Արցախյան պատերազմի հետևանքով 56-ամյա Կարինե Ներսիսյանի ընտանիքը հայտնվել է ծանր վիճակում։ Նրա տղան անհայտ կորած է, տղայի կնոջ առողջական վիճակն էլ վատթարացել է։
«Մենք Զանգելանից ենք՝ Քաշաթաղի շրջանից։ Երբ որ մեր սահմանապահը զորքը նահանջ տվեց, հոկտեմբերի 20-ին մենք տեղահանվեցինք: Հոկտեմբերի 21-ին քիմիկների չաստին առավոտ շուտ մտցրեցին Զանգելան, հոկտեմբերի 21-ից ես տղայիցս լուր չունեմ։
Հարսս էլ դիաբետ ունի, որ իմացանք տղայիցս խաբարություն չկա, հարսիս վիճակը ծանրացավ, 20 օր կոմայի մեջ ընկավ»,- հուզմունքով ասում է Կարինե Ներսիսյանը։
Ներսիսյանի ընտանիքը մի կողմից հայտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ամեն օր սրտատրոփ սպասում են տղայի մասին որևէ լուր, մյուս կողմից՝ հարսի առողջական վիճակն է վատ, մյուս կողմից էլ՝ ֆինանսական խնդիրները չեն հասցնում լուծել:
«Պետությունը որ 300 հազարը տվեց, դրանով կարողացանք կոմունալ ու վարձ վճարել, բայց աղջիկս մինչև հիմա չի ստացել։
Գոնե ստանայինք, հարսիս առողջականով զբաղվեինք, սպիտակուց է կորցնում, մի դեղ կա, որը 50 հազար է, եթե այդ դեղը կարողանայինք առնել, դիալիզի չէր հասնի։ Օրը մեջ դիալիզ ստանալու համար Էջմիածնից Երևան են գալիս, մենակ տաքսու փողը 6000 է կազմում։ Աչքերն էլ կուրանում են, մի աչքի օպերացիային 250 հազար դրամ փող վերցրեցին: Տղաս էլ անհետ կորած ա, դա հաշվի չառան, հիմա երկրորդը պիտի անենք, փող չունենք։ Շատ ծանր վիճակում ենք։ Երեխեքի աչքերի դիմաց իրանց մերը կուրանում ա»,- մտահոգ նշում է Ներսիսյանը։
Կարինե Ներսիսյանի հարսը՝ 26-ամյա Տաթև Արիստակեսյանն ասում է, որ շատ երջանիկ ընտանիք էին մինչև չարաբաստիկ պատերազմը: Մինչ այսօր էլ հույսով սպասում է ամուսնուն և երազում, որ առողջական վիճակը կկարգավորվի:
«Ես իմ կյանքից շատ եմ սիրել ամուսնուս, հույս ունեմ, որ գալու ա, ես միշտ սպասում եմ։ Մենք շատ երջանիկ ու ուրախ ընտանիք էինք մինչև էս չարաբաստիկ պահը, միշտ լավ ենք եղել՝ քչով բավարարվող, ամեն ինչով ուրախացող»,- հուզմունքով ասում է Տաթևը և ցավով նշում, որ ամուսնու անհետ կորելուց հետո առողջական վիճակն էլ կտրուկ վատացել է, բայց գումար չկա, որ կարողանան բուժումն իրականացնել:
«Եթե «Ալբումին» դեղը ստանայի, դիալիզի չէի գնա, շատ ծանր է, բայց այդ դեղը թանկ է, ամսվա մեջ չորս անգամ գոնե պետք է ստանայի, որը 200 հազար դրամ է կազմում»։
Կարինե Ներսիսյանը պատմում է, որ Արցախում տուն-տեղ ունեին, աշխատանք, բիզնես էին սկսել, իսկ հիմա հայտնվել են անելանելի վիճակում:
«Մինչ պատերազմը լավ էր, հողեր ունեինք, տղաս էլ տուն ուներ, մենք էլ ունեինք, անասուն ունեինք, հողամաս, մոյկա ունեինք, ստեղծեցինք ամեն ինչ, հետո դատարկ փախանք»,- ասում է Ներսիսյանը։
Ներսիսյանը նշում է, որ չգիտի՝ ինչ է սպասում իրենց ապագայում։ Այժմ սարսափելի մտածմունքների մեջ է:
«Երեխեքի հետ որ լինում եմ, պահի տակ մոռանում եմ, որ տղես չկա, բայց որ միտս ա գալիս՝ 30 տարեկան, մինուճար տղես, շատ ծանր ա։ ԴՆԹ անալիզ եմ տվել, պատասխան չկա, ո՛չ գիտենք գերի ա, ո՛չ գիտենք չկա, խանգարված վիճակ է»։
Ասում է, որ Արցախ վերադառնալ ևս չեն պատկերացնում:
«էն որ ասում էին՝ լո՛ւյսն անջատեք, մի՛ վառեք, պատուհանները փակեք, էդ վախը, ես էլ կյանքում էնտեղ չեմ գնա։ բայց էստեղ էլ տուն չունենք, վարձով ենք ապրում, եթե գոնե օգնեն, տան հարցը շատ կարևոր է»,- ասում է Կարինե Ներսիսյանը։
Արփինե Արզումանյան
MediaLab.am