Մարիա Կարապետյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին միանալ իրենց և Ադրբեջանի իշխանություններից պահանջել վերադարձնել հայ զինվորներին և խաղաղ բնակիչներին

Փետրվարի 24-26-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային առցանց վեհաժողովի նիստը, որի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը երկու ելույթ է ունեցել: Նա իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է ելույթները, որոնցից մեկը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի գործընկերներ,Ձեր էկրաններին դուք տեսնում եք փոստային նամականիշի լուսանկար, որն արտադրվել է Ադրբեջանում 2020 թվականին: Նամականիշի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի տարածքում ախտահանման աշխատանքներ կատարող մասնագետ: Այս նամականիշը տեսնողի մտքում ուրիշ ի՛նչ մեկնաբանություն է գալիս, բացի այն, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պատկերվում են որպես արմատախիլ անելու ենթակա վիրուս:

Այս նամականիշն ըստ էության պատկերում է Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ողջ ողբերգությունը «Քովիդ» համավարակի ֆոնին:Ես ուզում եմ օգտագործել այս նիստում ինձ տրված շատ կարճ ժամանակը և հստակ գործողության կոչ անել, որը թույլ կտա մեզ` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներիս նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նոյեմբերի 9-ին դադարեցվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը: Այս պահի դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը կազմում է մոտ 3500 մարդ: Նրանցից շատերը 18 տարեկան զինվորներ էին: Դուք կարող եք կռահել, որ նույն քանակի կամ նույնիսկ ավելի մեծ թվով զոհեր ունի Ադրբեջանը, քանի որ պատերազմի ժամանակ հարձակվող կողմը միշտ ավելի շատ կյանքեր է կորցնում:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության եկան փոխանակել իրենց պահման տակ գտնվող բոլոր զինվորներին և քաղաքացիական անձանց: Սակայն այսօր տասնյակ հայեր դեռ գտնվում են Ադրբեջանում գերության մեջ, այդ թվում ՝ 56 հոգուց բաղկացած զինվորների մի խումբ, որը գերի էր ընկել պատերազմի ավարտից հետո:

Ադրբեջանի պատգամավորները պնդում են, թե նրանք ահաբեկիչներ են: Դա արվում է երկու նպատակով: Առաջին` օգտագործել գերիներին որպես դաժան լծակ Հայաստանի դեմ: Երկրորդ՝ հայելային մեղադրանք առաջադրել` պատերազմում կռվելու համար Սիրիայից Ադրբեջան տեղափոխված օտարերկրյա ահաբեկչական մարտիկների փաստը կոծկելու համար: Սա շատ նման է «ցեղասպանություն ցեղասպանության համար» հայելային մեղադրանքին:

Հայաստանում պահվող օտարերկրյա ահաբեկիչները Ադրբեջանի քաղաքացիներ չեն: Նրանք սիրիացի են, խոսում են արաբերեն, և Ադրբեջանն իհարկե չի ցանկանում, որ նրանք ետ վերադառնան: Այնինչ մենք ցանկանում ենք մեր զինվորներին ու քաղաքացիական անձանց: Նրանք ահաբեկիչներ չեն: Եվ ես ձեզ եմ դիմում ՝ միանալու և Ադրբեջանի իշխանություններից պահանջելու վերադարձնել մեր զինվորներին և խաղաղ բնակիչներին»:

Այս տարվա փետրվարի 24-26-ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ձմեռային առցանց վեհաժողովի նիստի ժամանակ երկու ելույթներիս…

Posted by Maria Karapetyan / Մարիա Կարապետյան on Tuesday, March 2, 2021