեփականության անշարժ գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու ապօրինի գործընթացներով

ՀՀ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է 12 քրեական գործ: Դրանք վերաբերում են, մասնավորապես մարզի Զարիշատ, Ամասիա, Ջրաձոր, Ողջի, Բավրա, Հողմիկ, Բերդաշեն, Ձորաշեն, Ցողամարգ, Զույգաղբյուր, Փոքր Սարիար համայնքների նախկին և ներկայիս ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին: 

Դրանցից մեկ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 1-ին մասի, տասը՝  ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 2-րդ մասի, իսկ  մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 3152-րդ հոդվածի հատկանիշներով: 

Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.-ից՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով մի քանի տասնյակ անգամ բարձր վճարի վարձակալության են հանձվել կապի օպերատոր հայաստանյան ընկերություններին:

Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ՝ համայնքներին զրկելով ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: 

Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 94.609.107 ՀՀ դրամի վնաս, որից մայիսի 20-ի դրությամբ վերականգնվել է 12.250.000 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: 

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա 2 քրեական գործով 2 համայնքի ղեկավար ձերբակալվել է, 6 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 4 անձի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Սակայն նկատի ունենալով, որ կասկածյալը և մեղադրյալը կամովին ամբողջությամբ կամ մասնակորեն հատուցել են համայնքին պատճառված ընդհանուր վնասը, վերջիններիս դեպքում պատրաստակամություն է հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել պատճառված վնասը մնացած մասը, տվել են խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ  ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: 

3 համայնքների պարագայում վարձակալության ապօրինի պայմանագրերը լուծվել են: 

Շիրակի մարզի  դատախազի կողմից Շիրակի մարզպետին գրություն է հասցեագրվել ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան համայնքների հետ նոր պայմանագրեր կնքելու, բաց թողնված ժամանակահատվածի համար համապատասխան ընկերությունների կողմից համայնքներին գումարները փոխանցելու, ինչպես նաև  դեռևս չլուծված պայմանագրերի առումով համայնքապատկան հողամասերը  վարձակալության տրամադրելու վերաբերյալ պայմանագրերը լուծելու գործընթաց սկսելուն, համայքների օրինական շահերի խախտումները վերացնելուն ուղղված  գործուն միջոցներ ձեռնարկելու համար: Նշված ուղղություններով տարվում են պատշաճ աշխատանքներ: 

Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։